Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայաստանում արդարադատություն գոյություն չունի. պնդում են մասնագետները (տեսանյութեր)

«Հայաստանում արդարադատություն գոյություն չունի . պատճառը ոչ միայն համակարգում աշխատողների թերացումն է, այլև քաղաքացիների անտեղյակությունը սեփական իրավունքների և պարտականությունների մասին»,-  հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պետության կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը` անդրադառնալով Արդարադատության միջազգային օրվան և հայկական արդարադատությանը:

 

Ըստ նրա`  բացի այն, որ Հայաստանում արդարադատություն չկա, անհայտ է նաև ՀՀ Արդարադատության նախարարության գործունեությունը և գործառույթները:

Սեփական օրինակով բանախոսն ապացուցում է, որ Հայաստանում քաղաքացիները շատ քիչ դեպքերում են հասնում արդարադատության և իրենց խախտված իրավունքների վերականգնման:

«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիգորյանի խոսքով` Հայաստանում կան լավագույն օրենքները, սակայն չկա դրանց կիրառումը: Ըստ նրա` արդարադատությունը պետք է դիտարկել  նախ որպես արժեք, ապա որպես գործառույթ: Ա. Գրիգորյանի պնդմամբ` արժեքի և գործառույթի համադրման դեպքում կարելի է հասնել արդարադատության. «Որևէ օրենք հնարավոր չէ կիրառել, եթե դուրս ենք գալիս բարոյական նորմերից, ինչն հանգեցնում է որոշակի արժեքային համակարգի բացակայության»:

Նրա համոզմամբ` Հայասատանում արդարադատություն իրականացնում են իշխանությունները, որոնց նկատմամբ հանրությունը վստահություն և հավատ չունի. «հետևաբար ինչ արդարադատության մասին է խոսքը»,- ասաց Ա. Գրիգորյանը և հավելեց, որ ՀՀ Սահմանադրությունը խախտվում է ամեն օր, քանի որ հասարակությունում բացակայում է այն արժեքային համակարգը, որը կստիպի պահպանել և կիրառել գրված օրենքը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ անդամ-հետազոտող Հայկ Թադևոսյանի կարծիքով` արդարադատությունը պետք է հստակորեն տարանջատվի իշխանություններից, ինչը Հայաստանում բացառձակապես չի գործում: «Հայ հասարակության լայն շրջանակներ համոզված են, որ դատական համակարգը սերտաճած է քաղաքական իշխանությունների հետ, հետևաբար դատական որոշումները կայացվում են հենց քաղաքական իշխանությունների կողմից կամ նրանց անմիջական վերահսկողությամբ»,- նշեց Հ. Թադևոսյանը:

Նա ներկայացնելով վերջին տարիների սոցիալական հարցումների արդյունքները նշեց, որ բնակչության միայն 17 տոկոսն է վստահում դատական համակարգին, իսկ 60 տոկոսը` ընդհանրապես չի վստահում:

Հ. Թադևոսյանի կարծիքով` Հայաստանում արդարադատության հասնելու համար պարտադիր պայման է քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումը: 

Թեմային անդրադարձավ նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով նշեց, որ ամեն ինչ չպետք է բարդել արդարադատության համակարգի վրա, որովհետև քաղաքացիները ևս մեղավոր են: Նրա պնդմամբ` դեռ դպրոցական տարիքից երեխաներին պետք է սովորեցնել լինել կիրթ քաղաքացի, ով կիմանա իր իրավունքներն ու պարտականությունները և կկարողանա պաշտպանել դրանք համապատասխան ատյաններում.  «Մինչ արդարադատության համակարգի փնովումը պետք է փոխենք ինքներս մեզ, քանի որ արդարադատության նախարարությունում աշխատում են մեզ նման և մեր մեջից դուրս եկած մարդիկ»,- ասաց Ա. Ադիբեկյանը և հավելեց, որ քանի դեռ հայ ժողովուրդը հույսը դնում է ծանոթների և կաշառքի վրա, ապա ներկայիս արդարադատության համակարգը կմնա նույնը:

Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ արդարադատության և արդարության հասնելու հայ մարդու ձգտումը ոչ միայն ազգային բնավորության գիծ է, այլև անհատի դաստիարակության և գիտակցության հարց. «Շատ կարևոր է նախադպրոցական տարիքից սկսել անհատի դաստիարակությունը և ձևավորումը որպես քաղաքացի, որպեսզի հետագայում արդարադատության համակարգում ընդգրկվելիս այդ անհատները տվյալ կառույցի գործառույթն իրականացնեն պատշաճ կերպով»,- ասաց նա:

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 

18.07.15 | քաղաքականություն | քաղաքականություն