Հայաստանում աղքատների թիվն ու կառավարության խոստումը

Հայաստանի ներկայիս կառավարությունը խոստանում է մինչև 2022 թվականը ապահովել երկրում աղքատության կրճատում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով։ Դա նշանակում է, որ եթե այսօր մեր երկրում աղքատ է ամեն երրորդ բնակիչը, ապա առաջիկա տարիներին պետք է աղքատ լինի ամեն հինգերորդը։ Սակայն, միևնույն ժամանակ, կանխատեսվում է ոչ բարձր տնտեսական աճ։

 

Աղքատություն. ինչ ունենք այսօր

 

Հայաստանում աղքատության մակարդակը հաշվարկում է Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։  Օգտագործվում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը։ Աղքատ է համարվում նա, ում ամսական սպառումը չի գերազանցում 41 հազ. 698 դրամը։

 

Մեր բնակչության 29.8%-ը, աղքատության մակարդակի վերջին գնահատումներով (2015թ.), համարվում  է աղքատ։ Մշտական բնակչության ցուցանիշի հաշվով նրանց թիվը կազմում է մոտ 900 հազար մարդ։

 

Ընդ որում,  նշված 29.8%-ից 8.4%-ը շատ աղքատ են, 2%-ն էլ՝ ծայրահեղ աղքատ։ Շատ աղքատների ամսական սպառումը  34  հազ. 234 դրամից քիչ է, ծայրահեղ աղքատներինը՝ 24 հազ. 109 դրամից։  

 

Թեև նախորդող տարվա համեմատ  աղքատության մակարդակը որոշակիորեն նվազել է, սակայն այն դեռևս ավելի բարձր է, քան 2008 թվականին էր։  

 

Տնտեսական աճը, աղքատների թիվն ու կառավարության խոստումը

 

Երկրում աղքատների թիվը կրճատելու ամենապարզ բանաձևը տնտեսական առողջ աճն է։ Վերևում գտնվող ինֆոգրաֆիկայում աղքատության մակարդակի ու տնտեսական աճի համեմատությունն է, որը ցույց է տալիս, որ մեր երկրում առնվազն 2008 թվականից սկսած չի ապահովվել այնպիսի աճ, որ աղքատության մակարդակը զգալի նվազի։

 

Աղքատության մակարդակի վերաբերյալ վիճծառայության զեկույցում կարդում ենք, որ 2015թ.-ին Հայաստանի տնտեսության աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 3%-ով (ճշգրտված տվյալներով՝ 3.2%,- հեղ.), ինչը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար։  Այսինքն՝ մեզ հարկավոր է տնտեսական աճի ավելի բարձր տեմպ։ Այս առումով առնվազն հակասական են թվում այսօրվա կառավարության վերջերս հրապարկված ծրագրում ներկայացված ցուցանիշները։ Այն ծրագրում, որը ինքը՝ կառավարությունը, համարում է կյանքի որակը լավացնող։

 

Բանն այն է, որ ծրագրով նախատեսված է 2017-2022 թվականների ընթացքում աղքատության մակարդակը կրճատել 12 տոկոսային կետով։ Ավելի պարզ՝ ներկայիս 29.8%-ից դարձնել 17.8%։ Սա իսկապես գրավիչ ցուցանիշ է։ Սակայն նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների հետ. գործադիրը առաջիկա տարիների համար խոստանում է տարեկան միջինը 5% տնտեսական աճ։

 

Իհարկե, 12 տոկոսային կետը հինգ տարվա համար շատ բարձր սանդղակ չէ, եթե հաշվենք, որ տարեկան միջինում 2.4 տոկոսային կետով աղքատությունը նվազեցնելով՝ կարելի է նման արդյունքի հասնել։ Սակայն, եթե ուշադրություն դարձնեք ինֆոգրաֆիկային, կտեսնեք, որ 2008թ.-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է 2012 թվականին՝ 7.2%։ Իսկ աղքատությունն այդ տարի կրճատվել է ընդամենը 2.6 տոկոսային կետով։  

 

Այլ խոսքով, տարեկան ընդամենը 5% տնտեսական աճով աղքատության կրճատման մասին խոստումների իրականացումը կասկածելի է։ Դրանք իրականացնելու համար կառավարությունը պետք է ոչ թե 5%, այլ ավելի բարձր տնտեսական աճ ապահովի։ Ընդ որում, դա պետք է լինի առողջ աճ, որը կբերի աշխատավարձերի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսամակարդակի բարձրացմանը և այլն։ Այլապես, այդ խոստումն էլ կմնա թղթի վրա, ինչպես նախորդներինը։

 

Նախորդների չկատարված խոստումները

 

Աղքատության բարձր մակարդակը եղել է Հայաստանի կառավարությունների ամենաառանցքային մարտահրավերներից մեկը։ Բայց այն, ինչպես տեսնում ենք, այդպես էլ չի հաղթահարվել։ Աղքատների թիվը կրճատելու խոստումներ տվել են իշխանության գրեթե բոլոր դեմքերը՝ նախագահը, վարչապետը, պատգամավորները և այլք։

 

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր 2008-2012թթ. ծրագրով խոստացավ «աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11.2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ»։ Սակայն, փաստացի 2008-ին աղքատության մակարդակը 27.6% էր, 2012-ին՝ 32.4%:  Այդ ընթացքում հայաստանյան տնտեսության բոլոր ձախողումները «բարդվեցին» համաշխարհային տնտեսական ճգնաժամի վրա։

 

Իսկ 2012-2017թթ. ծրագրով, կրկին Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարությունը խոստացավ «աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով»։ Տ. Սարգսյանը 2014թ.-ի ապրիլից լքեց վարչապետի պաշտոնը։  

 

Այս պաշտոնը զբաղեցրեց Հովիկ Աբրահամյանը։ 2014-2017թթ. ծրագրով Կառավարությունը խոստացավ «աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»:  Այդ ժամանակ աղքատության մակարդակը 32% էր։ Հովիկ Աբրահամյանն էլ այս պաշտոնը լքեց 2016թ.-ի սեպտեմբերին։ 2015թ.-ի տվյալներով աղքատ է բնակչության 29.8%-ը։

 

hetq.am

 

 

28.06.17 | քաղաքականություն | մոդա