Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

 







Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ բարեկամ Կարեն Կարապետյանին: Ուրախ եմ, որ այսօր  հնարավորություն ունեցանք  քննարկել մի շարք  հարցեր մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ: Մենք կկարողանանք ձևավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի  հետագա զարգացման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք  հայտնել  շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով և նպաստել սերտ համագործակցությունը  երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի  պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ  2017 թվականը կարևորվում է  նրանով, որ այս տարի նշվում է  երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջև  բարեկամական հարաբերությունները և կառուցել փոխշահավետ համագործակցություն: Ընթացիկ տարվա ապրիլին  Հայաստանում  անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և մենք  համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան: 

Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առևտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Քննարկել   ենք    տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի  և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ  անդրադարձել  ենք  տարածաշրջանում առկա մարտահրավերներին և  ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում:  

ՀՀ  վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում  ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և   խրախուսելու ենք  մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը: 

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Վրաստան այցելելու համար: Կարծում եմ, որ այս պաշտոնական այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Շնորհակալություն:  

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Շնորհակալ եմ հարգելի վարչապետ: Ցանկանում եմ մեր պատվիրակության անունից  շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ջերմ՝ բոլոր առումներով, և՛ առարկայական զրույցի, և՛  արևոտ եղանակի: Ինչպես նշեց իմ գործընկերը, եղել է շատ առարկայական զրույց  բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքիր են  երկու երկրներին: Մենք պայմանավորվել ենք նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին: Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, և վստահ եմ, որ այստեղ մենք ունենք  մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի  երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և  հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն: Օգտվելով առիթից, կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և պատիվ ունեմ պաշտոնական այցով իմ գործընկերոջը հրավիրել Երևան՝ իրեն հարմար ժամանակ, որպեսզի այն նոր ներուժը, որն  այսօր դրվում է մեր հարաբերությունների  հիմքում՝ կարողանանք զարգացնել: Համոզված եմ, որ ունենք շատ հետաքրքիր հնարավորություններ:         

 

 

23.02.17 | քաղաքականություն