Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կասկածներ է առաջացրել կառավարության լրջության և աշխատունակության վերաբերյալ

 






 

Այսօր EU-ASIA BFC («Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն») հոլդինգի նախագահությունը` ի դեմս դոկտոր Աշոտ Գրիգորյանի, «Նաիրիտ»-ի խնդրի առնչությամբ Սլովակիայից նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն Գրիգորյանը հրապարակման նպատակով «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնին տրամադրեց ՀՀ վարչապետին ուղղված վերոնշյալ նամակը, որն ամբողջությամբ ու թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը.

 

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն վարչապետ

Օգոստոսի սկզբին տեղի ունեցավ EU-Asia Business Finance Center Holding-ի և NAIRIT-EU կոնսորցիումի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ Նաիրիտ քիմիական կոմբինատի վերականգնման առնչությամբ։ Հանդիպման ընթացքում հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ամենասեղմ ժամկետներում ստորագրել Արձանագրություն մտադրությունների մասին, որը հնարավորություն կտար հոլդինգի մասնագետներին, ինչպես նաև աուդիտային անկախ ընկերության մասնագետներին անցկացնել կոմբինատի տեխնիկական աուդիտ և հետագայում ձեռնամուխ լինել գործարանի վերականգնման ծրագրի իրականացմանը։

Արդեն անցել է գրեթե մեկ ամիս, և համաձայնեցված մտադրությունների մասին Արձանագրությունն առ այսօր ստորագրված չէ Ձեր կողմից։ Քանի որ նման ձգձգումը տարակուսանք է առաջացնում հոլդինգի անդամների մոտ և առաջ քաշում Հայաստանի Հանրապետության կառավարության լրջության և աշխատունակության հարցը, բացատրություն ենք պահանջում Ձեզանից, թե ինչու մինչ օրս չեք ստորագրել Արձանագրությունը մտադրությունների մասին, որը հոլդինգը ստորագրել է դեռևս օգոստոսի 11-ին։

Նույնպիսի իրավիճակ էր դիտարկվում տենդեր հայտարարելուց հետո, երբ կառավարությունը ոչ միայն չտեղեկացրեց մեզ տենդերի արդյունքների մասին, այլև նույնիսկ չներկայացրեց տենդերային առաջարկությունների բացման արձանագրությունը։

Գործելով նման ձևով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը վանում է ներդրողներին և երկրում ստեղծում ներդրողական անբարենպաստ կլիմա։

Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար պահանջում ենք հստակ ու յուրաժամկետ կատարել ձեռք բերված պայմանավորվածություններն և ամենայն օժանդակություն ցուցաբերել հոլդինգին` Նաիրիտ քիմիական կոմբինատի վերականգնման գործում, ինչն անչափ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վերածնման վրա։

Հարգանքով`

EU-ASIA BFC հոլդինգի նախագահություն

Դոկտոր Ա.Գրիգորյան»

 

31.08.17 | քաղաքականություն | ֆուտբոլ