Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ

 





 

 

Հարգելի նախարար, ըստ մի շարք մասնագետների, գիտնականների, բնապահպանների (նրանց թվում նաև` քիմիկոս- ճարտարագետ, արդյունաբերական ջրերի մաքրման տեխնոլոգիաների մասնագետ, տվյալ բնագավառում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող, ցիանիդից և ծանր մետաղներից ոսկի մշակող ընկերությունների արդյունաբերական ջրերի մաքրումն իրականացրած ամերիկյան ընկերության հիմնադիր Հարութ Բրոնոզյանի (http://nt.am/am/news/241579/ ), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի /http://nt.am/am/news/242056/,  http://nt.am/am/news/240211/ /), Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը լինելով սուլֆիդային, դառնալու է հարյուրավոր տարիներ ծծմբական թթու արտադրող հսկայական գեներատոր:

Դարձյալ ըստ վերոնշյալ և այլ գիտնականների, հսկայական ծավալի անձրևաջրերը, ձյան հալոցքի ջրերը, հանքարդյունահանման, արտադրական գործընթացում օգտագործվող ջրերը բուն հանքի տարածքում նույնպես ռեակցիայի մեջ մտնելով Ամուլսարի սուլֆիդային հանքի ապարների հետ, առաջացնելու են ծծմբական թթու, որից հետո թթվային այդ ջրերն իրենց մեջ լուծելով հանքավայրի փշրված ապարների մեջ առկա ուրանը, այլ ծանր մետաղներն ու մյուս թունավոր նյութերը, հանքավայրի ճաքճքված ապարների ճեղքերով ներծծվելու և խառնվելու են ընդերքի ջրերին, որոնք ստորին մակերեսների տարբեր հատվածներում ելքեր ունեն, այդ թվում նաև` տարածքում գտնվող և Որոտան ու Արփա գետեր լցվող վտակների աղբյուրների տեսքով: Վերը նշվածի հետևանքով թունավորված ջրերն Արփա գետով հասնելու են Կեչուտի ջրամբար, ապա Արփա- Սևան ջրատար թունելով` Սևանա լիճ (եթե ոչ այսօր, ապա վաղը):

Բացի վերը նշվածից, գիտնականների և բնապահպանների տեղեկացմամբ, Արփայի հովտի ներքևի գյուղերի մոտ 80 տոկոսն իրենց խաղողի այգիները` հայտնի արենու և այլն, ջրում են Արփայի ջրով, որի թունավորման և ռադիոակտիվ աղտոտման հետևանքով լրջորեն վտանգվելու է մեր խաղողագործության ու գինեգործության վաղեմի ու հռչակավոր կենտրոնի ապագան: Ավելին. Ամուլսարի հանքի շահագործման դեպքում երկու գետավազան` Արփայի հովիտն ու Որոտանի հովիտը, կանգնելու են աղետի առջև:

Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, Ամուլսարի հանքավայրում ծծմբային միացությունները թեև զգալի չափով օքսիդացված են, առաջացած են ժանգ, տարբեր, այսպես կոչված, երկրորդային միներալներ, սակայն դրանք կատալիզատորի դեր են կատարում: Ինչպես նկարագրված է մի շարք գիտական աշխատանքներում, երկաթի օքսիդներն իրենք, իրենց հերթին, դառնում են կատալիզատոր և ավելի արագ են օքսիդացնում եղած սուլֆիդները, որոնք դեռ չեն օքսիդացել, հետևաբար քանի որ այնտեղ, մասնագետների հավաստմամբ, կան սուլֆիդներ և այդ հանքավայրի ապարներն էլ են սուլֆիդացված, սկսվելու է ավելի արագ օքսիդացման գործընթաց և ծծմբական թթվի գոյացում:

Ավելին. ըստ հիշյալ գիտնականի, ընկերության ՇՄԱԳ հաշվետվության անգլերեն տարբերակում Ամուլսարի ոսկու հանքի «Էրատո» տեղամասի վերաբերյալ նշված է, որ խորը հորիզոններում հայտնաբերել են սուլֆատներ, իսկ սուլֆատները, ինչպես հայտնի է մասնագետներին, իրենք էլ լուծվում են ջրում (ընդ որում, ավելի հեշտ, քան սուլֆիդները) և ավելի արագ են առաջացնում ծծմբական թթու, քան սուլֆիդները:

Թթվային դրենաժի հետևանքով առաջանալիք ծծմբաթթու պարունակող ջրերի մի մասը, նույն գիտնականի տեղեկացմամբ, անմիջական շփում ունենալով Սպանդարյան-Կեչուտ ստորգետնյա թունելի հետ` նախատեսված Սպանդարյանի ջրամբարի ջուրը դեպի Կեչուտի ջրամբար տեղափոխելու համար, քայքայելու է Սպանդարյան-Կեչուտ թունելը, մինչ այդ ու դրանից հետո քայքայված, այս կամ այն չափով քանդված թունելով հոսելու է դեպի Կեչուտի ջրամբար, իսկ եթե դրանից հետո փորձ արվի Կեչուտի ջրամբարի ջրերը տեղափոխել Սևանա լիճ, ապա այնտեղ գնալու է թթու ջուր՝ ժամանակի ընթացքում հավանաբար քայքայելով նաև Արփա-Սևան թունելը:

Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) տեղեկացմամբ, «Լիդիան Արմենիա» (նախկինում` «Գեոթիմ») ընկերությունը գովազդելով հայտնել է, որ 700 000 դոլարի փոխհատուցում է պատրաստ տրամադրել՝ բնությանը վնաս պատճառելու դիմաց, մինչդեռ ԱՄՆ-ում թթվային դրենաժի պատճառով գետի աղտոտված ընդամենը 27 կիլոմետրանոց մի հատվածի վերականգնման համար ծախսվել է 210 միլիոն դոլար, որը, սակայն, հիմնախնդիրը դեռ չի լուծել, միլիարդներ են անհրաժեշտ, ավելին` խոսքը որոշ դեպքերում անվերադարձ կորստի մասին է, հնարավոր չէ գումարներ ծախսելով, նախկին վիճակը նույնությամբ վերականգնել: Ըստ ՀԲՃ-ի, մոտ 6 երկիր, որոնց մի մասը` եվրոպական, արգելել են աղքատ ոսկու հանքավայրերից, ինչպիսին Ամուլսարի ոսկու հանքավայրն է, ցիանիդով ոսկու արդյունահանումը:

Նկատի ունենալով վերը նշվածը, լրագրողական հետաքննության շրջանակում համապատասխան հոդվածների շարքի պատրաստման նպատակով խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում պատասխանել հետևյալ հարցերին.

1. ՀՀ բնապահպանության նախարարությունն ունի՞ վերը շարադրված փաստարկների հակափաստարկները (գիտականորեն հիմնավորված հերքումները), եթե այո, խնդրում ենք դրանք վերոնշյալ փաստարկներից յուրաքանչյուրի համար ներկայացնել առանձին-առանձին:

2. «Նոյյան Տապան» լրատվական կայքի 2016թ. դեկտեմբերի 30-ի «ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան» (http://nt.am/am/news/232005/ ), 2017թ. հուլիսի 21-ի «Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…» (http://nt.am/am/news/242056/ ), 2017թ. հուլիսի 26-ի «Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը»  (http://nt.am/am/news/242250/), 2017թ. ապրիլի 5-ի «Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները» (http://nt.am/am/news/236836/ ), 2017թ. օգոստոսի 23-ի «Միջազգային փորձագիտական ընկերությունների համատեղ գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է. ՀԲՃ» (http://nt.am/am/news/243341/ ) վերտառությամբ հրապարակումներում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բերված, հիշյալ հանքի շահագործման վտանգավորությունը, վնասակարությունը և անթույլատրելի լինելն ապացուցող փաստարկներից յուրաքանչյուր անընդունելի փաստարկի համար (իհարկե, եթե կան այդպիսիք) ի՞նչ հակափաստարկ ունեք (խնդրում ենք ներկայացնել առանձին-առանձին):

3. Նկատի ունենալով այն, որ՝

Ա) «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից «Լեզվի մասին» ՀՀ օրենքով Հայաստանում պետական պաշտոնական գրագրության լեզու հանդիսացող հայերենով փորձաքննության ներկայացված ու ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննության ենթարկված «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փաստաթղթում (այսուհետ՝ ՇՄԱԳ հաշվետվությունում), ինչպես նաև նշված հաշվետվության վերաբերյալ հիշյալ ՊՈԱԿ-ի տված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացությունում նշված չէ բուն հանքի տարածքում թթվային դրենաժի առաջացման վտանգի (չկառավարվող ռիսկի) մասին, տվյալ վտանգը թաքցված է և փորձաքննված չէ (եթե նշված ու փորձաքննված է, խնդրում ենք մատնանշել ՇՄԱԳ հաշվետվության ու փորձագետի եզրակացության համապատասխան էջերը),

Բ) հիշյալ հաշվետվության և եզրակացության մեջ «թթվային դրենաժ» եզրն ընդհանրապես չկա, դիտարկված չէ այն խնդիրը, որ սուլֆիդային հանքանյութի ու սուլֆիդացված ապարների հետ անձրևաջրերի, ձյան հալոցքաջրերի և հանքավայրի շահագործման ընթացքում օգտագործվող ջրերի ռեակցիայի հետևանքով հանքավայրում ծծմբաթթու պարունակող թթվային լուծույթ է առաջանալու,

Գ) վերոնշյալ խնդրին անդրադարձ կա ոչ թե բուն հանքի տարածքում առաջանալիք ծծմբաթթու պարունակող թթվային լուծույթի, այլ միայն այն ապարների առնչությամբ, որոնք դուրս են հանվելու հանքից (ի տարբերություն բուն հանքում թթվային դրենաժի հետևանքով առաջանալիք ծծմբաթթու պարունակող ջրերի, դուրս հանվելիք ապարներից առաջացող թթվային վտանգավոր ջրերը հավաքելու տեխնիկական լուծում կա),

Դ) ՇՄԱԳ հաշվետվությունում և հիշյալ ՊՈԱԿ-ի եզրակացությունում բուն հանքի տարածքում թթվային դրենաժի առաջացման վտանգի մասին տեղեկատվության, թթվային դրենաժի կարգավորման որևէ առաջարկի բացակայության ու թթվային դրենաժի առաջացման վտանգի փորձաքննված չլինելու պայմաններում թթվային դրենաժի (չկառավարվող ռիսկի) առաջացման իրական հեռանկարը էկոլոգիական նոր երևան եկած հանգամանք է,

մտադի՞ր եք ուժը կորցրած ճանաչել տվյալ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ տրված էկոլոգիական փորձաքննության դրական եզրակացությունը ու դիմել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն` «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրված հանքավայրի շահագործման իրավունքի դադարեցման համար, եթե ոչ, ինչո՞ւ (խնդրում ենք հիմնավորել վերոնշյալ գործողությունները չկատարելը):

4. Ձեզ կամ ՀՀ բնապահպանության նախարարությանը հայտնի՞ է արդյոք, թե մոտավորապես քանի՞ տոննա կամ լիտր և ի՞նչ խտության ծծմբաթթու կառաջանա Ամուլսարի ոսկու հանքավայրի ապարների հետագա օքսիդացումից, ի՞նչ ծավալի ծծմբական թթու պարունակող ջրեր կառաջանան արդեն մարդկային ներազդեցությունից հետո:

5. Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում միաժամանակ առավելագույնը քանի՞ տոննա կամ կիլոգրամ ամոնալ կարելի է պայթեցնել, ընդհանրապես սահմանվա՞ծ է միաժամանակ պայթեցման համար թույլատրելի ամոնալի առավելագույն զանգվածը, եթե այո, ապա ո՞ր փաստաթղթով (խնդրում ենք տրամադրել տվյալ փաստաթղթի հղումը կամ պատճենը, եթե այն բաց աղբյուրներում չկա):

6. Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում ամոնալի առավելագույն թույլատրելի զանգվածի պայթեցման դեպքում հարվածային ալիքը պայթյունի էպիկենտրոնից առավելագույնը քանի՞ կիլոմետր շառավղով կարող է տարածվել և ի՞նչ հզորություն (էներգետիկ բնութագիր) կունենա պայթյունի էպիկենտրոնից 10, 25 և 30 կմ հեռավորությունների վրա («Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրները, Արմեն Սաղաթելյանի տեղեկացմամբ /http://nt.am/am/news/242056//, Ամուլսարից ընդամենը մոտ 10 կիլոմետր են հեռու):

7. Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում տարեկան մոտ 200 000 տոննա ամոնալի պայթեցման կամ միաժամանակ պայթեցման համար թույլատրելի ամոնալի առավելագույն զանգվածի պայթեցման հետևանքով ընդերքում կարո՞ղ է առաջանալ ռեզոնանս, եթե այո, ապա այն պայթյունի էպիկենտրոնից առավելագույնը քանի՞ կիլոմետր շառավղով կարող է տարածվել, եթե ոչ, խնդրում ենք հիմնավորել ձեր պատասխանը:

8. Կա՞ երաշխիք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում տարեկան մոտ 200 000 տոննա ամոնալի կամ միաժամանակ պայթեցման համար թույլատրելի ամոնալի առավելագույն զանգվածի պայթեցման հետևանքով «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրները կամ, թեկուզ, դրանց մի մասը չի կորի (անհետանա) պայթյունից առաջացած հարվածային ալիքի և (կամ) հնարավոր ռեզոնանսային երևույթների պատճառով:

9. Կա՞ երաշխիք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում տարեկան մոտ 200 000 տոննա ամոնալի կամ միաժամանակ պայթեցման համար թույլատրելի ամոնալի առավելագույն զանգվածի պայթեցման հետևանքով առաջացող հարվածային ալիքի և (կամ) հնարավոր ռեզոնանսային երևույթների պատճառով «Ջերմուկ» հանքային ջրի բաղադրությունը չի փոխվի (դրանում չի հայտնվի հանքային նոր տարր, եղած տարրերից որևէ մեկը չի անհետանա, կամ չի փոխվի հանքային տարրերի այն բաղադրությունն ու հարաբերակցությունը, որով տվյալ հանքային ջուրը ճանաչված ու գրանցված է որպես բուժիչ հատկություններ ունեցող «Ջերմուկ» հանքային ջուր):

10. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում ծանր ու թունավոր մետաղներ, դրանց թվում նաև ուրան պարունակող (նշված տարրերը հանքաքարում ոսկու պարունակությանը մի քանի անգամ գերազանցում են) հսկայական զանգվածի փոշին առաջանալու է ոչ միայն ջարդիչ սարքավորմամբ հանքաքարի ջարդման, մանրացման, այլ նաև բուն հանքում ամոնալի միջոցով հզոր պայթյունների հետևանքով, որի ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, հնարավոր չէ ջրի փոշեցրմամբ փոշու նստեցումը (ըստ ոլորտի երկարամյա և փորձառու մասնագետ Ենգիբար Արսենյանի, պայթեցումներից առաջացող հսկայական զանգվածի փոշին հանքի տարածքում նստեցնելու հնարավորություն, տեխնոլոգիա հայտնի չէ, դա ուղղակի անհնար է), համոզվա՞ծ եք արդյոք, որ նշված փոշու գերակշիռ մասն ամոնալի միաժամանակ պայթեցման համար թույլատրելի առավելագույն զանգվածի պայթեցման դեպքում հանքից իսկապես մինչև 1 կիլոմետր շառավղով է տարածվելու, ինչպես ներկայացված է «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունում (որքան տեղյակ ենք, հաշվի առնելով միայն հանքաքարի ջարդման, մանրացման ու տեղափոխման ժամանակ առաջանալիք փոշին), եթե համոզված եք, խնդրում ենք ներկայացնել Ձեր համոզմունքի հիմքը կամ հիմքերը:

11. «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունում, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացությունում հանքից փոշու գերակշիռ մասի տարածման հեռավորությունը ներկայացնելով մինչև 1 կմ շառավղի սահմաններում, հաշվի առնվե՞լ է արդյոք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրից քիչ հեռու Կեչուբեկ կիրճն է, որտեղ, հանքարդյունաբերության անվտանգության հարցերով մասնագետ, ժամանակին ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության պոչային տնտեսության անվտանգ շահագործման հանձնաժողովի անդամ Ենգիբար Արսենյանի (ի դեպ, Գնդեվազ գյուղում ծնված, երկար տարիներ տվյալ վայրում բնակված) տեղեկացմամբ (http://nt.am/am/news/242420/), քամիների վարդ (խումբ) կա, քամիների պարսերը կիրճում միանում են իրար, ձևավորվում է ուժեղ քամի` վայրկյանում մինչև 25 մետր արագության, որը գրեթե ամբողջ տարին փչում է Ջերմուկի, այնտեղի` Ամուլսարից ընդամենը 5-9 կիլոմետր հեռու գտնվող գյուղերի, տարածքում առկա արոտավայրերի կողմ, ինչի հետևանքով ծանր, թունավոր և ռադիոակտիվ մետաղներ պարունակող փոշին ավելի մեծ տարածում կունենա` վտանգելով այդ տարածքում ապրող մարդկանց առողջությունը: Ամուլսարին շրջակա տարածքում, ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի (http://nt.am/am/news/241338/ ), «ամբողջովին վտանգված են անասնապահությունը և անասնապահական արտադրանքը (կաթնամթերքներ և այլն)»:

12. «Lydian International» («Լիդիան Ինթերնեյշնլ») օֆշորային ընկերության («Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատիրոջ) պատվերով աշխատանքներ կատարած և Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ իր եզրակացությունը կամ հաշվետվությունը տված «Սամուել ինժեներինգ» ընկերությունը կամ նշված ընկերության փորձագետները ջրի հաշվեկշռի, երկրաքիմիական ուսումնասիրությունների հետ կապված մասնագիտական հետազոտությունների արդյունքներ ներկայացրե՞լ են, եթե այո, խնդրում ենք տրամադրել նշված արդյունքներն արտահայտող փաստաթղթի պատճենը կամ հղումը:

13. Ուսումնասիրվա՞ծ է արդյոք, թե ջրերի մաքրման պասիվ կայանը որքանո՞վ կչեզոքացնի Ամուլսարում բուն հանքի տարածքից դուրս հանված հանքաքարից թթվային դրենաժի հետևանքով ջրերում առաջանալիք ծծմբաթթուն: 

14. Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն ի՞նչ վնասնե՞ր կպատճառի Ջերմուկ առողջարանային քաղաքին, նրա բնակիչներին, հանգստացող հյուրերին, ի՞նչ վտանգներ է ներկայացնում նրանց համար, հանքի շահագործումից հետո Ջերմուկն այլևս կլինի՞ առողջարանային քաղաք, չեն բացառվի կամ նվազի հանգստացողների և զբոսաշրջիկների այցելություններն այնտեղ:

15. «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրների համար սանիտարական 3-րդ գոտի հանդիսացող տարածքում գտնվող Ամուլսարի հանքավայրի շահագործումը ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ՞:

16. Ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի, Արփա գետը, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները հանդիսանում են Սևանա լճի ջրհավաք ավազան, որտեղ ընդհանրապես արգելված է հանքարդյունահանումը և ջրերի աղտոտումը, ինչպես նաև կենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունը: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությանը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացություն տալով, հետագայում նաև դրա հիման վրա հանքարդյունահանման թույլտվություն տալով, ինչո՞ւ վերոնշյալ հանգամանքը հաշվի չի առնվել:

17. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ կառավարությունը պետք է ընդունի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկա, որը, սակայն, մինչև այժմ ընդունված չէ: Առանց նշված մեթոդիկայի առկայության, ինչպե՞ս է կատարվել ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, և ի՞նչ հիմնավորմամբ իրավական ուժ ունի վերոնշյալ փորձաքննության արդյունքում տրված 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացությունը: 

18. Ամուլսարի հանքից ոչ հեռու գոյություն ունեն երկու ջրամբար` Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, որոնք ունեն պատնեշներ: Ընդհանրապես ուսումնասիրվա՞ծ է, թե պայթեցումները և թթվային միջավայրն ի՞նչ ազդեցություններ կունենան նշված պատնեշների վրա, այսինքն` այդ առումով տեխնիկական ուսումնասիրություն կատարվա՞ծ է և պաշտոնական ո՞ր փաստաթղթում են  արտահայտված տվյալ ուսումնասիրության արդյունքները (խնդրում ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթի պատճենը կամ հղումը):

19. Ինչպե՞ս է Ամուլսարի ոսկու հանքի հարևանությամբ ստեղծվելու «Ջերմուկ» ազգային պարկ, որի և որի բուֆերային գոտու սահմանները շատ մոտ են գտնվելու Ամուլսարի ոսկու հանքին, ազգային պարկին այդքան մոտ հանքի շահագործումը նոնսենս չե՞ք համարում:

20. «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած  ՇՄԱԳ հաշվետվությանը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացություն տալը չի՞ հակասում «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ հողային օրենսգրքի 21-րդ և այլ հոդվածների, ՀՀ ջրային օրենսգրքի 104-րդ և այլ հոդվածների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և այլ հոդվածների պահանջներին:

 

Ծանոթագրություններ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է 4 խորանարդ մետր ապարներ քանդի-հանի, մի կողմ դնի, որպեսզի 1 տոննա ոսկեբեր հանքաքար հանի: Տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու համար, ընկերությունը պետք է պայթեցման եղանակով ավելի քան 40 մլն տոննա դատարկ ապարներ հանի, ինչի համար հազարավոր տոննաներ ամոնալ պետք է պայթեցնի (1 տոննա հանելու համար` 3-4 կիլոգրամ ամոնալ): Ստացվում է, որ միայն 1 տարվա ընթացքում հանքից ավելի քան 50 միլիոն տոննա ապարներ հանելու համար մոտ 200 միլիոն կիլոգրամ կամ 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու (http://nt.am/am/news/242420/ ):

Այսպիսի եղանակով շահագործվող ոսկու և այլ մետաղների բացհանքերում ջուր փոշեցրելով փոշին ծանրացնելու և նստեցնելու տեխնոլոգիան, վերոնշյալ մասնագետի` Ենգիբար Արսենյանի տեղեկացմամբ (http://nt.am/am/news/242420/ ), առաջացող փոշու հսկայական զանգվածի պատճառով գործնականում իրեն չի արդարացնում, թեև ամեն տեղ էլ կիրառում են այն կամ պարտավոր են կիրառել:

 

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն 

Հիմնադիր-տնօրեն Տիգրան Հարությունյան

 

Հանրային նախաձեռնությունների խորհուրդ

 

25.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն