Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյա հոբելյանը կնշվի ոչ սովորական ձևով

 

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը 80 տարեկան է: Հոբելյանական համերգը նախատեսված է դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

 

Ինչպես դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, 80-ամյա ակադեմիական երգչախումբ ունենալը հպարտություն է ցանկացած հայի համար: 

 

Ըստ նրա՝ հայությունը պետք է հպարտանա ոչ միայն երգչախմբով, այլև այդ երգչախումբը փառահեղ կերպով ղեկավարող Ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանով: 

 

«Վաղն օպերային դահլիճի բեմում մենք կնշենք այդ հոբելյանական երեկոն հետաքրքիր համերգային ծրագրով, որի շրջանակներում կհնչեն հայ հոգևոր երաժշտություն, իսկ երկրորդ հատվածում՝ համաշխարհային դասական ստեղծագործություններ»,- տեղեկացրեց Ա. Ամիրյանը՝ շեշտելով, որ համերգի ռեժիսորը Երվանդ Ղազաչյանն է, ով մինիմալիստական ոճում հետաքրքիր լուծումներ է գտել: 

 

Իր հերթին Ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն ընդգծեց, որ նշանակալից հոբելյանը ոչ սովորական ձևով կնշվի: 

 

«Ինձ բախտ է վիճակվել 67 տարի ղեկավարել այս երգչախումբը, որն այդ ընթացքում ունեցել է 866 արտասահմանյան համերգ, կատարել 27 լեզվով երգեր»,- նշեց մաեստրոն՝ հիշեցնելով, որ երգչախումբն իր գործունեությունն սկսել է 43 անդամով, իսկ հետո շատ արագ ու հաստատուն քայլերով առաջ գնացել՝ երգիչների թիվը հասցնելով 100-ի: 

 

Հ. Չեքիջյանի խոսքերով՝ աշխարհի 180 քաղաքներում համերգներով հանդես եկած երգչախումբը Հայաստան է վերադարձել հաղթանակներով, իսկ հաջողության գրավականը երգչախմբի ներսում առկա ստեղծագործական առողջ մթնոլորտն է: 

 

«Խմբի ուսերին մեծ ծանրություն է դրված, որովհետև այն պետական է, և բոլորի աչքերը մեր վրա են, բայց փառք Աստծո, որ կարողացանք պատվով դուրս գալ: Մեզ լսեց օտար ունկընդիրը և հասկացավ, թե ինչ բան է Կոմիտասը և խմբերգային երգը հայերեն»,- փաստեց նա՝ շեշտելով, որ Կոմիտասին մեկնաբանելու համար պետք է շատ խորն ուսումնասիրել նրա ստեղծագործությունները: 

 

Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով համաշխարհային համբավ ձեռք բերած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երգացանկը հարուստ է նաև Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, Բեթհովենի, Չայկովսկու և ուրիշների ստեղծագործություններով:

 

88-ամյա մաեստրոն լրագրողների հետ կիսվեց իր հիշողություններով, մասնավորապես, նշելով. 

«Ես հրավեր ստացա Մոսկվայում աշխատելու, բայց այդ թվականներին Մոսկվան մռայլ տպավորություններ թողեց ինձ վրա, ուստի ցանկացա գալ Երևան: Երբ Երևան եկա, ոչ մեկի չէի ճանաչում, բայց և այնպես 1961 թվականի սեպտեմբերի 4-ին մրցույթի մասնակցեցի, հաղթեցի, որից հետո եղավ հրաման, որը մինչ օրս ուժի մեջ է: Հիասթափության օրեր շատ են եղել, սակայն մութ ու ցուրտ տարիներին մի օր չեմ բացակայել և ժողովրդիս մենակ չեմ թողել՝ չնայած ունեցած բազմաթիվ հնարավորություններին»: 

 

Լրագրողի այն հարցին, թե այսօր ինչ երազանքներ ունի 88-ամյա մաեստրոն, Հ. Չեքիջյանը պատասխանեց, որ իր ղեկավարած երգչախումբը չի եղել Կանադայում, Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում, և լավ կլիներ, որ այդ երկրներում նույնպես համերգներ ունենային: 

 

Անդրադառնալով երգչախմբի առջև իր կողմից դրված պահանջներին՝ բազմամյա փորձ ունեցող մաեստրոն առանձնացրեց կարևոր սկզբունք, որն այս տարիների ընթացքում երբևէ չի խախատվել, այն է՝ ամեն ինչ պետք է լինի իր տեղում: 

 

 

 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

04.12.17 | քաղաքականություն | աստղերը քաղաքականություն