Հայաստանից գնացած հայերը խելքի բերեցին ամպերի մեջ ապրող հարուստ սփյուռքահայերին

Լրագրի  զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը

 

Արդեն մի քանի ամիս է՝ վարչապետը կոչ է անում սփյուռքիգործարարներին գալ ու ներդրումներ անել Հայաստանումբայց սայլը տեղից չի շարժվում և նույնիսկ այդ նպատակովստեղծված ակումբը կյանքի չի կոչվում։ Ձեր կարծիքով՝ինչու դա տեղի չի ունենում։

 

Ես Հայաստանում ստեղծված իրավիճակը աղետալի եմ համարում, որովհետև վիճակն աղետալի էր մինչև Կարեն Կարապետյանի գալը։ Նա ինքն էլ ասաց՝ չունեմ կախարդական փայտիկ, որ կարողանամ այդ ամենը միանգամից անել։ Կարեն Կարապետյանն ունի երկու հնարավորություն՝ ձերբակալել 85-90 տոկոս հանցագործ սկզբունքներով շարժվող խավին, մնացածին էլ պայմանական պատիժ տան, ասենք տնային կալանք, այսինքն՝ նա պետք է 100 տոկոսով իշխանափոխություն անի, որպեսզի ինչ-որ փոփոխություններ լինեն։ Եթե Կարեն Կարապետյանը ղեկավարում է մի կազմակերպություն, որը ենթարկվում է Սերժ Սարգսյանին, նա ոչինչ չի կարող անել։ Եթե նա ուզում է փոփոխություն անել, պետք է ձերբակալի բոլոր հանցագործներին։ Հանցագործների հետ ինչպիսի՞ փոփոխություններ է պատրաստվում անել։ Ասելու է՝ էլ հանցագործություն չանե՞ս, ասենք, ԱԳ նախարարին ասելու է՝ հանցագործին էլ դիվանագիտական անձնագիր չտա՞ս, թե՞ ԱԳ նախարարին դատի։ Նա պետք է դատի տա ԱԳ նախարարին, որ անձնագիր է տրամադրում հանցագործին։ Եթե Կարեն Կարապետյանը գոնե չի կարողանում Էդվարդ Նալբանդյանին աշխատանքից հեռացնել այդ անձնագիրը տալու համար, հետևաբար ի՞նչ փոփոխությունների մասին կարելի է խոսել։ Դա բացառվում է։ Եթե ամբողջ  կլանային համակարգը պատկանում է Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանն ի՞նչ կարող անել, ոչինչ։ Միայն խոստումներ է տալիս, ժամանակ  շահում։ Իրեն չեն թողնում աշխատել և չեն էլ թողնելու։ Իմ կարծիքով, այդ մարդը կրակն է ընկել՝ համաձայնելով Հայաստան գալ, քանի որ կլանը պատկանում է ոչ թե կառավարությանը, այլ անձամբ նախագահին։ Հիմա Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանին գահընկեց կանի, կամ ինքը կթողնի կգնա, երրորդ տարբերակ չկա։

 

Իսկ ո՞րն է ավելի հավանական, որ կթողնի կգնա՞, հատկապես, որ խոսվում է, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետի հավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է։

 

Ես վախենում եմ, որ Հայաստանը չդիմանա որպես պետություն մինչև 2018-ի ապրիլ։ Այստեղ արդեն Հայաստան պետության լինել-չլինելու հարցն է, ոչ թե Սերժ Սարգսյանի։ Պետությունը գնում է դեպի գաղութացում, արդեն գաղութացրել են, մնում է վերջին ստորագրությունը դնեն։ Ուղղակի ժամանակ են շահում չգիտեմ ինչի համար։ Երևի իրենց ֆինանսական հարցերն են դեռ լուծում։ Հակասությունները նրանց միջև չեն կարող սրվել, որովհետև ամբողջ Հայաստանի Հանրապետությունն օկուպացված է Սերժ Սարգսյանի ԿԳԲ-ի միջոցով։ Ով ԿԳԲ-ից չէ, նա ոչինչ է և ոչինչ չի կարող անել, իսկ ով ԿԳԲ-ից է, նա անպարտելի է։ Սա է սկզբունքը։ Պետությունը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի գրպանում, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչինչ չի կարող անել առանց Սերժ Սարգսյանի համաձայնության։ Նալբանդյանն էլ ենթարկվում է ոչ թե վարչապետին, այլ Պուտինին, և Կարեն Կարապետյանը ինչպես կարող է արտաքին հարաբերություններ ստեղծել։ Եվ այս առումով Կարեն Կարապետյանի պաշտոնը ինչ-որ տեղ ձևական նշանակություն ունի:

 

Ինչո՞ւ է սփյուռքը անտարբեր կառավարության կոչերին։ Անտարբերությո՞ւն կա, թե անվստահության խնդիր է, որ ներդրումներ չեն անում։

 

Անտարբերություն չկա Հայաստանի նկատմամբ, անտարբերություն կա ՀՀ կառավարության և իշխանությունների հանդեպ, որովհետև չնայած դաշնակներին հատուկ մտցրեցին կոալիցիա, որպեսզի նրանց միջոցով սփյուռքահայերը վստահեն կառավարությանը, բայց մարդիկ արդեն դաշնակներին էլ չեն վստահում։ ՀՅԴ-ին հատուկ տվեցին նախարարական պորտֆելներ, որպեսզի այդ փողի աղբյուրից շարունակեն օգտվել, բայց սփյուռքն արդեն փոփոխության է ենթարկվել։ Հայաստանից գնացած հայերը խելքի բերեցին ամպերի մեջ ապրող հարուստ սփյուռքահայերին, որ հայրենիքի անունը լսելիս աչքերը լցվում էին։ Հայրենիք անունը լսելիս աչքերը լցնելը լավ բան է, բայց իրականություն գոյություն ունի։ Հայաստանից գնացած և սփյուռք դարձած մեր հայրենակիցները բացեցին դասական սփյուռքի աչքերը Հայաստանում կատարվող թալանի, կազմակերպված հանցագործության վրա։ Այն պատմությունը, որ հանցագործ Ռոբսոնին Հայաստանի դիվանագիտական անձնագիր են տվել, շատ մեծ հարված էր բոլորիս, մեծ խայտառակություն էր։ Հայաստանում շատ կարճ տևեց այդ պատմության թողած հետքը, թվում է՝ անցավ, բայց չէ, դա մեծ հետք թողեց, որի համար ԱԳ նախարարը չհեռացվեց պաշտոնից, ինչը նշանակում է, որ բոլորը համամիտ էին այդ հանցագործին անձնագիր տալուն։ Փաստացի, պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանը ղեկավարվում է հանցագործների միջոցով։ Ոչ միայն լիսկաները ներսում, այլև ռոբսոնները դրսում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը։

 

Եթե ծանրամարտիկը, չունենալով ոչ մի կրթություն, դառնում է դեսպան, եթե հանցագործը կարողանում է ձեռք բերել դիվանագիտական անձնագիր, սա շատ բանի մասին է խոսում։ Նորմալ երկրում, եթե դու մի լուսանկար ունենաս հանցագործին բարևելիս կամ նրա հետ ճաշելիս, դու չես կարող ունենալ որևէ տեսակի կարիերա, առաջընթաց։ Իսկ այս դեպքում հանցագործը ներկայանում է դիվանագիտական անձնագրով, դուք հասկանո՞ւմ եք դրա թողած ծանր հետևանքը։ Երևի չեն հասկանում, անգամ մարդիկ կան, որ արդարացնում են, ասելով՝ վայ, այդ հանցագործն այնքան լավ բաներ է արել։ Հանցագործը երբեք չի կարող լավ բան անել որևէ մեկի, անգամ իր ընտանիքի համար։

 

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ընդդիմադիր բևեռ ձևավորել և երկրում թավշյա հեղափոխություն իրականացնել։ Որքանո՞վ է սա  հավանական, երբ ընդդիմադիր ուժերից գրեթե ոչ մեկը չարձագանքեց միավորվելու նրա կոչին։ Եվ ինչո՞ւ չարձագանքեցին։

 

Գիտեք, հայերը տարբերվում են այլ ազգերից։ Մենք արյունախում չենք, մենք մտածող ենք, և իմ խորին համոզմամբ հեղափոխություն երբեք չի եղել և չի լինի։ Օրինակ Ռուսաստանում բոլշևիկներն ու սպիտակներն իրար մորթեցին, հայերը երբեք նման բան չեն արել իրենց պատմության մեջ ու չեն անի։ Մարտի 1–ի դեպքերն էլ, իմ խորին համոզմամբ, նույնիսկ այն դահիճ հայերը, իրենց հոգու խորքում ափսոսում են, որ ենթարկվեցին Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և կրակեցին ժողովրդի վրա։ Հայաստանում եղբայրասպան գործողությունների երբեք չեն գնա։

 

Ի՞նչ հաջողվեց Կարեն Կարապետյանին այս գրեթե մեկ տարվա ընթացքում։ Շոշափելի փոփոխություններ ձե կարծիքով կա՞ն, թե ոչ։

 

Ես կհավատայի Կարեն Կարապետյանին, եթե ասենք Լֆիկ Սամոն, Նեմեց Ռուբոն ու նմանները հեռացվեին դաշտից։ Եթե նա եկել է նույն ձևով ղեկավարելու այդ կառույցը, որտեղ հանցագործները տիրել են իրավիճակին, նա ի՞նչ պետք է քանի։ Եթե հանցակազմը չի հեռացվում և նույն հանցակազմով նոր գաղափարներ են քննարկվում, ապա կներեք, դա անհնար է։ Նախ դու հեռացրու հանցակազմը կամ բանտ ուղարկիր, կամ թոշակի ուղարկիր, կամ հարկադիր աքսորի, ինչպես օրինակ Պուտինն աքսորեց մի քանի օլիգարխների, գնացին Անգլիա, մահացան։ Թող գնան որտեղ ուզում են իրենց միլիարդները ուտեն, բայց ազատվիր նրանցից։ Հիմա, Կարեն Կարապետյան, կարո՞ղ ես ազատվել հանցագործներից, ապա ինչ-որ բան կկարողանաս անել, բայց ես չեմ տեսնում, որ որևէ հանցագործ Հայաստանը լքել է կամ ճաղերի հետևում է հայտնվել։

 

Վիգեն, այս օրերին Ղարաբաղում ընթանում է տարիներ առաջ Ձեր նախաձեռնած քանդակների միջազգային սիմպոզիումը։ Դուք չկաք, ինչո՞ւ։

 

Այո, ես Շուշիի քանդակագործության միջազգային սիմպոզիումի հիմնադիր նախագահն էի և Բերձորի դեպքերից հետո ձեր լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո Արցախի մշակույթի  նախարարությունը, առանց զգուշացնելու, հեռացրեց, և այս օրերին տեղի է ունենում 5-րդ սիմպոզիումը արդեն առանց հիմնադրի մասնակցության։

 

10.07.17 | քաղաքականություն