Հայաստանը սկսել է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել

 

 

Տարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից  ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։ 

 

Արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաև դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Դա հնարավոր է դարձել փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեյշոնալ Էներջի» կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագրի կնքման արդյունքում, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։ 

Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 

Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչև տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։ 

 

Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ 

 

 Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին

27.09.17 | քաղաքականություն