Կստեղծվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով

 

 

 

Կառավարությունը համաձայնություն է տվել   «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Համաձայնագիրը մշակվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կանոնակարգման նպատակով: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար հատվածի ակտիվությունը:  Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով:  

 

 

Այլ որոշումներ

 

 

ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, ազատ գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով հիմնադրվել է ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը: Ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը՝ փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ծառայությանը հատկացնելով այլ տարածք: 

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչության փորձագետներին փորձաքննություններ և հետազոտություններ կատարելու իրավունքի շնորհման համար վերապատրաստում անցնելու ընթացակարգերը կանոնակարգելու նպատակով: 

Հավանության է արժանացել  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագիծը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է այն քաղաքացիների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, ովքեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում: Կառավարությունը,  կիսելով հեղինակների մտահոգությունը, առաջարկում է խմբագրել ներկայացված օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով մի շարք  մոտեցումներ: 

 

26.10.17 | քաղաքականություն