Կիոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնության հաղթողները կմասնակցեն հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

 

Երևանում անցկացվեց Կիոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությունը: 

«Միկա» մարզահամալիրում կայացած լայնածավալ ստուգատեսին մասնակցեցին ավելի քան 300 մարզիկներ Հայաստանից, Արցախից, հարևան Վրաստանից, Իրանից, ինչպես նաև Ռուսաստանից: 

 

Առաջնությունը մեկնարկեց ցուցադրական մարտերով: 

 

Կիոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս առաջնության հաղթողները՝ 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մարզիկները մասնակցելու են հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 

 

«Կուզենայի նաև նշել, որ 2017 թվականին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ընդունվեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից և դարձավ ինքնուրույն մարզաձև»,- նշեց ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: 

 

Նրա փոխանցմամբ՝ ֆեդերացիայի պաշտոնական ճանաչումը ենթադրում է նաև պետական ֆինանսական աջակցություն շուրջ 2 մլն դրամի չափով, որը մարզաձևը զարգացնելու նպատակով կտրամադրվի 2018 թվականից: 

 

«Նշանակվելուս օրվանից միշտ ասել եմ, որ այն ֆեդերացիաները, որոնք կհամապատասխանեն մեր կարգերին, այսինքն՝ չորս կետ կա, որը պետք է իրականացվի, անպայման կընդգրկվեն պետական ծրագրի մեջ՝ ճանաչվելով ինքնուրույն մարզաձև»,- նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ընդգծելով, որ կիոկուշին մարզաձևում  նշյալ ֆեդերացիան միակն է, որը ճանաչվել է պետության կողմից: 

 

Նախարարի խոսքերով՝ այսուհետ կիոկուշին մարզաձևում Հայաստանի բաց առաջնության հաղթողները կհամարվեն չեմպիոն և կստանան միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնելու իրավունք: 

 

Արդեն 12 տարի գործող ֆեդերացիան, մասնակցելով մի շարք միջազգային մրցաշարերի, ընդհանուր առամամբ նվաճել է 112 ոսկե, 91 արծաթե և 109 բրոնզե մեդալ: 

 

Չդնելով տարիքային սահմանափակում և սեռային տարբերակում՝ Երևանում, Հայաստանի մարզերում և Արցախում մարզվող ավելի քան 3 հազար տղաների և աղջիկների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները: 

 

Ի դեպ՝ 16 տարեկանից բարձր  բոլոր մարզիկները ֆեդերացիայում մարզվում են անվճար: 

 

 

 

 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

30.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն