Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են բլոգեր Լապշինին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին:

 

ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է նրա կինը` Եկատերինան:

 

«Սաշան առողջ է և «ապրում է» նորմալ պայմաններում: Առանց հարևանների: Ամենակարևորն այն է, որ նրա ոգին չի լքել իրեն և ի տարբերություն այն օրվա, երբ նա ժամանել էր Բաքու, վերականգնվել է նրա լավատեսությունը: Դա հիանալի է, քանի որ միայն այդպես է հնարավոր վերապրել այդ ամբողջ անհեթեթությունը»,- նշել է նա:

 

Եկատերինան տեղեկացրել է, որ ներկայում գլխավոր դատախազությունը նրան արգելել է զանգեր կատարել, սակայն ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտնել են, որ, հավանաբար, շուտով այդ արգելքը կհանվի:

 

Լապշինի կինը հայտնել է նաև, որ հետաքննության ընթացքը գաղտնի է պահվում:

 

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

 

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

 

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

 

 

 

23.02.17 | քաղաքականություն