Կասկածյալների փախուստը կանխել են մի խումբ անչափահասներ. պարզվում են բնակարանային գողության փորձի հանգամանքները.ՀՔԾ

2017 թվականի փետրվարի 21-ին Նոր Նորքի բնակչուհի  Ն.Արշակյանից ահազանգ է ստացվել, որ շենքի մուտքում գող են բռնել: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ  «դեմքի քիմիական այրվածքներ»ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Թոթովենց փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով հայտնել է, որ այրվածքներն ստացել է նշված հասցեում անհայտ անձանց կողմից գողություն կատարելու ժամանակ:

 

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 21.02.2017թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ գողությունը կանխվել է բնակիչների, իսկ կասկածյալների փախուստը՝ մի քանի անչափահասների կողմից։ 

Նախաքննության ընթացքում որպես տուժող է ճանաչվել փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով ներկայացրել է երկու կասկածյալների կողմից իր բնակարանից գողություն կատարելու դեպքի հանգամանքները: 

Հարցաքննվել են նաև կասկածյալների փախուստը կանխած անչափահաս վկաները։

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 

տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժին

 

22.02.17 | քաղաքականություն