Կայացել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի տարեկան հաշվետվություն-քննարկումը

 

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն-քննարկմանը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ստեղծմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկներում ներդրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված արդյունավետ մեխանիզմ՝ կատարված աշխատանքների արդյունքները գնահատելու և առկա խնդիրները վերհանելու նպատակով:

 

Հաշվետվության ընթացքում դիտորդական խմբի անդամները ներկայացրել են 2016 թվականին իրենց կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարված 94 այցելությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ բողոքների առաջնահերթություններով: Ըստ այդմ՝ առողջապահության 48.3%, քրեական գործի ընթացքի 9%, հացադուլի 5.6%, պահման պայմանների 6.2%, անկախ հանձնաժողովի որոշումների 3.9%, սնունդի 3.4%, ինքնավնասման դեպքերի 3.4% և անվտանգության 2.8%:  

Նախընտրելով խոսել Ոչ թե կանենք, այլ արել ենք սկզբունքով՝ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ դիտորդական խմբի ներկայացրած տվյալները ևս փաստում են, որ քրեակատարողական համակարգի ուղղությամբ Կառավարության քայլերը թիրախային են եղել, և 48,3% բողոքներ գրանցած առողջապահության ուղղությամբ արդեն իսկ կատարվել են հսկայածավալ աշխատանքներ: Այն է՝ 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասեր ապահովվել են առողջության առաջնային պահպանման նորագույն սարքավորումներով և բժշկական վերապատրաստում են անցել բժշկական և ոչ բժշկական անձնակազմի 800 աշխատակիցներ: 11 քրեակատարողական հիմնարկներում կատարվել են պահման խցերի և տեսակցության սենյակների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Արևային էներգիայի կիրառմամբ և ջերմամեկուսացման աշխատանքների միջոցով քրեակատարողական հիմնարկներում ներդրվել են էներգախնայող արդյունավետ համակարգեր: 

Սուրեն Քրմոյանը կարևորել է նաև քրեակատարողական համակարգի բարելավման նպատակով 2018-2038 թվականների 20-ամյա ռազմավարության ծրագիրը, որը ներկայացված է հանրային քննարկման www.e-draft.am հարթակում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Քրմոյանը հավելել է. Մենք հասել ենք նրան, որ սեղանի շուրջ բաց քննարկում ենք այս ոլորտում առկա խնդիրները և փորձում ենք լուծել դրանք:  

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

 

30.10.17 | քաղաքականություն