Ծխախոտը եւ խմիչքները հունվարի 1-ից կթանկանան 24 տոկոսով.armtimes.com

armtimes.com թվականի հունվարի 1-ից կրկին թանկացումներ կլինեն որոշ ապրանքատեսակների մասով: Հունվարին ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչի համաձայն մի շարք ապրանքների հարկման դրույքաչափը մինչեւ 2021 թվականը աստիճանաբար կբարձրանա:

 

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կբարձրանան ծխախոտի, վիսկիի, ռոմի եւ սպիրտային խմիչքների դրույքաչափերը: Սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար առնվազն 725 դրամ ակցիզային հարկ, 2019 թվականից՝ 835 դրամ, 2020 թվականից՝ 960 դրամ, իսկ 2021 թվականից՝ 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար առնվազն 550 դրամ:  2018 թվականի հունվարի 1-ին սպիրտային խմիչքների ակցիզային հարկը կթանկանա 24.4 տոկոսով: Սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով:

 

Վիսկին, ռոմը եւ այլ սպիրտային թուրմերն այժմ հարկվում են հետեւյալ կերպ՝ մինչեւ 3 տարի հնեցման դեպքում 1 լիտրի համար առնվազն 3000 դրամ, 6-ից 10 տարի հնեցման դեպքում՝ առնվազն 6 հազար դրամ, իսկ 20 եւ ավելի տարի հնեցված լինելու դեպքում առնվազն 22 հազար դրամ: 2018 թվականի հունվարից 3000 դրամը կդառնա 3970 դրամ եւ նույն տրամաբանությամբ կտարածվի ավելի շատ հնեցում ունեցողների վրա: 2019 թվականից հարկի դրույքաչափը կդառնա 4560 դրամ, 2020 թվականից՝ 5250 դրամ, իսկ 2021 թվականից՝ 6035 դրամ: Այսինքն՝ մի քանի ամսից այս ապրանքատեսակների համար ակցիզային հարկը 24.4 տոկոսով կթանկանա:  Նշված թուրմերը կթանկանան 970 դրամով:

 

Ծխախոտային արտադրանքի համար այժմ տնտեսվարողները վճարում են ակցիզային հարկ հազար հատիկի համար 5500 դրամ: Այսինքն, 1 հատիկ ծխախոտի համար ստացվում է 5.5 դրամ: Այդ դեպքում 20 հատիկ ծխախոտի համար, որը մեկ ամբողջական տուփ է, վճարվում է 110 դրամ ակցիզային հարկ: 2018 թվականի հունվարի 1-ից այդ 5.5 դրամը կդառնա 7.2 դրամ, որը մեկ տուփի հաշվով կկազմի 145 դրամ, 2019 թվականից՝ 167 դրամ, 2020-ից՝ 192 դրամ, իսկ 2021 թվականից այն կդառնա 221 դրամ: 2018 թվականի համար թանկացումը կկազմի 23.4 տոկոս: Այսինքն՝ միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկան 35 դրամով:

 

Հունվարին նախատեսվող այս փոփոխությունները ուղղակի ազդեցություն են ունենալու նշված ապրանքների վաճառքի գների վրա, եւ գրեթե նույն չափով կթանկանան այդ ապրանքները:

 

Նշենք, որ Հարկային օրենսգրքում այս փոփոխություններն արվել են ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու համար, քանի որ Հայաստանում մի շարք հարկատեսակների դրույքաչափերը անհամեմատ ցածր են միության անդամ երկրների սահմանած դրույքաչափերից:

28.10.17 | քաղաքականություն