Ծխախոտագործները ստացված բերքի դիմաց կրկին պետական աջակցություն կստանան․ Artsakhpress.am

 

Նախորդ տարվա 145 հա ծխախոտի փոխարեն՝ այս տարի Արցախում ցանվել է 164 հա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ու հավելել, որ հոկտեմբերի 31-ի դրությամբ ծխախոտի համախառն բերքատվությունն Արցախում կազմել է 1460 տոննա:

Վ. Ավետիսյանի խոսքով՝ հավաքված բերքի արդյունքով միջին բերքատվությունը 1 հա-ի դիմաց կազմել է 89 ցենտներ, սակայն բերքահավաքի գործընթացը շարունակվում է, որը կավարտվի առաջիկա 10 օրերի ընթացքում: Խոսելով իրացման խնդիրների մասին՝ Վ. Ավետիսյանն ասել է, որ ամբողջ բերքը մթերվում է «Մասիս Տոբակո» ընկերության կողմից:

«Այս տարի առաջին կարգի ծխախոտի մեկ կիլոգրամի գինը սահմանվել է 90 դրամ, երկրորդ կարգինը՝ 40 դրամ»,- ասել է Վ. Ավետիսյանը և հավելել, որ ճյուղի զարգացմանն ակտիվ մասնակցում է նաև Արցախի կառավարությունը, և գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագրի շրջանակներում ծխախոտագործները 1 կգ բերքի դիմաց ևս 10 դրամ պետական աջակցություն կստանան:

Artsakhpress.am

 

31.10.17 | քաղաքականություն