Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խոսքն արտահայտում է ձեր գիտակցության մակարդակը

Մենք քիչ ուշադրություն ենք դարձնում, թե ինչ ձայներանգով ենք խոսում, ինչ բառեր են արտասանում: Օգտագործելով վիրավորական ու պարզապես շատ «կեղտոտ» բառեր՝ մենք կարծես մոռացել ենք այն մասին, թե ինչ բան է բարեկիրթ ու գեղեցիկ խոսքը: Բայց դա միայն մեր անգրագիտության ու գիտակցության հետընթացի վկայությունը չէ: Մի՞թե պարզ չէ, որ երբ մենք կոպիտ ու կեղտոտ բառեր ենք ասում, մեր հոգում հանգիստն ու երջանկությունը չեն ավելանում: Լրիվ հակառակը: Մենք հնարավորություն ենք տալիս, որ մեր հոգում բացասական էներգիա առաջանա, իսկ հետո զարմանում ենք, թե ինչու ենք այդքան հաճախ ստիպված լինում գլխացավի դեղեր խմել:

Մինչդեռ գիտակցության ու խոսքի միջեւ ուղիղ կապ կա: Եթե գիտակցությունն առողջ է, խոսքն էլ է արժանի լինում: Առողջ գիտակցությունը միշտ դրական է: Ունենալով նման գիտակցություն՝ մենք չենք խոսա մյուսների թերությունների մասին, չենք քննադատի, պահանջներ չենք ներկայացնի: Ճակատագրից չենք բողոքի: Մեր խոսքը հանգիստ ու բարյացակամ կլինի: Նման զրուցակցի հետ բնականաբար բոլորը հաճույքով կշփվեն: Իսկ բարկացած խոսելը հոգու թուլության նշան է:

Ըստ վիճակագրության՝ բոլոր վեճերի ու կոնֆլիկտների 90 տոկոսի պատճառն այն է, որ մենք ինչ -որ մեկի մաասին վատ բաներ ենք խոսում: Մենք պետք է սովորենք խոսել հաճելի, բարեկիրթ ձեւով՝ վերահսկելով մեր խոսքը: Արեւելքում այն մարդը, ով չի կարողանում վերահսկել իր խոսքը, պարզունակ է համարվում:

Մարդիկ վաղուց են նկատել, որ մենք ձեռք ենք բերում այն մարդու հատկանիշները, ում մասին մտածում ենք կամ խոսում, դրա համար էլ եթե ինչ -որ մեկի մասին վատ ենք խոսում, մենք այդ մարդու բացասական հատկանիշները մեզ էլ ենք վերագրում: Եթե գովում ենք՝ մենք ստանում ենք տվյալ մարդուն բնորոշ դրական հատկանիշները: Այդ պատճառով էլ Աստծու մասին մտածելն ու նրա մասին խոսելն աստվածային հատկանիշներ ձեռք բերելու ամենահեշտ ձեւն է:

Նկատեք, որ որքան եսասեր, նախանձող ու անբարյացակամ ենք մենք, այդքան մեզ համար դժվար է որեւէ մեկի մասին ջերմ խոսելը: Որքան կոպիտ է մեր խոսքը, այդքան ավելի աններդաշնակ ենք մենք, դրա համար էլ կյանքից ավելի դաժան դասեր ենք ստանում:

Մեր շատ հոգնելու ու քիչ բան հասցնելու պատճառներից մեկն այն է, որ մենք շատ ենք խոսում: Շատախոսությունը դատարկախոսության նշան է: Պետք է խոսել քիչ, հանգիստ, համբերատար ու բարեկիրթ: Այդպես կարելի է ե՛ւ ժամանակ տնտեսել, ե՛ւ ուժեր: Կարեւոր է սովորել վերահսկել խոսքը: Ինչ- որ բան ենք ասում ու վիրավորում մարդուն: Հետո արդարանում ենք. «Ես հենց այնպես ասացի: Ես բոլորովին չէի ուզում վիրավորել …» Այդ խոսելաոճը պետք է փոխել: Խոսքերը պետք է իմաստ ունենան, միայն նման խոսքերն են ուժեղ:

Բառերն իմաստ ունեն, եթե դրանք նրբանկատ են ու մյուսների հանդեպ սիրով են լցված: Եվ այդ դեպքում ինչքան էլ «դառը» բառեր դուք գործածեք, սիրտն անպայման կընդունի դրանք: Այդ բառերն այդքան դառը չեն թվա, դրանք դիպուկ ու արդար կթվան:

Հակառակ դեպքում, եթե մենք կտրուկ խոսքեր ենք օգտագործում, կտրուկությունը նաեւ մեր ամբողջ կերպարում է դրսեւորվում: Այդ դեպքում մյուսների համար ակնհայտ է դառնում մեր մեծամտությունը, ու մարդիկ վիրավորվում են մեզնից: Բայց եթե նույնիսկ «դառը» բառերը սիրով ասենք, վիրավորանքը կանհետանա, ու մարդիկ կզգան մեր գթասրտությունը:

Ամեն ինչի մասին պետք է ճիշտն ասել, բայց սիրով: Ինչ բառերով էլ, որ մայրը ստիպի երեխաներին անել այս կամ այն բանը, միեւնույն է նրա խոսքերը կոպիտ ու դառը չեն թվում, քանի որ դրանցում զգացվում է մայրական սերը՝ մայրը սիրում է մեզ, նա մեզ միայն բարիք է ցանկանում: Եվ ճիշտ այդպես էլ՝ որքան էլ որ մենք դիպուկ ու կտրուկ չարտահայտվենք, մարդիկ չեն նեղանա մեզնից, եթե մենք գթասիրտ լինենք:

Աղբյուրը՝ esolang.com

20.02.16 | հասարակություն