Խաչատրյանի փառատոն. կայացել է «Հովերի՚ իգական կազմի առաջին բեմելը

 





Հոկտեմբերի 24-ին կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Հովեր՚ պետական կամերային երգչախմբի համերգն էր։ 

Խաչատրյանական փառատոնն իր ծրագրերով ամեն անգամ նոր հնարավորություններ է տալիս նոր ստեղծագործ արարումների։ Նման մի օրինակ էր նաև հոկտեմբերի 24-ի երեկոն։ Այսպիսի «Հովեր՚ հանդիսատեսն ունկնդրում էր առաջին անգամ. համերգի առաջին մասում առաջին անգամ ինքնուրույն ծրագրով հանդես եկավ «Հովերի՚ իգական կազմը՝ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ։ Հնչեցին հայկական և արևմտաեվրոպական հեղինակների՝ իգական երգչախմբի համար գրված խմբերգեր։ Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցավ երգչախմբի ամբողջ կազմը։ 

 

«Հովերի» գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Նարինե Ոսկանյանն իր շատ գովելի ուսանողներից և «Հովեր՚ երգչախմբի սյուներից է։ «Ես ուրախ եմ, որ իմ ուսանողներն առանձին իրենց գործունեությունն են ծավալում, ինքնուրույնանում են, դա կարևոր է նաև մեր խմբավարական ամբիոնի համար՚,- նշեց Սոնա Հովհաննիսյանը։ Նա «Հովերը՚ հիմնադրել է 1992թ.: Խոսելով 25-ամյակը նշող իր հարազատ երգչախմբի մասին՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ այն իր համար կենսագրություն է, ապրելակերպ. «Ես երբեք առանձին հանդես չեմ գալիս սեփական կենսագրությամբ, քանի որ պետք է կրկնեմ «Հովերի՚ կենսագրությունը։ Մեր կենսագրությունները նույնական են՚։

Ի դեպ, «Հովերը՚ նախորդ տարիներին նույնպես հանդես է եկել խաչատրյանական փառատոնի շրջանակներում՝ ամեն անգամ ունկնդրին մատուցելով խմբերգային երաժշտության հարուստ ներկապնակը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։

 

25.10.17 | քաղաքականություն