Լ. Մկրտչյան.Օտար լեզուների ուսուցումը և բնագիտական ուղղվածության զարգացումը դիտվում են առաջնահերթություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Երևանում է գտնվում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Հյուրի խնդրանքով  ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այս համատեքստում  Լ. Մկրտչյանը նշել է, որ օտար լեզուների ուսուցումը և բնագիտական ուղղվածության զարգացումը դիտվում են առաջնահերթություն: ԿԳՆ-ի կողմից այժմ հանրային քննարկման են ներկայցված օտար լեզուների և ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգերը. «Մենք լեզուների ուսուցման զարգացումը դիտարկում ենք որպես տվյալ քաղաքակրթության ինտեգրման, ինչպես նաև  գիտության՝ մասնավորապես  բնագիտական և տեխնիկական ուղղությունների  բարելավման բաղադրիչ»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կարևորում է ռուսական կողմի աջակցությունը ռուսաց լեզվի բարձրակարգ ուսուցիչների պատրաստման հարցում: 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք խնդիրներ:

14.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն