Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ է Հայաստանի առաջնության մասնակիցների քանակից

02.11.16 - սպորտ

Երբ Հայաստանում կա շուրջ 150 գործող մարզիչ, իսկ Հայաստանի մեծահասակների առաջնությանը մասնակցում է ընդամենը 63 ըմբիշ, դա մտահոգության տեղիք է տալիս ու ոչ բնական երեւույթ է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը` ամփոփելով Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Հոկտեմբերի 28-30-ը Վանաձոր քաղաքի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի չեմպիոն դարձան Գեւորգ Ղարիբյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):

«Հայաստանի մեծահասակների առաջնությունն անցկացվեց 8 քաշային կարգերում, որոնց մասնակցում էին 63 ըմբիշներ ամբողջ Հայաստանից: Հայաստանի առաջնության մասնակցությունից ազատվել էին Միհրան Հարությունյանը, Արթուր Ալեքսանյանը, Վարշամ Բորանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը:

Դժգոհ եմ մասնակիցների քանակից: Բոլորս լավ գիտենք, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը լավագույններից է մեր երկրում, բայց մասնակիցների թիվը մտահոգության տեղիք է տալիս: Կան լավ ըմբիշներ, բայց մոտեցումը ճիշտ չէ, որ քիչ մարզիկներ են մասնակցում: Պատճառները մի քանիսն են. զինվորական ծառայությունից հետո քչերն են վերադառնում մեծ սպորտ: Սա իսկապես շատ լուրջ խնդիր է: Պատճառներից մեկն էլ նաեւ այն է, որ մարզիչները բնակավայրերում ինչ-որ տեղ թուլացրել են մարզաձեւի նկատմամբ մոտեցումը: Չի կարելի ունենալ մոտ 150 մարզիչ եւ մասնակիցների քանակը լինի ընդամենը 63-ը: Դա ոչ բնական երեւույթ է: Մեր հավաքականը, լինելով այս բարձունքում եւ ունենալով լավագույն արդյունքները, իմ կարծիքով, պետք է մասնակիցների խնդիր չունենար: Մենք երբեք 90-ից պակաս մասնակից չենք ունեցել Հայաստանի մեծահասակների առաջնությունում: Մարզիկներն ու մարզիչները պետք է  լավ գիտակցեին եւ ավելի լուրջ մոտենային Հայաստանի առաջնությանը, ձգտեին ընդգրկվել հավաքական, լավ արդյունքներ ցուցաբերեին:

Ամեն մարզիչ պետք է հասկանա, որ Հայաստանի առաջնությանը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել: Պարտադիր չէ, որ նրանք աշխատեն միայն մեծահասակների հետ, կարող են նաեւ պատանիների հետ աշխատել: Ֆեդերացիայում եւ սպորտի նախարարությունում կքննարկենք եւ լուծում կտանք այս հարցին: Եթե Հանրապետության 150 մարզիչներից յուրաքանչյուրը Հայաստանի առաջնությունում ներկայացնի գոնե մեկ մարզիկ, մենք այս խնդրի առջեւ չենք կանգնի:

Մեր հավաքականում ընգրկվել են ըմբիշներ, որենք բարձր արդյունքներ չեն ունեցել, բայց հավաքականում հասել են լավագույն արդյունքների: Ինձ հենց այդ հարցն է մտահոգում, թե ինչու տան պայմաններում մեր մարզիչները չեն կարողանում պատրաստել այնպիսի մարզիկներ, որոնք կարող են լավագույն արդյունքների հասնել, փոխարինող լինել»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը բավարար գնահատեց 63 մասնակիցների մակարդակն ու ցուցաբերած արդյունքները:

«Նույն այդ քիչ քանակի մեջ ունենք լավ ըմբիշներ: 130 եւ 90 կգ քաշային կարգերում կաղում ենք: Մնացած քաշերում կան լավ ըմբիշներ, կարելի է լավ մարզիկներ ունենալ: Կարող ենք այս քիչ քանակության մեջ լավ որակ ապահովել: Արդեն մեկնարկել է Տոկիո-2020-ի քառամյա ցիկլը եւ ժամանակն է, որ ազգային հավաքական ձեւավորենք:

Հավաքականը դեկտեմբերի 9-12-ը կմասնակցի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը: 71 եւ 80 կգ քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն Վարշամ Բորանյանը եւ Սարգիս Քոչարյանը:

Վարշամ Բորանյանը լավ մարզավիճակում է: Նա այս տարվա Հայաստանի չեմպիոն Ռաֆայել Ալեքսանյանի նկատմամբ առավելություն ունի, Եվրոպայի գործող չեմպիոն է: Մենք պարտավոր ենք աշխարհի առաջնությանը հնարավորություն տալ Վարշամ Բորանյանին: Ռաֆայել Ալեքսանյանը նույնպես լավ ըմբիշ է, բայց այս պահին Վարշամ Բորանյանն առավելություն ունի»,- նշեց մարզիչը:

Թե ինչու են Հայաստանի առաջնությունից ազատվել հավաքականի առաջատար ըմբիշները եւ ինչու նորեկներին հնարավորություն չի տրվում ուժերը փորձել հավաքականի ուժեղագույն ըմբիների հետ, Լեւոն Ջուլֆալակյանը մեկնաբանեց, որ նպատակը մարզիկներին չծանրաբեռնելն է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ:

«Գլխավոր նպատակը մեդալների քանակն ու որակ ապահովելն է: Եթե ես մարզիկներին ճիշտ չպատրաստեմ մրցումներին, այս արդյունքները չենք ունենա: Ես ուժեղագույններին ազատում եմ Հայաստանի առաջնության մասնակցությունից, որպեսզի միջազգային մրցաշարերից արդյունքներով վերադառնան, չծանրաբեռնվեն: Մեր գլխավոր նպատակը Հայաստանի չեմպիոններ ունենալը չէ, այլ միջազգային մրցաշարերում հաղթողներ ունենալը: Մենք հնարավորություն ենք տալիս բոլոր ըմբիշներին ուժերը փորձել միջազգային մրցաշարերում, ուժեղագույնների հետ պայքարի մեջ մտնել միջազգային հարթակում, հետո նոր հասկանալ, ովքեր կարող են պատշաճ ներկայացնել մեր երկիրը խոշոր մրցաշարերում:

Մինչեւ ոչ օլիմպիական քաշերում աշխարհի առաջնությունը հավաք կանցկացնենք Երեւանում, իսկ հետո ֆիզիկական պատրաստվածության վրա կաշխատենք Ծաղկաձորում եւ կամփոփենք տարին: Հաջորդ տարի ունենք աշխարհի գավաթի խաղարկություն, մայիս ամսին Եվրոպայի առաջնություն եւ օգոստոսին՝ աշխարհի առաջնություն: Իսկ մինչեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները մի շարք հավաքներ կունենանք եւ մի քանի միջազգային մրցաշարերի կմասնակցենք:

Եվրոպայի առաջնությունից առաջ ունենք միջազգային մրցաշարեր Ֆրանսիայում եւ Ուկրաինայում: Արդյունքների շնորհիվ պարզ կլինի, թե ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան

02.11.16 | սպորտ | սպորտ ֆուտբոլ