«Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր՝ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Լավագույն մարզական ընտանիք-2017» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքներին ճանապարհել է Ծաղկաձոր: Մարզասեր երևանյան ընտանիքները հուլիսի 17-23-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ 

 

Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով Երևանի թիմի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ այս տարի ևս երևանցի մարզիկները, ավանդույթը շարունակելով, հաղթական գավաթով կվերադառնան Երևան: Քաղաքապետ  Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին: 

Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին վստահեցրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու և հաղթանակած Երևան վերադառնալու համար: 

Երևանը ներկայացնող պատվիրակության անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը լավ մարզավիճակում է և արվել է հնարավորը՝ երևանցի ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար: 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

 

 

17.07.17 | քաղաքականություն