Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները կեղծված են

Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները կեղծված են: 

 

Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: 

Ըստ նրա` նման կասկածանքների հիմք են հանդիսանում ինքնավարության որոշ նահանգներում ընթացող պատերազմական գործողությունները և այդ պայմաններում բնակչության հանրաքվեին մասնակցելու հավանականությունը, ինչպես նաև ինքնավարության ներկայացուցիչների կողմից ընտրությունների հաջորդ օրը հայտարարված արդյունքը: 

 

«Պնդում եմ, թե իբր բնակչության 70 տոկոսից ավելին մասնակցել է ընտրությանը, մյուս կողմից ասում են, որ այսքան միլիոնը գաղթել են իրենց բնակավայրերից: Ստացվում է, որ նրանք ստում են նույնիսկ քվեարկողների թիվը ներկայացնելիս»,- նկատեց քաղաքագետը` հավելելով, որ եթե անգամ պատերազմող շրջաններում քվեարկությունն իրականացվել է օնլայն, ապա դարձյալ դրանց արդյունքները կեղծելը շատ հեշտ է: 

 

Ս. Շաքարյանցի կարծիքով` իրաքյան Քրդստանում ընտրությունների հայտարարված արդյունքը ծրագրված է եղել և պետք այդպես էլ հայտարարվեր: 

 

Նրա փոխանցմամբ, երբ իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հասկանում է, որ դեմ արտահայտվողներն ավելի շատ են, լուծարում է խորհրդարանը, որին հետ կանչելը հետաձգում է պատրազմի պատճառով, մինչդեռ խորհրդարանը պետք է հանրաքվե հաստատեր` ինքնավարության օրենքների համաձայն: 

«Բաղդադի պնդումներն այս առումով լիովին արդարացված են, քանի որ նրանք առաջին հերթին խախտել են իրենց իսկ օրենքները»,- նշեց բանախոսը: 

 

Վերջինիս խոսքերով, եթե իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի արդյունքները կեղծված չլինեին և ինքնավարության իշխանությունները բավարար ապացույցներ ունենային տարածաշրջանի և համաշխարհային հանրության համար, ապա հաջորդ օրն իսկ պետք է մեծ տոնախմբությամբ հայտարարվեր անկախության մասին, այն ինչ Մ. Բարզանին երեկ առաջարկել է պաշտոնական Բաղդադին բանակցություններ սկսել:  

 

Անձամբ քաղաքագետի կարծիքով` Մ. Բարզանիի կողմից անկախություն չհռչակելու հետ կապված լռությունը պայմանավորված է արտասահմանից համապատասխան հրահանգիչների լռությամբ. «Բարզանիի ընտանիքը չի ստանում վերջնական հրահանգ մեծ տիրոջ կողմից, ուզած-չուզած մտածում ես, որ նա սպասողական վիճակում է»:  

 

Ս. Շաքարյանցը շարունակում է պնդել, որ այդ տարածաշրջանում նոր պատերազմ է սանձազերծվում անձամբ Մ. Բարզանիի կողմից, քանի որ եթե վերջինս պատերազմ չէր ուզում, ապա պետք է անկախության հանրաքվեն անցկացներ իրենց հատկացված նահանգներում, այլ ոչ թե Քիրքուկում և Նինվեյում ևս: 

 

Անդրադառնալով իրաքյան Քրդստանի անկախության ազդեցությանը Հայաստանի վրա` Ս. Շաքարյանցը պնդեց, որ դա ոչ մի դեպքում հայերին ձեռնտու չի կարող լինել, քանի որ ակնհայտ է, որ թուքրերի և հրեաների բարեկամ համարվող Մ. Բարզանին երբեք չի պատերազմի Թուրքիայի դեմ: 

 

Պատասխանելով լրագրողի հարցին կապված երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի միջև կայացած դռնփակ հանդիպման հետ` քաղաքագետը շեշտեց, որ Էրդողանը Ռուսաստանից օգնություն է ակնկալում: 

 

«Որքան էլ որ Էրդողանը խելապակասի տպավորություն է թողնում, այնուամենայնիվ, նա տիրապետում է խորքային մտածելակերպին և շատ լավ հասկանում է, որ Իրանը Թուրքիայի տարածքում հակաթուրքական գործողություններ է սկսել»,- նշեց նա:  

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

29.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն