Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իրական սուպերմոդելներ VS Քենդալ Ջեներ․ Victoria’s Secret-ի խայտառակ ձախողումը

Երկու օր է  նորաձևության աշխարհը քննարկում է Victoria’s Secret-ի ցուցադրությունը: Շոուի ամենաքննարկվող հատվածը հարթակում Քենդալ Ջեների հայտնվելն է։ Մինչև հիմա շատերի գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարող էր նման հանրահայտ ապրանքանիշը իջնել նման մակարդակի՝ հրավիրելով ռեալիթի-շոուի մասնակցին, ում չգիտես ինչու մոդել են անվանում, իր ցուցադրությանը՝ ավելին, նրան բեմ բարձրացնել։

Քենդալ Ջեներ

Այն, ինչին մասնագիտացված մոդելները ձգտում են հասնել իրենց ամբողջ կարիերայի ընթացքում,  այս աղջկան՝ (Կարա Դելեվինի հետ միասին, չնայած վերջինիս պարագայում դա հասկանալի է) ինչ-որ տարօրինակ ձևով, հաջողվեց մեկ տարում։ Նա դարձավ Կարլ Լագերֆելդի մուսան, հիմա էլ հայտնվեց հանրահայտ ցուցադրության հարթակում։

Բեհաթի Փրինսլու

Այն, որ Քենդալի հաջողության համար Քարդաշյան կլանը միլիոններ է ներդրել՝ պարզից էլ պարզ է։ Մամուլը գրեց ոչ թե իրապես արժանի մոդելների մասին՝ ինչպիսիք են Քենդիս Սվեյնպոլը, Բեհատի Պրինսլուն, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման ու նույնիսկ չնշվեց այն մասին, որ հանրահայտ Fantasy Bra-ն այս տարի պատիվ է ունեցել ներկայացնելու Լիլի Օլդրիջը։

Լիլի Օլդրիջ

Երբեմնի հեղինակություն համարվող հանրահայտ նորաձևության ամսագրերը հեղեղվել էին Քենդալ Ջեների լուսանկարներով։

 

Քենդալ Ջեներ

Դեռևս 2013թ․-ին նորաձևության աշխարհում լուրեր տարածվեցին, որ Քարդաշյան քույրերից փոքրն ու Քարդաշյաններին ոչ հատուկ նիհար կազմվածք ունեցող Քենդալ Ջեները, կդառնա Victoria’s Secret ապրանքանիշի «հրեշտակներից» մեկը: Մամուլը հեղեղվեց բազմապիսի հակասական կարծիքներով։ Մոդելին սկսեցին քննարկել թե՛ համաշխարհային աստղերը, և թե՛ նորաձևությամբ հետաքրքրվող շարքային քաղաքացիները։

Ադրիանա Լիմա

Բամբասանքներն ու քննարկումներն իհարկե անտեղի չէին, քանզի այսօր արդեն 20-ամյա Քենդալն, ով իր կյանքի ընթացքում նշանակալից ոչինչ չէր արել, հանրահայտ էր դարձել իր ընտանիքի՝ մասնավորապես բոլորին հայտնի քույրիկի շնորհիվ։

Ինքը՝ Քենդալը, այս ամենից բարկացած, մի առիթով նշել է․

«Իմ անունը՝ Քենդալ Ջեներ է։ Լսու՛մ եք, Ջեներ՝ ո՛չ Քարդաշյան»։

Ալեսանդրա Ամբրոսիո

Որքանո՞վ է մոդելի բարկությունը տեղին, դժվարանում եմ ասել։ Սակայն այն, որ ընդամենը ամերիկյան ռեալիթի-շոուի՝  Keeping up with the Kardashians, մասնակիցը կարող է միանգամից հանրաճանաչ ամսագրերի համար՝ ինչպիսիք են  Vogue,  Dazed & Confused դառնալ տարվա իրադարձություն, իսկ նորաձևության այնպիսի անվանի տներ՝ Givenchy,  Marc Jacobs և Chanel կարող են նրան հրավիրել ցուցադրությունների և գովազդային հոլովակներում նկարահանվելու առաջարկներ անել, կարծում եմ շատ ավելին են ասում, քան Քենդալի պոռթկումը։

Քենդալն այսօր սոց․ ցանցերում ունի ավելի շատ հետևորդներ, քան նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Զարմանալի չէ, որ TIME ամսագիրը նրան ընդգրկել է մոլորակի ամենաազդեցիկ դեռահասների ցանկում։  

Քենդիս Սվեյնպոլ

Մերօրյա հենց այս գեղեցկուհուն է հաջողվում իրարանցում ստեղծել ու շարժել արտասահմանյան շատ աստղերի նախանձն ու ատելությունը իր և քույրերի հանդեպ։ Իրավիճակն ավելի թեժացավ, երբ օրեր առաջ աղջիկն առաջին անգամ մասնակցեց Victoria’s Secret-ի ամենամյա ցուցադրությանը։

Այս լուրի տարածվելուն պես՝ շատերը թողեցին իրենց մեկնաբանությունները։ Մանավորապես ամիսներ առաջ, հայտնի 27-ամյա երգչուհի և դերասանուհի Ռիհաննան հայտարարել էր, որ մեծ սիրով կմասնակցի Victoria’s Secret-ի հերթական ցուցադրությանը, սակայն այս դեպքում էլ, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ ու վերջինս, իմանալով Ջեների մասնակցության մասին, ասաց, որ փոխել է մտադրությունն ու չի մասնակցելու ցուցադրությանը։

25-ամյա ճանաչված մոդել Ջորդան Դանն էլ իր թվիթերյան էջում գրեց, թե որքան ուրախ է, որ չի մասնակցելու Victoria’s Secret-ի ցուցադրությանը։

VS հապավման փոխարեն մոդելը գրել էր BS, ըստ երևույթին՝ նկատի ունենալով հայտնի անգլալեզու հայհոյանքը․

«Շատ ավելի լավ եմ ինձ զգում իմանալով, որ ստիպված չեմ լինելու մասնակցել BS-ի ցուցադրությանը․․․ներեցեք, նկատի ունեի VS-ի։ Հատկապես, որ Ռիհաննան էլ այնտեղ չի լինելու»։

Հարց է առաջանում․ փաստորեն Ջորդան Դանին՝ ով երեք տարի շարունակ մասնակցում էր այս ցուցադրությանը և հանրաճանաչ Ռիհաննային փոխեցին Ջեներո՞վ։

Ոչ վաղ անցյալում էլ  դերասանուհի Ռեբել Ուիլսոնն էր արտահայտել իր հակակրանքը Ջեներ-Քարդաշյան քույրերի մասին։

Նա հարցազրույցներից մեկում պատմել էր, թե ինչպես է հրաժարվել այս քույրերի հետ հանձնել MTV-VMA մրցանակներից մեկը․

«Ինձ խնդրեցին VMA մրցանակ հանձնել Քենդալի և Քայլիի հետ միասին։ Ես հրաժարվեցի ու ասացի , որ միայնակ կհանձնեմ մրցանակը։ Կարծում եմ նրանք տաղանդի շնորհիվ չեն հայտնի դարձել։ Այս քույրերը լիովին հակասում են իմ սկզբունքներին», -ասում է 35-ամյա դերասանուհին։

Փաստորեն Victoria’s Secret-ի հին աստղերին այսօր փոխարինում են այնպիսի դեռահասներ՝ ինչպիսիք են Քենդալ Ջեներն ու նրա վաղեմի ընկերուհի Ջիջի Հադիդը։ Արդյո՞ք նրանք կկարողանան իրապես փոխարինել նախորդներին ու գրանցել նրանց հաջողությունը՝ ցույց կտա ժամանակը։

Իսկ մինչ այդ, չնայած բոլոր քննադատություններին, Քարդաշյան-Ջեներ քույրերը շարունակում են իրենց հաղթարշավն ու գրավում միլիոնավոր մարդկանց սրտերը։

Թե ինչու՞մն է նման շուտափույթ հաջողության գաղտնիքն ու արդյո՞ք դա քրտնաջան աշխատանքի արդյունք է, կամ թե մեծ գումարների ու ավանդական ծանոթ-բարեկամի հարց, թողնում ենք ձեր մեկնաբանությանը։

 

 

Շուշան Պողոսյան

12.11.15 | լուսանկար | Աստղագուշակ աստղերը մոդա