Ինչպես կործանել Հայաստանը

 

 

Ցանկության և, այսպես ասած, քաղաքական կամքի դեպքում դրա տարբեր ձևեր կան,  կարծում ենք, կարելի է նաև այսպես… Բոլոր դեպքերում, չպետք է տրվել այն մոլորությանը, որ եթե նման որոշում կա, ապա այն պետք է պարտադիր իրագործվի միանգամից ու բացահայտորեն: Կարծում ենք, հասկացողն արդեն հասկացավ:

Որպեսզի ընթերցողին վերը ներկայացված տեսակետը հորինովի կամ չափազանցված չթվա, առաջարկում ենք կարդալ նաև այս թեմայով մեր բոլոր նախորդ և առաջիկայում հրապարակվելիք նյութերը: Եթե ստորև ներկայացվող իրողությունները հայ ժողովրդի նկատմամբ դավադրության արտահայտություն կամ հետևանք չեն, ապա դրանք պետք է բացատրել կամ հանցավոր անփութությամբ, կամ կոռուպցիայով: Վերոնշյալ երեք դեպքում էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը և իրավապահ այլ մարմիններ լուրջ անելիքներ ունեն, եթե, իհարկե, իրենք մասնակից չեն ինչ-որ դավադրության, տրված չեն կոռուպցիայի կամ հանդես չեն բերում հանցավոր անգործություն:

Վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե «Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու», դժգոհություն է առաջացրել բնապահպանների, ինչպես նաև խնդրին տեղյակ, մտահոգ ու սրտացավ մասնագետների շրջանում:

Սակայն, խնդիրը միայն դժգոհությունը չէ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման առնչությամբ նրանք ներկայացնում են փաստարկներ, որոնք եթե չանտեսվեն պատկան մարմինների և իշխանությունների կողմից, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիա») ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը տրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացությունը պարզապես պետք է ուժը կորցրած ճանաչվի:

 

«Ջերմուկ» հանքային ջուրն ու բնությունը լրջորեն վտանգված են

«Անձամբ ես վարչապետի այդ հայտարարության մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետև բոլոր հանքերի շահագործումը սկսելուց առաջ, տվյալ ժամանակի վարչապետները նման հայտարարություններ են արել,- ասաց քիմիական գիտությունների թեկնածու, ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ, «Civil Voice» ՀԿ խորհրդի անդամ Սեյրան Մինասյանը:- Նման հայտարարություններ, ամենայն հավանականությամբ, հնչել են և՛ Քաջարանի դեպքում, և՛ Կապանի կոմբինատի դեպքում, և՛ Ալավերդու, և՛ Թեղուտի, և՛ Ախթալայի… Այնպես որ, վարչապետը սրանով` իր այդ արտահայտությամբ, բնականաբար, չի տարբերվում իր նախորդներից»:  

Հիշյալ ՇՄԱԳ հաշվետվությունը մի քանի տարվա մեջ պատրաստել են 20-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում` 10-12 գիտական կազմակերպություններ արտերկրից, սակայն, ինչպես կարելի է եզրակացնել Ս. Մինասյանի ասածներից և առկա փաստերից, այն աչքի է ընկնում լուրջ թերություններով: Մասնավորապես` ՇՄԱԳ հաշվետվությունում բացակայում են մշակաբույսերի, բույսերի վրա ազդեցության գնահատականները, մինչդեռ, ինչպես հայտնի է, օրինակ, Գնդեվազում ծիրանի այգիներ կային և այլն:

Բացի վերը նշվածից, քանի որ Ամուլսարի գոտում են գտնվում Արփա, Որոտան գետերի ակունքային հատվածները, որտեղից սկիզբ են առնում գետերը, հատկապես ակունքային հատվածներում ջրային էկոհամակարգի վրա ազդեցությունը մանրակրկիտ ու լավ, պահանջվող խստությամբ չի ուսումնասիրված ու գնահատված:

 

Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրերի վրա ազդեցությունները խիստ էական են լինելու

«Ազդեցության է ենթարկվելու կենսաբազմազանությունը, այնտեղ, այդ գոտում փոխվելու է հիդրոմորֆոլոգիան, փոշու արտանետումներ են լինելու, ամբողջ լանդշաֆտն է փոխվելու, և դա հանգեցնելու է գետային հատկապես ակունքային հատվածների էկոհամակարգի ամբողջական փոփոխության,- ասաց գիտնականը:-   Մեզ մոտ դեռևս մի փոքր մնացել է այն մտածելակերպը, որ ջրի վրա ազդեցությունը միայն քիմիական ազդեցությունն է, քիմիական բաղադրության փոփոխությունը: Ո՛չ: Գետը, ջրային էկոհամակարգն ամբողջական օրգանիզմ է, նրա ցանկացած բաղադրիչի վրա ազդեցությունը հանգեցնում է մյուս բաղադրիչների փոփոխության, և երբ փոխվում է լանդշաֆտը, բուսածածկույթը, հողածածկույթը, փոխվում է, բնականաբար, կենդանական աշխարհը, արտանետումներ են լինում փոշու և այլն, փոխվում է գետի հատակային նստվածքի կազմը, ափերն են ձևափոխվում և այլն, արդեն գետի էկոհամակարգի վրա կա ազդեցություն:

Մենք նայել ենք քարտեզները, նմուշառման կետերը և այլն: Ըստ էության, Ամուլսարի գոտով է անցնում Սպանդարյան-Կեչուտ ստորգետնյա ջրատարը, որով պետք է ժամանակին ջուր մատակարարվի Սպանդարյան ջրամբարից Կեչուտ, և Կեչուտից` Սևանա լիճ, այսինքն` որոշակի առումով այն հանդիսանում է Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս: Ուսումնասիրությունը բացահայտում է, որ ազդեցությունները Սպանդարյան-Կեչուտ ջրատարի ջրերի վրա խիստ էական են լինելու»:

Ինչո՞ւ… Կա դրենաժային հոսք կա, որը, Ս. Մինասյանի տեղեկացմամբ, տարեկան մոտ 5 միլիոն խորանարդ մետր է:

«Դրանք,- շարունակեց փորձագետը,- մեր ստորերկրյա ջրերն են, որոնք ներծծվում են և թունելի մեջ դուրս գալով, թունելով հոսում դեպի Կեչուտի ջրամբար: Ընկերությունը նախնական հետազոտություններով բաղադրությունները պարզել ու հայտարարում է, որ ազդեցություն չի լինի, բայց դա շատ նման է վարչապետի ասածին, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի էկոլոգիական ազդեցություն չի լինելու:

Հավելենք, որ գիտնականի ներկայացրած փաստարկներից բացի, ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունը խայտառակ կերպով թերի է նաև այն առումով, որ դրանում շրջանցված է թթվային դրենաժի խնդիրը, տվյալ վտանգը, ըստ էության, թաքցված է: Չնայած այդ ամենին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նշված հաշվետվությանը, ինչպես նշեցինք, տրվել է փորձաքննական դրական եզրակացություն: Սա մի իրողություն է, որով, կարծում ենք, պարտավոր է արդեն հետաքրքրվել նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը:

Ամուլսարը, Ս. Մինասյանի հավաստմամբ, իր դիրքով, տեղով կտրուկ տարբերվում է Հայաստանում գործող մնացած բոլոր հանքավայրերից, և այդ տարբերությունը Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրներին այդ հանքավայրի շատ մոտ գտնվելն է: Սա արդեն իսկ առանձնացնում է Ամուլսարը մնացած բոլոր գործող հանքավայրերից և այն հանքավայրերից, որոնք պատրաստվում են շահագործման: Անդրադառնալով Ջերմուկի հանքային ջրերի վրա Ամուլսարի հանքի շահագործման ու դրա հետ կապված աշխատանքների ազդեցության խնդրին, գիտնականն ասաց.

«Հարցը նրանում է, որ Ջերմուկի հանքավայրը, ըստ էության, գին չունի, Ամուլսարում, չգիտեմ, այնտեղ քանի տասնյակ տոննա ոսկի կա և այլն, լավ, 10-15 տարի կհանեն այդ ոսկին, հետո կփակեն, կգնան, այդ ոսկին վերջնական գին ունի: Ջերմուկի ջուրը, Ջերմուկի հանքավայրը գին չունի, որովհետև այդ ջրի վրա իրավունք ունեն նաև մեր այն երեխաները, որոնք ծնվելու են 500 տարի հետո, այդ թվում նաև` վարչապետի սերունդները, մեր սերունդները, բոլորիս սերունդները: Այսինքն` այստեղ պետք է մի քիչ ավելի, այսպես ասած, հստակ մոտենալ. դա պետության, ժողովրդի ունեցվածքն է, իշխանության ունեցվածքը չէ, տարբերություն կա իշխանության և պետության միջև:

Խնդիրն այն է, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցության հետազոտությունները պետք է նախապես արվեին, պետք է գիտականորեն հիմնավորված կերպով ապացուցվեր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության արդյունքում, հանքի շահագործման սկզբնական փուլում, հիմնական շահագործման ընթացքում, հետշահագործողական փուլում և ռեկուլտիվացիայի փուլում, 20, 30, 100 տարի հետո Ջերմուկի ջրերի վրա որևէ ազդեցություն չի լինելու:

Հայտնի է, որ այդ հետազոտությունները մի քանի մեթոդներով են արվում: Արվել է եղած մեթոդներից ընդամենը մեկով, այն էլ` շատ թերի է արված, և այդ թերի արված հետազոտության հիման վրա «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, իրենց ՇՄԱԳ հաշվետվությունում այդպես էլ ներկայացված է, թե մենք ապացուցել ենք, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի կարող լինել, որովհետև Ամուլսարի գոտում ներծծվող ու բեռնաթափվող ստորերկրյա ջրերը կապ չունեն Ջերմուկի հանքային աղբյուրների հետ:

Սակայն, հարցը նրանում է, որ նույնիսկ սովորական գիտաշխատողը, որը գիտական հոդված է ներկայացնում հրապարակման, մի քանի մեթոդներով է փորձում դա ապացուցել, մինչդեռ ընկերության նախաձեռնությամբ ընդամենը մեկ դրվագային հետազոտություն է արված, 3 իզոտոպներ են հետազոտվել, այդ իզոտոպների հարաբերությունները նայվել, ու դրա հիման վրա հայտարարում են, որ Ջերմուկի ջրերը 50 տարեկան ջրեր են, իսկ Ամուլսարի գոտուց բեռնաթափվող ստորերկրյա ջրերն ընդամենը 1 տարեկան, թարմ ջրեր են, ուստի դրանք իրար հետ կապ չունեն:

 

Բնապահպանության նախարարությունում ոմանք ոչ թե բնության պահապաններ են, այլ «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբանները

Երբ որ մենք առաջին անգամ այդ հարցը բարձրացրեցինք 2014 թվականի լսումների ժամանակ, ըստ էության, ընկերության ներկայացուցիչներն ընդունեցին, որ կա խնդիր, պետք է այլ իզոտոպներով ևս, որոնք ավելի ճշգրիտ կապացուցեն` կապ կա՞ թե չկա Ջերմուկի ջրերի հետ, հետազոտություններ կատարել: Իրենք ընդունեցին, որ, այո, դա պետք է արվի»:

Իսկ ինչո՞ւ է դա կարևոր: Ս. Մինասյանի բացատրությամբ, մենք պետք է հիմա, մինչև հանքի շահագործումը ֆիքսենք Ջերմուկի ջրերի այս անաղարտ, կուսական վիճակը, որպեսզի հետագայում անընդհատ վերահսկողություն իրականացվի և ցանկացած ազդեցություն արագ բացահայտվի, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել այդ ազդեցության շարունակությունը կամ դադարեցնել:

«Քանի որ ընկերության ներկայացուցիչներն էլ դա, ըստ էության, ընդունեցին, մենք փորձեցինք այդ գործընթացը նաև դնել պետական հիմքերի վրա, դիմեցինք բնապահպանության նախարարություն, բայց բնապահպանության նախարարությունից մի այնպիսի նամակ ստացանք, որ, չեմ կարծում, թե «Լիդիան Արմենիա» և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունները երբևէ որևէ երկրում կկարողանան նման փաստաբան գտնել` իրենց ֆիրմայի շահերը պաշտպանելու համար,- ասաց հիշյալ ՀԿ խորհրդի անդամը:- Այնտեղ գրված էր, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, ընկերությունը, բոլոր կետերի համաձայն, ստացել է թույլտվություն աշխատելու համար, և ոչ մի լրացուցիչ հետազոտության կարիք չկա:

Բնական է, որ դրանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվեց այդ հետազոտություններն անելուց, ու մինչև հիմա խուսափում է: Սկզբում նույնիսկ մենք առաջարկում էինք, որ այդ լաբորատորիան, որը բավական թանկ է (1-1,5 մլն դոլարի համարժեք), բերել, դնել Հայաստանում և անընդհատ այդ վերահսկողությունն իրականացնել: Ընդ որում, այդ վերահսկողությունը պետք է լինի բաց, և հասարակությունը, պետությունը պետք է հնարավորություն ունենան վերահսկել ու տեղեկությունները ստանալ: Ընկերությունը, ըստ էության, սկզբում համաձայն էր, նույնիսկ հայտարարություն եղավ, որ, այո, մենք ընդունում ենք և կփորձենք այդ խնդիրը կարգավորել: 2014 թե 2015 թվականին բնապահպանության նախարարության չինովնիկների այդ պատասխանից հետո իրենք սկսեցին հրաժարվել»:

Ս. Մինասյանի տեղեկացմամբ, հարցն այս տարվա գարնանը նորից բարձրացվել է իրենց կողմից:

 

Նախարարության և «Լիդիան Արմենիա»-ի կողմից առաջարկության մերժումը, երբ խնդիրը ֆինանսական չէ, շատ բան է հուշում

«Մենք ասացինք` լավ, չի արվում, լաբորատորիա չի դրվում այստեղ, գոնե անհրաժեշտ է անել այդ հետազոտությունները, դրսում պետք է անել,- պատմեց փորձագետը:- Ընդ որում, առաջարկեցինք երկու լրացուցիչ տիպի հետազոտություն անել, դրանցից մեկը Հայաստանում հնարավոր է անել, ավելին ասեմ` բնապահպանության նախարարության համակարգում կա լաբորատորիա, որն ունի այդ հնարավորությունը, բոլորովին դժվար չէր մի քանի նմուշ բերել և այդ հետազոտություններն անել: Այն մասով, որ մենք առաջարկում էինք դրսում պատվիրել այդ հետազոտությունները հիմա, մինչև աշխատանքները սկսելը, բնապահպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ համաձայնվեցին, ընդունեցին, որ, իրոք, կա այդ մտահոգությունը, սակայն…»:

Թեև հիշյալ առաջարկը ներկայացվել է 8 ՀԿ-ների կողմից, որոշ ժամանակ անց նախարարության աշխատակիցներից մեկը առաջարկի տակ ստորագրած մի ֆիզիկական անձի (պարոն Համբարձումյանին) պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է, ձեր փաստարկները հիմնավոր չեն, փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է:

«Սրանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը, բնականաբար, նույնիսկ դրանից հրաժարվեց,- ասաց գիտնականը:- Եվ այստեղ, ճիշտն ասած, հիմա մտահոգությունը շատացել է: Ինչո՞ւ… Մենք, վերջապես, որոշեցինք «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի հետ ինքներս վերցնել այդ նմուշները և ինքներս ներկայացնել հետազոտության: Գնացել ենք, այդ բոլոր կադրերը կան, արդյունքները շուտով կհրապարակենք: Ինքներս գնացել, վերցրել ենք այդ նմուշները, հիմա հետազոտման փուլում են, ջրի 20-ից ավելի նմուշներ ենք վերցրել տարբեր տեղերից, հատակային նստվածք, Կեչուտի թունելի միջից ենք ջուր վերցրել, Ջերմուկի հանքային աղբյուրների ջրերն ենք վերցրել և այլն: Ինչն է զարմանալի. երբ որ մենք այդ պակասող իզոտոպային հետազոտությունների մասին խոսում էինք ու, բնականաբար, փնտրում լաբորատորիա Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, որ այդ անալիզներն անեն, գինը մեզ պարզապես ապշեցրեց. մեկ նմուշի անալիզի արժեքն ընդամենը 12-17 դոլար էր: Պատկերացրեք, որ եթե նույնիսկ 20 նմուշի անալիզ է արվում, մոտ 300 դոլարին համարժեք գումարի մասին է խոսքը: Ինչո՞ւ չի արվում, ուրեմն այստեղ խնդիրը գումարը չէ: Դա ինձ արդեն շատ ավելի է անհանգստացնում: «Լիդիան Արմենիա» ընկերության համար 300 կամ 3000 դոլարի ծախսն ընդհանրապես խնդիր չէր, այսինքն` այստեղ ֆինանսական չէ խնդիրը»:

Ընդգծենք, որ «Ջերմուկ» հանքային ջրի վրա այն փչացնող ազդեցության հնարավորությունը Ամուլսարի հանքի շահագործումից բխող մարտահրավերներից ընդամենը մեկն է:

 

Արթուր Հովհաննիսյան

 

28.06.17 | քաղաքականություն | քաղաքականություն