Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ինչպես կարելի է ճանաչել հուզական մանիպուլյատորին

1. Հուզական մանիպուլյատորի հետ ազնիվ լինելու ոչ մի իմաստ չկա

Ձեր ցանկացած անկեղծ հայտարարություն ձեր դեմ կշրջվի: Օրինակ.  «Ես շատ չարացած եմ, որովհետեւ դու մոռացել ես, որ իմ տարեդարձն է»:

Պատասխան. «Ինձ համար տխուր է լսել, որ դու մտածում ես, թե ես կարող էի մոռանալ քո ծննդյան տարեդարձը: Ես պիտի քեզ պատմեի, թե ինչ ուժեղ սթրես եմ տանում այս պահին, սակայն չէի ուզում քեզ անհանգստացնել: Ճիշտ ես ասում, ես պիտի մոռանայի իմ խնդիրների մասին (չզարմանաք, եթե այս պահին մանիպուլյատորը արցունք հոսեցնի) եւ կենտրոնանայի քո ծննդյան տարեդարձի վրա: Կներես»:

Երբ նման պատասխան եք լսում, ձեզ մոտ կարող է այնպիսի զգացում առաջանալ, թե դա բոլորովին էլ անկեղծ ափսոսանք չէ, այլ ավելի շուտ ձեզ ուղղված հանդիմանանք եւ դուք այլեւս ավելացնելու բան չունեք: Ցանկացած հանգամանքում, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ ձեզ անկյուն են քշել, մի հանձնվեք: Մի ընդունեք ներողությունը, որի պատճառով ձեզ մեղավոր կզգաք:  

Կանոն թիվ մեկ. եթե բախվել եք հուզական շանտաժի, վստահեք ձեր ինտուիցիային: Չէ որ  հենց հուզական մանիպուլյատորը  հաջող մանեւր հայտնաբերի, անպայման դարձյալ կօգտագործի դա` ձեզ ներկայացնելով որպես կատարյալ եսասեր, որը հաշվի չի նստում ուրիշների հույզերի հետ: 

2. Հուզական մանիպուլյատորը միշտ պատրաստ է օգնության հասնել

Եթե նրանից որեւէ ծառայություն խնդրեք, նա գրեթե միշտ կհամաձայնի  (սակայն առաջինը օգնություն չի առաջարկի): Հետո, երբ դուք ասում եք` «Լավ, շնորհակալություն», նա ծանր շնչում է եւ առանց խոսքերի ցույց է տալիս, որ իրականում չի ուզում անել դա:   Այդ դեպքում դուք ակնարկում եք, որ նա իրավունք ունի հրաժարվել ձեր խնդրանքից, բայց մանիպուլյատորը հայտնում է, որ իհարկե կօգնի, իսկ իր հրաժարման վերաբերյալ ձեր ակնարկները որեւէ հիմնավորում չունեն եւ վիրավորում են իր զգացմունքները: Եվ նման մանիպուլյացիաները շատ արդյունավետ են:   

Կանոն թիվ մեկ. եթե հուզական մանիպուլյատորն ասել է   «այո», նրան պատասխանատու դարձրեք իր կայացրած որոշման համար:  Մի տրվեք հոգոցներին եւ խորամանկություններին: Եթե նա չի ուզում անել այն, ինչ հանձն է առել, նրան ստիպեք ուղիղ ասել դա` աչքերի մեջ նայելով կամ էլ նրան հանգիստ թողեք:  

3. Հուզական մանիպուլյատորը նախ մի բան է ասում, իսկ հետո ձեզ հավատացնում է, թե չի ասել դա 

Եթե հանկարծ նկատել եք, որ պետք է օրագիր պահեք եւ դրանում գրի առնեք այն ամենը, ինչ ավելի վաղ ասվել է, որովհետեւ կասկածում եք ձեր նորմալությանը, իմացեք, դուք ենթարկվում եք հուզական մանիպուլյացիայի: Հուզական մանիպուլյատորը արդարացումների, պատրվակների, ամեն ինչ գլխիվայր շրջելու եւ ռացիոնալիզացիայի մասնագետ է: Նա կարող է այնքան համոզիչ ստել եւ վիճել, որ դուք սեւը սպիտակ կտեսնեք եւ կսկսեք կասկածել ինքներդ ձեզ:   Ժամանակի հետ նրա սուտն այնքան նենգ եւ ավերիչ կդառնա, որ  կարող է բառացիորեն փոխարինել ձեր իրականության զգացմանը: Զգուշացնում ենք. հուզական մանիպուլյացիան շատ վտանգավոր է:  

Կանոն համար երեք. հնարավոր է մանիպուլյատորին շփոթեցնել եւ ստիպել, որ նյարդայնանա` նրա հետ զրույցի ընթացքում թղթի վրա նշումներ անելով: Մի ամաչեք «մոռացկոտ» ձեւանալ եւ ասացեք, որ չեք ուզում բաց թողնել նրա հետ զրույցի ոչ մի մանրամասն: Շփման նման միջոցը ազդանշան է, որ ժամանակն է, որ ազատվեք նման շրջապատից:  

4. Հուզական մանիպուլյատորը կարող է շատ նրբորեն շահարկել մեղքի զգացումը

Նրանք կարող են ձեզ ստիպել, որ մեղավոր զգաք ձեր ասածի համար եւ լռության, ձեր հուզականության եւ զսպվածության, հոգատարության դրսեւորման եւ դրա դրսեւորման բացակայության:  Այլ խոսքով ասած` մանիպուլյատորը ցանկացած իրավիճակում ձեզ կդարձնի անմեղ մեղավոր: Հուզական մանիպուլյատորները հազվադեպ են իրենց պահանջմունքների եւ ցանկությունների մասին անկեղծորեն արտահայտվում. նրանք ամեն ինչ ստանում են հուզական մանիպուլյացիաների միջոցով:  Մեղքի  զգացում առաջացնելը ազդեցության ոչ միակ, բայց ամենուժեղ ձեւն է: Մեր մեծամասնությունը պատրաստ է ամեն ինչ անել այդ տհաճ զգացումից ազատվելու համար: 

Եվս մի ուժեղ հույզ, որի վրա խաղում է մանիպուլյատորը, կարեկցանքն է: Հուզական մանիպուլյատորը միշտ հանդես է գալիս մշտական զոհի դերում:  Նա հմտորեն ձեզ ներշնչում է, թե հոգատարության եւ հովանավորության կարիք ունի: Հուզական մանիպուլյատորները հազվադեպ են մասնակցում ուրիշների կռիվներին եւ չեն ստանձնում կեղտոտ աշխատանքը:  Մանիպուլյատորների նենգությունը հետեւյալում է կայանում. երբ դուք նրանց որեւէ ծառայություն եք մատուցում   (որը նրանք երբեք ուղղակիորեն չեն խնդրում), կարող են հայտնել, թե չէին սպաում կամ բոլորովին էլ չէին ուզում, որ դուք ինչ-որ բան անեք:

Կանոն թիվ չորս. փորձեք նման մարդկանց հասկացնել, որ դուք չեք ցանկանում մասնակցել նման խաղերի եւ մտադիր չեք նրանց փոխարեն կատարել կեղտոտ աշխատանքը: Ասացեք.  «Ես լիովին վստահ եմ, որ դուք ի վիճակի եք ամեն ինչ ինքնուրույն լուծել», իսկ հետո հետեւեք մանիպուլյատորի արձագանքին: 

5. Հուզական մանիպուլյատորն անազնիվ խաղ է վարում

Նրանք ոչ մեկի եւ ոչ մի բանի հետ ուղղակիորեն գործ չեն ունենում:  Նրանք կխոսեն ձեր թիկունքում եւ ի վերջո ուրիշներին կստիպեն ձեզ հայտնել այն, ինչ իրենք երբեք բացահայտորեն չէին ասի ձեզ: Նրանք պասիվ ագրեսորներ են եւ միշտ հատուկ միջոցներ կգտնեն ձեզ հասկացնելու, որ իրենք դժբախտ են: Նրանք ձեզ կասեն այն, ինչ դուք ցանկանում եք լսել, հետո ամբողջ պատասխանատվությունը կդնեն ձեր ուսերին: 

Օրինակ. «Իհարկե ուզում եմ, որ դու ինստիտուտ վերադառնաս, թանկագինս: Դու գիտես, որ միշտ կաջակցեմ քեզ »: Իսկ երեկոյան քննությունից առաջ դուք նստում եք սեղանի առաջ եւ փորձում եք կենտրոնանալ, մինչդեռ պատի այն կողմում երեխան լաց է լինում, շունն ուզում է դուրս գնալ, հեռուստացույցը բղավում է, իսկ ձեր    «թանկագին» մանիպուլյատորը, ասես ոչինչ չի եղել, նստած է իր բազմոցին եւ զարմանքով ձեզ է նայում:  Իսկ եթե համարձակվեք հանդիմանել նրան, անպայման նման ֆրազ կլսեք.  «Կյանքը չի կարող կանգ առնել միայն նրա համար, որ դու շուտով քննություն ունես»: Կարելի է լաց լինել, բղավել կամ խեղդել մանիպուլյատորին. միայն վերջինը երկարատեւ օգուտ կտա: 

6. Եթե ձեր գլուխը ցավում է, մանիպուլյատորի մոտ ուղեղի ուռուցք կհայտնվի

Ինչ էլ պատահի ձեզ, հուզական մանիպուլյատորը կողքին կլինի եւ դրանով ավելի կբարդացնի իրավիճակը: Նման մարդկանց հետ հարաբերություններ պահպանելը շատ բարդ է, չէ որ նրանք միշտ միջոց կգտնեն զրույցը վերաուղղորդելու իրենց հետաքրքրող հունով եւ ուշադրությունը բեւեռելու իրենց անձի վրա:  Իսկ երբ դուք նրանց մատնանշեք դա, նրանց, ամենայն հավանականությամբ, խորը կվիրավորեն ձեր խոսքերը եւ նրանք ձեզ եսասեր կկոչեն եւ կհանդիմանեն նրա համար, որ դուք եք միշտ ուզում ուշադրության կենտրոնում լինել: Եվ չնայած ձեզ հայտնի է, որ դա բոլորովին էլ այդպես չէ, հակառակն ապացուցելն ուղղակի անհնար կլինի: 

Կանոն թիվ վեց. Մի անհանգստացեք, վստահեք ձեր ինտուիցիային եւ ուղղակի հրաժեշտ տվեք այդ մարդուն: 

7. Հուզական մանիպուլյատորը կարող է ազդել այն մարդկանց հուզական կլիմայի վրա, ովքեր շրջապատում են նրան 

Եթե մանիպուլյատորը չարացած է կամ վշտացած, բնազդական մակարդակում սկսում է միջոց փնտրել հավասարեցնելու հուզական կլիման: Եվ մանիպուլյատորի վիճակը լավացնելու ամենաարագ միջոցը նրա ուզածն անելն է: 

Շարունակելով շփվել այդ տեսակի մարդկանց հետ, դուք նրանց խամաճիկի կվերածվեք: Դուք կախվածություն ձեռք կբերեք նրանցից եւ նույնիսկ չեք հիշի, որ ձեր սեփական պահանջմունքներն ունեք, էլ չասած այն մասին, որ դուք դրանց  բավարարման նույնպիսի իրավունք ունեք: 

8. Հուզական մանիպուլյատորները զրկված են պատասխանատվության զգացումից

Նրանք պատասխանատվություն չեն կրում ոչ իրենց համար, ոչ իրենց պահվածքի. նրանք միշտ սպասում են, որ մյուսներն այդ ամենն անեն իրենց փոխարեն:  Գոյություն ունի հուզական մանիպուլյատորին ճանաչելու ամենահեշտ միջոց. նա հաճախ փորձում է մտերմություն ստեղծել` ձեզ ներկայացնելով խորապես անձնական տեղեկություններ` դրանով ձեզ կախելով կարեկցանքի կեռից:  Նախ կմտածեք, որ գործ ունեք ազնիվ, հուզականորեն բաց եւ նույնիսկ մի քիչ խոցելի մարդու հետ: Սակայն հավատացեք, հուզական մանիպուլյատորը մոտավորապես նույնքան խոցելի եւ թույլ է, որքան կատաղած պիտբուլը:  Նա միշտ խնդիր կամ ճգնաժամ կունենա, որն անհրաժեշտ է հաղթահարել:  

 

Աղբյուրը` Kleo

08.09.16 | հասարակություն | մոդա քաղաքականություն