Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Թոփ 5 լավագույն ֆիլմերը նորաձևության մասին

Նորաձևությունը տիրել է նաև կինոմատոգրաֆիայի աշխարհին։ Նրա մասին խոսում են, քննարկում, նկարահանում աշխարհահռչակ ֆիլմեր։ Ձեզ ենք ներկայացնում նորաձևության մասին նկարահանված այն 5 հայտնի ֆիլմերի ցանկը, որոնք արժե դիտել։

Եվ այսպես, 1 հորիզոնականում է «Սատանան կրում է Prada» (The Devil Wears Prada) ֆիլմը։

Սա 2006 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգություն-դրամա է՝ հիմնված Լորեն Վայզբերգերի համանուն վեպի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Ֆրանկելը։

Ֆիլմը մի գավառական աղջկա՝ Անդրեայի (Էն Հեթուեյ) մասին է, ով  երազում է լրագրող դառնալու մասին։ Համալսարանն ավարտելուց հետո նա ստանձնում է ամենակարող Միրանդա Փրիսթլիի (Մերիլ Սթրիփ) օգնականի պաշտոնը։ Վերջինս նյույորքյան ամենախոշոր նորաձևության ամսագրերից մեկի՝ «Runway»-ի խմբագիրն է։ Անդրեան շատ է երազում նման աշխատանքի մասին՝ չիմանալով, թե ինչպիսի նյարդային լարվածության հետ է այն կապված։

2-րդ հորիզոնականում է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (Breakfast At Tiffany’s) հանրահայտ կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Բլեյք Էդվարդսոմն է։ Գլխավոր դերերում են Օդրի Հեփբերն ու Ջորջ Պեպարդը։

Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ Փոլ Վարժակը (Ջորջ Պեպարդ), գրող, ով ապրում էր իր հարուստ սիրուհու հաշվին, տեղափոխվում է նոր բնակարան և ծանոթանում իր հարևանուհու Հոլի Գոլայթլիի՝ (Օդրի Հեփբերն) թեթևամիտ աղջկա հետ, ով ցանկանում է ունենալ հարուստ ամուսին։ Նա միշտ շփոթում է անունները, հեռախոսը պահում մահճակալի տակ գտնվող ճամպրուկում, փախչում է պատուհանով և երազում «Tiffany & Co» խանութի մասին։ Երբ Հոլին կգտնի մի տեղ, որտեղ իրեն կզգա այնքան հանգիստ, որքան «Tiffany & Co»-ում, նա կդադարի փախչել կյանքից ու վերջապես անուն կտա իր կատվին։

 

«Կոկոն նախքան Շանելը»  (Coco avant Chanel) մեծ մոդելյեր Կոկո Շանելի կենսագրական ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2009 թվականին մեր հնգյակի 3-րդ հորիզոնականում է։

Ֆիլմի անվանման մեջ «նախքան» բառն (անգլ.՝ before, ֆր.՝ avant) արդեն իսկ արտահայտում է ֆիլմի ամբողջական միտքը՝ Գաբրիել Կոկո-ի կյանքն այն ժամանակ, երբ նա դեռ չէր դարձել Շանել։

Մանկատնից դուրս գալուց մի քանի տարի անց Գաբրիել Շանելը աշխատում է մի բարում՝ միաժամանակ կատարելով երկու աշխատանք։ Նա և՛ դերձակուհի է, և՛ երգչուհի, ով ստացել է Կոկո մականունը, մի գիշեր այդ երգը քրոջ հետ կատարելու համար։ Բարոն Բալզանի հետ իր կապի շնորհիվ Շանելը հնարավորություն է ստանում ավելի շատ ու որակյալ գլխարկներ կարելու։ Երբ Կոկոն սիրահարվում է անգլիացի բիզնեսմեն Արթուր Կեպլին, նրա առջև բացվում են նոր հնարավորություններ, բայց կյանքը դառնում է ավելի վատը, քան կար նախկինում։

Շանելին մարմնավորում է ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել Օդրի Տատուն։

 

Ջուլիանա Շնաբելյայի նկարահանած  «Սկաֆանդրը և թիթեռը»  (Le scaphandre et le papillon) կինոֆիլմ է , որը պատմում է «Elle» հանդեսի ֆրանսերեն հրատարակության խմբագիր Ժան-Դոմինիկ Բոբինի մասին, ով 1995-ին 45 տարեկանում կաթված ստացավ` ամբողջովին անդամալույծ դառնալով, բացի ձախ աչքից։ Այդ աչքը բացել-փակելու միջոցով հուշերը պատմելիս Բոբին պերճախոսորեն նկարագրում է իր ներաշխարհի տարբեր կողմերը` սեփական մարմնում կալանված լինելու ֆիզիկական տանջանքից մինչև երևակայական պատմություններն այն վայրերի մասին, ուր ինքը միայն մտովի է այցելել։

Խմբագրին մարմնավորել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Մաթյո Ամարլիկը, ով խորապես կարողանում է փոխանցել Բոբինի հույզերը։

Այս ֆիլմը 2008թ․-ին «Օսկար»-ի է արժանացել 4 անվանակարգերում։ Մեր համեստ հնգյակում այն արժանանում է 4-րդ հորիզոնականին։

 

Լավագույն հնգյակը եզրափակում է հնդկական ֆիլմարտադրության մի ֆիլմ, որը թարգմանաբար կոչվում է «Նորաձևության գերին» (Fashion): Ֆիլմի ռեժիսորը Մադխուր Բխանդարկարն է։

Ֆիլմը մի աղջկա մասին է, ով երազում է դառնալ սուպերմոդել։ Իր երազանքին հասնելու համար նա հավաքում է ճամպրուկն ու ուղևորվում Մումբայ։ Այստեղ նա հանդիպում է իր վաղեմի ծանոթին, ով էլ դառնում է նորաձևության աշխարհ վերջինիս մուտքն ապահովողը։ Բազում դժվարություններ հաղթահարելով՝ աղջիկը վերջիվերջո հասնում է իր նպատակին, սակայն սա դեռ վերջը չէ, ինչպես պարզվում է գագաթին հայտնվելն ավելի հեշտ է, քան այնտեղ մնալը․․․

 

 

Կազմեց՝ Շուշան Պողոսյանը

10.11.15 | հասարակություն | աստղերը քաղաքականություն