Թուրքիան կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին չեղարկել անկախության հանրաքվեի արդյունքները

 

Իրաքում քրդական ինքնավարության կողմից անցկացված անկախության հանրաքվեի արդյունքների սառեցումը բավարար չէ, անհրաժեշտ է դրանք ամբողջությամբ չեղյալ համարել: 

 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: 

 

Նրա խոսքերով՝ այժմ Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ետ քայլ է կատարել, սակայան հանրաքվեի արդյունքների սառեցումը  բավարար չէ: 

 

«Մենք բարեկամաբար Բարզանիին զգուշացրել ենք, թե ինչ հետևանքների կհանգեցնի այդ անպատասխանատու քայլը: Այժմ մենք ստիպված ենք որոշ միջոցներ կիրառել, մասնավորապես, պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրաքյան կառավարության հետ, որպեսզի վերջիններս վերահսկողության տակ վերցնեն սահմանային անցակետերը»,- նշել է թուրք պաշտոնյան: 

 

Նշվում է, որ չորեքշաբթի Իրաքյան Քուրդիստանի կառավարությունն Իրաքին առաջարկել է դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները: 

Ի պատասխան՝ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին նշել է, որ Իրաքն այդ պայմանը կընդունի միայն անկախության հանրաքվեի արդյունքները չեղարկելու դեպքում: 

 

26.10.17 | քաղաքականություն