Թուրքիայում հեղաշրջման փորձն այս անգամ շատ արյունոտ կլինի

Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հրապարակման, այս մասին հայտարարել է Անկարայի քաղաքապետ Մելիյ Գյոքչեքը: Վերջինիս տեղեկացմամբ, գյուլենականները նախապատրաստվում են երկրում հեղաշրջման նոր փորձի: Ապստամբները, ինչպես հավաստել է Անկարայի քաղաքապետը, այս անգամ էլ չեն կարողանա որևէ արդյունքի հասնել:

 

«Հուլիսի 15-ին անզեն ժողովուրդը սրանց վրա թքելով, ճնշեց հեղաշրջման փորձը,- ասել է Մ. Գյոքչեքը:- Այժմ արդեն ոմանք իրենց ու իրենց ընտանիքի անդամների համար զենք են գնել: Ճիշտ բան չէ, բայց սա է իրավիճակը: Այս անգամ հեղաշրջման փորձը շատ արյունոտ կլինի, և ժողովուրդը չի ների: Հեղաշրջման փորձում ներգրավված ցանկացած ուղղաթիռ կամ ինքնաթիռ միանգամից կխփվի ու կիջեցվի»:

Անկարայի քաղաքապետը միաժամանակ հայտարարել է, որ այս անգամ հեղաշրջման փորձը կարող է ավելի արյունոտ կերպով ճնշվել:

Դժվար է ասել՝ Թուրքիան իրո՞ք հերթական անգամ կանգնած է հեղաշրջման վտանգի առաջ, թե Մ. Գյոքչեքը խոսելով գյուլենականների կողմից հեղաշրջման նոր փորձի նախապատրաստության մասին, պարզապես նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներից:

 

 

 

 

25.02.17 | քաղաքականություն | ֆուտբոլ