Թուրքիայում ԱՄՆ-ին կոչ են արել վերանայել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանությունը տեղափոխելու որոշումը

 





Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել Իսրայելի Թել Ավիվ քաղաքից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխման որոշումը: 

 

Interfax-ի փոխանցմամբ՝ նա, մասնավորապես, ասել է. «Մերձավոր Արևելքում Երուսաղեմը շատ զգայուն շրջան է: Նախագահ Թրամփն հանդես է եկել նման նախաձեռնությամբ, որն իմ կարծիքով՝ պետք է վերանայվի: Երուսաղեմը Սուրբ քաղաք է նաև մահմեդականների համար, և մեր կառավարությունը հույս ունի, որ այդ որոշումը չի սրի խնդիրները»:  

 

Թուրք վարչապետի խոսքերով՝ Թրամփի վերոնշյալ որոշումը կարող է իսրայելցիների և պաղեստինցիների միջև հարաբերություններում հանգեցնել հերթական լարվածությանը, նաև կոնֆլիկտ հրահրել տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև: 

 

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտարարել են, որ կարող են Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, և այնտեղ տեղափոխել ամերիկյան դեսպանությունը:  

 

Իսրայելը Երուսաղեմը համարում է պետության մայրաքաղաք, սակայն աշխարհի շատ երկրներ հրաժարվում են ընդունել դա՝ նշելով, որ տվյալ հարցը պետք է լուծվի իսրայելցիների և պաղեստինցիների միջև անմիջական երկխոսության արդյունքում: 

 

Միաժամանակ Սպիտակ տնից հաղորդել են, որ ԱՄՆ նախագահը հեռախոսային առանձնազրույցներ է ունեցել Իսրայելի, Պաղեստինի, Հորդանանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկել է Երուսաղեմի հետ կապված հնարավոր որոշումները: 

 

06.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն