Թումանյանական հայտնի և սիրելի հերոսների արձանները զարդարել են բանաստեղծի ծննդավայրի հրապարակը և տուն-թանգարանի բակը (ֆոտոշարք)

 














Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքրիաթների հայտնի և սիրելի հերսոներն այսուհետ ընթերցասեր հայությանը կողջունեն ոչ միայն գրքերից, այլև հենց Դսեղում գտնվող Թումանյանի տուն-թանգարանի բակում: 

«Շունն ու կատվի», «Անհաղթ աքաղաղի», «Պոչատ աղվեսի», «Սուտլիկ որսկանի» և այլ թումանյանական հերոսների փայտե արձաններն իրենց ներկայությամբ թանգարան այցելողների տպավորություններն ավելի վառ ու գունեղ կդարձնեն: 

 

Իրականում վերոնշյալ փայտե արձանները միակ նորամուծությունը չեն Հ. Թումանյանի տուն-թանգարանում: 

 

Օրերս ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ այնտեղ տեղի ունեցավ բացօթյա ցուցասրահի, հանգստյան տաղավարի և սանհագույցի, ինչպես նաև Դսեղի հրապարակում թումանյանական հերոսների` քարե քանդակների շարքի բացման արարողությունը: 

 

Նշենք, որ թանգարանի բակում բացօթյա ցուցասրահի, հանգստյան տաղավարի և սանհագույցի շինարարությունն իրականություն է դարձել ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի նվիրատվության շնորհիվ: 

 

«Թումանյանական հերոսների գեղեցիկ արձանների ստեղծումն ավելի երևակայական դարձրեց այս միջավայրը, իսկ թանգարանի հարևանությամբ գտնվող այս հրաշալի ենթակառուցվածքը կնպաստի, որպեսզի թանգարան այցելողներն ավելի երկար ժամանակ անցկացնեն այստեղ: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ա. Տիգրանյանին, ում ֆինանսական ներդրման շնորհիվ հնարավոր եղավ նման ենթակառուցվածք ունենալ թանգարանի բակում,- նկատեց Ա. Ամիրյանը` շնորհակալություն հայտնելով նաև փայտե քանդակների երիտասարդ հեղինակներին: 

 

Նախարարի փոխանցմամբ` փայտե քանդակները ստեղծվել են հատված ծառերի բների վրա, որոնք սնամեջ էին և վտանգ էին ներկայացնում թանգարանի համար: 

 

Նրա վստահեցմամբ` կատարվող աշխատանքներն ընդամենը նախապատրաստական փուլն են 2019 թվականին նախատեսված Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումների: 

 

Այդ ծառերի փոխարեն Արմեն Ամիրյանը, Աշոտ Տիգրանյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նոր ծառեր տնկեցին, որոնք ունեն ուղղահայաց, ոչ խորունկ արմատներ և հետագայում չեն քանդի շենքի հիմքը: 

 

Իր հերթին Դսեղում Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի գնահատմամբ` թանգարանի բակում տեղադրված փայտե արձանները և բացված նոր ենթակառուցվածքը կնպաստեն այցելուների թվի ավելացմանը: 

 

«Սանհանգույցի և բացօթյա տաղավարի բացմանը շատ երկար էինք սպասել: Այստեղ այսուհետ հնարավոր կլինի ցուցահանդեսներ և այլ հետաքրքիր միջոցառումներ իրականացնել»,- նշեց Ռ. Ղազրումյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում պատրաստվում են «Թումանյանական օրերին»: 

 

Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ այս տարի սպասվում են թումանյանական գրքերի հրատարակումներ, փաստավավերագրական ֆիլմերի նկարահանումներ, համերգային ծրագրեր, ներկայացումների բեմադրում և այլ մշակութային միջոցառումներ: 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

26.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն