Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Զինա Կ .-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար: Վերջիններս պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով՝ տարիներ շարունակ այդ կերպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել որդու նկատմամբ, որի հետևանքով Ս. Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան:

Քաղաքացի Զինա Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

22.12.15 | ժողովածու