Ընտրական օրենսգիրք գրողները որոշակի սողանցքներ են թողել ընտրախախտումներ իրականացնելու համար. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Իշխանությունների ընտրական օրենսգիրք գրողներն իրենց խելքն ի չարս են օգտագործում, քանի որ օրենսգրքում որոշակի սողանցքներ են թողել ընտրախախտումներ իրականացնելու համար:  Նման կարծիք փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումների հնարավորությանը: 

 

Ըստ նրա` ակնհայտ է մեկ բան, որ ցանկացած պարագայում իշխանությունները պատրաստ չեն խաղաղ ձևով իշխանությունը հանձնել, հակառակ դեպքում նման օրենսգիրք չէր ընդունվի: 

«Բազմաթիվ հարցեր կային, որոնք սողանցքների տեղ թողեցին ոչ միայն օրենքի մակարդակում, այլև` տեխնոլոգիական, որն իրենք հաշվի են առնում ընտրական օրենսգիրքը կազմելուց»,- ասաց նա` ընդգծելով, որ միակ դրական քայլն ընտրացուցակների հրապարակումն է, ինչը գոնե 30 տոկոսով կնվազեցնի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը:  

Ա. Մարտիրոսյանի համոզմամբ` ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելիս քաղաքացիները պետք է քաղաքական ընտրություն կատարեն` քաջ գիտակցելով, որ այդ ընտրություններն ամբողջ իշխանությունը վերաբախշելու բացառիկ հնարավորություն է: 

Նրա խոսքերով, եթե ընտրությունների այս փուլը պարտության մատնվի, այսինքն` դարձյալ ընտրություններում հաղթի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ապա ակնհայտ է, թե հաջորդ տարիներին ինչ է սպասվում Հայաստանին: 

«Բոլոր ոչ իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերի քարոզարշավի նպատակներից մեկը քաղաքացուն իրազեկելը պետք է լինի. Ժողովրդին պետք է ասվի, որ եթե ընտրում եք Ձեր թաղի լավ տղուն հանրապետականի ցուցակից, նրա պատգամավոր դառնալու հնարավորությունը զրո է, բայց որ դրա արդյունքում հանրապետականը և Սերժ Սարգսյանն են իշխանությունը շարունակելու, դրա հավանականությունը 100 տոկոսի է մոտենում»,- ընդգծեց «Ժառանգության» փոխնախագահը` կոչ անելով ընտրություն կատարելուց առաջ մտածել, արդյոք ցանկանում են տվյալ կուսակցությանը տեսնել խորհրդարանում: 

Ա. Մարտիրոսյանի պնդմամբ` ընտրակեղծիքների այսպես կոչված արկղն արդեն բացվել է, տարատեսակ ընտրակաշառքների խոստումներով, ադմինիստրատիվ ռեսուրսի ճնշմամբ, տարածքների բաժանման առումով, որոնք ոչ միայն ապաքաղաքական և ապակուսակցական, այլև քրեական գործընթացներ են: 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

 

 

24.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն