Ընթերցասեր հասարակությանն է ներկայացվել Արեգ Գրիգի «Սղագրեր» գիրքը

 

Ժամանակին ինքնաճանաչման փորձեր կատարած լրագրող, հաղորդավար Արեգ Գրիգն ընթերցասեր հասարակությանն է ներկայացնում բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն, որը կրում է «Սղագրեր» խորագիրը: 

 

Երկու բաժնից՝ «Սղագրեր ապաշխարության» և «Սղագրեր սիրո» բաղկացած գիրքն ընդգրկում է հեղինակի 1996-2017 թվականներին գրված ստեղծագործությունները:

 

500 օրինակով հրատարակված «Սղագրեր» գրքի առանցքային հերոսը մարդն է՝ իր հոգևոր արժեքներով, մեղքերով ու ապաշխարությամբ, խոստովանական անմեկնելի հակադարձումներով, որոնք հեղվում են վերահայտ սիրո քրիստոնեական պատգամում, հոգևոր և աշխարհիկ օրենքների բախմամբ՝ ըննդեմ ամենաթողության: 

 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Արեգ Գրիգը, մասնավորապես, նշել է.

 

«Երկար տարիներ ցանկանում էի գիրք ունենալ, սակայն ինքնաքննադատությունը, հիասթափությունն ու ինքնահամոզումը բերում էին այն մտքին, որ դա իմ առաքելությունը չէ: Սա իմ առաջին գիքն է, որտեղ ամփոփված են ստեղծագործական կյանքի մոտ 21 տարվա աշխատանքները»: 

 

Գրական-երաժշտական երեկոյի ժամանակ հնչել են նաև Արեգ Գրիգի բանաստեղծությունների  հիման վրա գրված երգերն Աննա Մայիլյանի կատարմամբ: 

 

Նշենք, որ երեկոյի ընթացքում գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է  «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամին: 

 

 

 

 

 

 

 

02.12.17 | քաղաքականություն