Ընթացիկ տարում Հայաստանն ԱՄՆ ՄԶԳ-ից 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա այստեղ իրականացվող ծրագրերի համար

 





Ընթացիկ տարում Հայաստանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա այստեղ իրականացվող ծրագրերի համար: 

 

Ինչպես ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի միջև համագործակցության 25-ամյա հոբելյանի օրը տեղեկացրեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, նշյալ գումարն ուղղվելու է հիմնականում այն ոլորտներին, որտեղ իրականացվող ծրագրերն արդեն իսկ ընթացքի մեջ են: 

 

Ըստ նրա` այդ ոլորտներն են տուրիզմի զարգացումը, էներգետիկ և ժողովրդավարական բլոկները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և տեղական ինքնակառավարման բարեփոխումները: 

 

ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի միջև համագործակցության 25-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որին մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 300 գործընկերներ և շահառուներ` կառավարության պաշտոնյաներ, մասնավոր հատվածի ղեկավար ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և միջազգային համայնքի ներկայացուցիչներ և այլն: 

 

«ԱՄՆ ՄԶԳ-ի հիմնական խոշորագույն նվաճումներից մեկը թերևս այս վայրն է` Հայաստանի Ամերիկյան համալսարանը, որտեղ մենք տոնում ենք Հայաստանի հետ համագործակցության 25-ամյակը: Այս համալսարանն առաջատար կրթօջախ է, որտեղ ուսանում են Հայաստանի ապագա առաջնորդները»,- լրագրողների հետ զրույցում նշեց դեսպան Ռ. Միլսը: 

 

Վերջինս անդրադառնալով բուն միջոցառմանը` ընդգծեց, որ 1992 թվականից ի վեր, երբ Երևանում բացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի գրասենյակը, ավելի քան 1 մլրդ դոլարի օժանդակություն է ցուցաբերվել Հայաստանին տնտեսության և հասարակության գրեթե բոլոր ոլորտներին առնչվող ծրագրերի իրականացման միջոցով: 

 

Նրա խոսքերով` որպես ԱՄՆ պետդեպարտամենդում Հայաստանի գործերով զբաղվող առաջին պատասխանատու, ով հետևել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրներին, կարող է հստակ փաստել, որ 25 տարիների ընթացքում արձանագրված առաջընթացում իր զգալի մեծ ներդրումն է ունեցել ԱՄՆ ՄԶԳ-ն: 

 

«Հետադարձ հայացք նետելով` ես կարող եմ ասել, որ այս 25 տարիների ընթացքում ծրագրերն իրականացվել են հնարավորինս արդյունավետ

կերպով և ուղղված են եղել Հայաստանի ժողովրդի համար առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանը»,- նկատեց Ռ. Միլսը: 

 

Նշենք, որ 1996-2008 թվականներին ամերիկյան կողմը Հայաստանին տրամադրել է զարգացման երկարաժամկետ օժանդակություն: 

Այսպես` մարդասիրական ճգնաժամի թուլացումից և տնտեսական բարեփոխումներից հետո ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը մարդասիրականից վերածվել են երկարաժամկետ կայուն զարգացման ծրագրերի` աշխատելով հիմնականում միջազգային կազմակերպությունների միջոցով: 

 

ԱՄՆ ՄԶԳ-ն դյուրացրել է Հայաստանի անցումը շուկայական տնտեսության` ստեղծելով մրցունակ մասնավոր հատված, իրականացրելով տնտեսական բարեփոխումներ, շուկայի ազատականացում, խթանել ներդրումների աճին: 

ԱՄՆ ՄԶԳ-ն նաև օժանդակել է Հայաստանին որդեգրել ժողովրդավարական կառավարում, քաղաքացիական հասարակության զարգացում, քաղաքական կուսակցությունների և օրենքի գերիշխանություն: 

 

Իր հերթին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերն ամրապնդել են ոչ միայն քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները, այլև զուտ մարդկային կապերը:   

 

Նրա գնահատմամբ` իրականացված ծրագրերը նաև իրենց դրական ազդեցությունն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման վրա: 

 

«Պետք է ֆիքսենք, որ 1992 թվականին մենք ի դեմս ԱՄՆ ՄԶԳ-ի` ունենք շատ վստահելի գործընկեր»,- ընդգծեց Կ. Կարապետյանը` հավելելով, որ 25 տարիներին իրականացված համատեղ աշխատանքները բխել են տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից և առաջնահերթ մարտահրավերներից: 

 

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայումս իրականացնում է ավելի քան 30 ծրագիր Հայաստանի բոլոր մարզերում` օժանդակելով Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, տեղական հաստատությունների, հայկական սփյուռքի և այլ դոնոր կազմակերպությունների համատեղ ջանքերին:  

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

13.10.17 | քաղաքականություն