Էդվարդ Նալբանդյանն Իրաքի խորհրդարանականների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: 

 

Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև ձևավորված ակտիվ գործընկրությունը, որ շարունակաբար զարգանում է և համալրվում նոր բովանդակությամբ:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աբդելբարի ալ-Զիբարին ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն դերակատարումն ունի Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների հետագա խորացման գործընթացում:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրաքյան համագործակցության օրակարգին՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը հնարավորություն է տալիս խորացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում:

 

Կողմերն անդրադարձել են նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, գործարար շրջանակների միջև համագործակցության խթանման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

 

Երկուստեք կարևորվել է իրաքահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու բարեկամ երկրների համագործակցության խթանման գործում։

30.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն