Երևանում չինական դպրոցը՝ հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

 

Հանդիպման հիմնական առանցքում եղել են  Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր:

 

Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը ցուցաբերող գործնական աջակցության համար՝ նշել է, որ դպրոցը կդառնա հայ-չինական բարեկամության դպրոց: Նրա խոսքով,  ժամանակն է, որպեսզի հստակեցվեն դպրոցում դասավանդվող ուսումնական ծրագրերի, չինարեն լեզվի խորացված ուսուցման և  չինական մշակույթի ներկայությանը վերաբերող հարցերը:

 

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Թիան Էրլունը կարևորել է  դպրոցի շինարարությունը որակյալ և ժամանակին ավարտելու հարցը: Նա հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում չինական դպրոցն իր դռները կբացի հայ աշակերտների առջև:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեությանը և դպրոցի շինարարությանը վերաբերող ընթացիկ հարցեր:

 

 

01.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն