Երևանում ընթանում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային գիտաժողովը

Երևանում ընթանում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային գիտաժողովը, որին երեկ ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Քարամյանը:

 

«Մենք մեր սպորտային բոլոր լավ ավանդույթները վերականգնելու խնդիր ունենք հոգեբանության բնագավառում: Սա առաջին փորձերից մեկն է, որը պրակտիկ մեծ նշանակություն ունի՝ աշխուժություն բերելու թե մենապայքարային, թե հատկապես խաղային մարզաձեւերում: Մենք շատ հաճախ տեսնում ենք, անհատ մարզիկներով համալրված թիմեր, որոնց հաջողությունները, հաղթանակները ուշանում են, ձգձգվում: Դա նաեւ մարզական հոգեբանության հետեւանք է»,- իր խոսքում նշեց Արսեն Քարամյանը: 

 

Գիտաժողովին մասնակցում են ԱՊՀ  և եվրոպական  երկրների ներկայացուցիչներ, որոնց գիտական աշխատանքները նվիրված են ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզումների, ադապտիվ և վերականգնող ֆիզիկական կուլտուրայի, առողջ կենսակերպի հոգեբանական խնդիրների լուսաբանմանը: Բացի գիտաժողովի աշխատանքներից մասնակցները, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագետների և մարզիչների համար, հանդես կգան դասախոսություններով:

 

Նշենք, որ գիտաժողովը եռօրյա է և այն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Քարամյանի նախաձեռնությամբ:

 

 

 

 

25.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն