Երևանում անցկացվել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի 24-րդ հանդիպումը

 






 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության հրավերով՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ԻԿԱՕ) Երևանում անցկացրել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի (Air Traffic Management Group East (ATMGE)) 24-րդ հանդիպումը: 

 

Հանդիպմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, ինչպես նաև՝ հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին և հյուրերին, նշել է. «ԻԿԱՕ-ն, հանդիսանալով անվտանգ թռիչքների հիմք, մշտապես համագործակցում է բոլոր գործընկերների հետ՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով»:

Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի հանդիպման հիմնական նպատակն է բարձրացնել Օդային երթևեկության կազմակերպման անվտանգության մակարդակը: 

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ոլորտի առկա խնդիրները, մշակվել են նոր մոտեցումներ և գաղափարներ, ինչպես նաև՝ աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողներն իրենց փորձը կիսել են մասնակից երկրների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների փորձագետների հետ: 

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունն ԻԿԱՕ-ի անդամ է դեռևս 1992 թվականից:

Հավելենք նաև, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիան գերազանց ցուցանիշներով անցել է կազմակերպության կողմից սահմանված թռիչքային անվտանգության վերահսկողությունը:

 

27.09.17 | քաղաքականություն | ֆուտբոլ