Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Արիվա» ընկերության գործադիր տնօրենի հետ

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից մեկի՝ «Արիվա» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: 

 

Ներկայացնելով Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումներին ուղղված քայլերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տրանսպորտի համակարգի բարեփոխումը Երևանի քաղաքապետարանի օրակարգային խնդիրներից է, որի կանոնակարգման ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր են ձեռնարկվում: 

«Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչելու համար մենք ստեղծել ենք մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև միջազգային խորհրդատու կազմակերպությանը, որը աշխատանքային խմբի հետ համագործակցության արդյունքում կձևավորի բարեփոխումների հստակ առաջարկ: Մեր նպատակն է Երևանում ներդնել հասարակական տրանսպորտի եվրոպական հաջողված փորձը՝ հաշվի առնելով մեր համաքաղաքացիների պահանջները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Արիվա» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկան առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի մոտեցումները հասարակական տրանսպորտի բարեփոխումների հարցում և ընդգծել, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է Երևանի միասնական երթուղային ցանցի ծրագրով: 

«Պարոն քաղաքապետ, մեր ընկերությունն այսօր գործունեություն է ծավալում եվրոպական 14 երկրներում: Բացի ավտոբուսների արտադրությունից, մենք մշակում ենք նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ։ Եվ այս տեսանկյունից մենք ցանկություն ենք հայտնել մեր մասնակցությունն ունենալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին: Իսկապես միասնական ցանց ու տոմսային միասնական համակարգ ունենալը պատշաճ սպասարկման ամենաառաջնային նախապայմաններից են»,- նշել է Դանիել Ադամկան: 

Մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է մասնագիտական աշխատանքային խմբի հետ մանրամասն քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչը հնարավորություն կտա նախանշել փոխգործակցության հեռանկարները:

 

05.12.17 | քաղաքականություն