Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր

 







Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) և 1 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկը դիտարկում է որպես իր լավագույն գործընկերներից մեկը և պատրաստակամ է այլ ոլորտներում ևս ընդլայնել բանկի հետ համագործակցությունը:

«Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրված Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն իր բնույթով աննախադեպ է, քանի որ առաջին անգամն է, որ Երևան համայնքը ստորագրում է ոչ սուվերեն վարկի պայմանագիր: Այսպիսով Երևանը դարձավ առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի վարկ կստանա միջազգային կազմակերպությունից: Սա, անշուշտ, Երևան համայնքի հանդեպ միջազգային կազմակերպության կողմից վստահության լավագույն ապացույցն է, և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերներին՝ նման բարձր վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Ստորագրված այս 7 մլն վարկային և 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով կհիմնանորոգվեն համայնքային մի շարք շենքեր և կառույցներ, կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև այդ շենքերի սեյսմիկ ամրացում: Կարևորելով այս ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանը ևս կմասնակցի վերանորագման ֆինանսավորման գործընթացին: Ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ներքո գործող մանկապարտեզները: Ընդհանրապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ մենք երկար տարիների գործընկերային լավ փորձ ունենք և այսօր էլ շարունակում ենք մեր համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են Երևանի մետրոպոլիտենը և կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Ի դեպ, այսօր նախատեսվում է նաև ստորագրել կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող դրամաշնորհային համաձայնագիրը», — նշել է քաղաքապետը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար, նշել է, որ Երևանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչն էլ հնարավորություն է տալիս ընդլայնելու համագոծակցության ուղղություններն ու ապահովելու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի շարունակականությունը: 

«Երևանի քաղաքապետարանի հետ նախաձեռնված բոլոր ծրագրերն ունեցել են հաջող ընթացք և, վարկը ուղիղ Երևանի քաղաքապետարանին տրամադրելով, Եվրոպական ներդրումային բանկը փաստում է, որ էներգաարդյունավետության ծրագրերի ոլորտում կարող է Հայաստանում առաջ շարժվել՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ: Մեր գործընկերների հետ փոխադարձ ջանքերի արդյունքում առաջին անգամ կարող ենք աջակցել նաև ավելի մասշտաբային ծրագրերի, ինչպիսին է, օրինակ, թափոնների կառավարման ոլորտը, ինչը կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի բնակչության կյանքի որակի բարձրացմանը: Եվրոպական ներդրումային բանկը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը և լիահույս է, որ իրականացվող ծրագրերն իրենց դրական ազդեցությունը կունենան Երևան քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա», — ընդգծել է Վազիլ Հուդակը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

01.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն