Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երկկողմ հարաբերությունների զարգացումը` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և  Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հանդիպման ընթացքում քննարկվեցին  երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:  

 




Ալի Սինդին նշեց, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:

Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն,  և առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը:  

 Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծեց, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ:  Նա նկատեց, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից: 

Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի  ներդրման և վերահսկման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ  վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին:  Ներկայացվեցին նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները: 

«Մենք  մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարևորում ենք որակի, մատչելիության և հասանելիության սկզբունքը»,-  ընդգծեց Արմեն Մուրադյանը: 

Կողմերը կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվածություն ձեռք բերելով  քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ: 

Նշենք, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության  Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են  համագործակցել  մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը: 

 

 

31.07.15 | քաղաքականություն | քաղաքականություն