Երեւանում անցկացված առաջին ամառային դպրոցական սեսիային մասնակցեցին մայրաքաղաքի դպրոցների շուրջ 50 աշակերտներ

Երեւանի շուրջ 5 դպրոցների մոտ 50 աշակերտների մասնակցությամբ հուլիսի 20-24-ը մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվեց  ամառային դպրոցական սեսիա: Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախաձեռնած դպրոցական սեսիայի ընթացքում մասնակիցները քննարկեցին քաղաքացիական ազատության, արդարադատության, ներքին գործերի, մշակույթի, կրթության և այլ թեմաների հետ կապված խնդիրներ:

 







Եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամ,մարդկային ռեսուրսների համակարգող  Եվա Կարապետյանը «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտն իրենից ներկայացնում է յուրահատուկ կրթական պլատֆորմ, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին հավաքելու և քննարկելու տարբեր գլոբալ խնդիրներ` առաջարկելով դրանց համապատասխան լուծումներ:

 

Ըստ Ե. Կարապետյանի, սեսիայի արդյունքում աչքի ընկած լավագույն 5 դպրոցական խմբերը հնարավորություն կստանան մասնակցելու հոկտեմբերին կայանալիք Դիլիջանի ակադեմիական միջազգային սեսիային: Նրա տեղեկացմամբ, այդ սեսիային այս անգամ կմասնակցեն շուրջ 120 աշակերտներ ոչ միայն Հայաստանից, այլեւ եվրոպական տարբեր երկրներից. «Դիլիջանում կայանալիք ակադեմիական միջազգային սեսիայի արդյունքում ընտրված երկու լավագույն դպրոցները հնարավորություն կստանան մասնակցելու նոյեմբերին կայանալիք Երեւանի միջազգային ֆորումին, որին մասնակցելու են  շուրջ 150 միջազգային պատվիրակներ»:

 

Ե. Կարապետյանի խոսքերով` ծրագրի նպատակն է սկսել համագործակցություն դպրոցների հետ, քանի որ ի սկզբանե Եվրոպական երիտասարդական պառլամենտում նման սեսիաներ կազմակերպվում էին 18-ից տարեկանից բարձր խմբերի համար: 

 

Մանրամասները տեսանյութում

Սեսիայի լուսանկարներն այստեղ

24.07.15 | քաղաքականություն