Երեխայի խնամքի համակարգի բարեփոխում.Բուլղարիայի փորձի ուսումնասիրում և ներդրում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը ս.թ. դեկտեմբերի 8-ին ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում երկու կողմերը կիրականացնեն 18 ամիս տևողությամբ ծրագիր՝ աջակցելով երեխայի խնամքի համակարգում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումներին:

 





Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվան և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

 

Համագործակցության նպատակներն են՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով երեխայի խնամքի բարեփոխումների ասպարեզում Բուլղարիայի փորձի ուսումնասիրումը և ծնողական խնամքից զրկված երեխաների համար ընտանեկան տիպի խնամքի ծառայության փորձարկումը:

 

Բուլղարիայի փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է այս ասպարեզում ունեցած ծանրակշիռ փորձով, հատկապես այն առումով, որ Բուլղարիայում փակվել կամ վերակազմակերպվել են երեխայի խնամքի և պաշտպանության բոլոր շուրջօրյա հաստատությունները, այդ թվում՝ հաշմանամություն ունեցող երեխաների համար նախատեսվածները:

 

Ծրագիրը կիրականացվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:

08.12.17 | քաղաքականություն