Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երբ ոչ ոքի չես սիրում, ոչ կին ունես, ոչ սիրուհի, ոչ էլ կատու

Մի ժամանակ Աստված խոսում էր մարդու հետ, պատմում էր արարչագործության պատմությունը, կիսվում բարոյականության և օրենքի մասին նկատառումներով: Կապը պարբերական էր: Այդ պարբերական հանդիպումների, զրույցների և շփումների արդյունքում մարդը ճանաչում էր Նրան, ապրում Նրա սահմանած նորմերով, Նրա կամքով երգեր էր գրում: Այս փաստերը հույս են ներշնչում, որ այսօր ևս կարելի է ճանաչել Նրան, տեսնել-հանդիպել-զրուցել:

Մի անգամ իմաստունի մոտ է գալիս մի մարդ և ասում.
— Ուսուցիչ, ես ամբողջ կյանքում որոնել եմ Աստծո մոտ տանող ճանապարհը, հրաժարվել եմ երկրային-նյութական ամեն բարիքից: Խնդրում եմ ցույց տուր Նրա մոտ տանող ճանապարհը:
— Գնա և վերադարձիր կնոջդ հետ,- ասում է ուսուցիչը:
— Կին չունեմ,- շփոթված ասում է մարդը:
— Գնա և վերադարձիր սիրուհուդ հետ,- ասում է ուսուցիչը:
— Սիրուհի նույնպես չունեմ,- ասում է մարդը:
— Ընկերոջդ հետ:
— Չունեմ:
— Երեխայիդ հետ:
— Չունեմ:
— Կատվիդ հետ:
— Չունեմ:
— Որևէ մեկի հետ, ում սիրում ես,- ասում է ուսուցիչը:
— Ուսուցիչ, ես երկրային ամեն բանից հրաժարվել եմ, լքել եմ բոլորին հանուն մեկ նպատակի՝ գտնելու Աստծո մոտ տանող ճանապարհը,- ասում է մարդը:
— Ես քեզ հենց ցույց եմ տալիս ճանապարհը, սակայն դու համառորեն չես ուզում առաջին քայլն անել: Ինչպե՞ս կարող ես հասնել Աստծուն, երբ ոչ ոքի չես սիրում, ոչ կին ունես, ոչ սիրուհի, նույնիսկ կատու չունես,- ասում է ուսուցիչը:

Մերձավորի, հասարակության, բնության և աշխարհի հետ ներդաշնակության հասնելուց հետո մարդու մոտ բնական պահանջ է առաջանում հասնել Աստծո հետ ներդաշնակության: Սա ներդաշնակության 5-րդ և վերջին քայլն է լիակատար ներդաշնակության հասնելու համար: Այդ քայլերը բնական հաջորդականություն ունեն՝ սկսվում են մերձավորի հանդեպ սիրուց և ավարտվում Երկնքի հետ ներդաշնակությամբ: Երկնքի հետ ներդաշնակության համար պետք է սիրել, հավատալ Նրան: Երգեր, հիմներ ձոնել, փառաբանել Նրան, ապրել Նրա խոսքով, օրենքով, ինչպես նաև պետք է արդար լինել, ազնիվ, ճշտախոս լինել, խոնարհ լինել, մեծահոգի ու բարի լինել, ծնողասեր, երեխաասեր, ընկերասեր, մարդասեր, բնությունասեր, աշխարհասեր լինել: Ներդաշնակության 5 աստիճաններն անցնելուց հետո մարդը կարող է բարձրանալ-հասնել լիակատար ներդաշնակության: Այդ ժամանակ մարդու առջև կբացվեն երկնքի դռները, նրա բոլոր նախաձեռնությունները կհաջողվեն, բոլոր ցանկությունները կիրականանան, նա կապրի ուրախ-զվարթ-երջանիկ ու երկար-երկար, մոտ 500 տարի:

Թաթուլ Մկրտչյան

21.11.15 | հասարակություն | մոդա