Ես գողություն չեմ արել, փող չեմ լվացել. Սամվել Բաբայանի ցուցմունքը.Aysor.am

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը իրեն առաջադրված փողերի լվացման մեղադրանքի հետ կապված տվեց ցուցմունքներ և հայտարարեց, որ իրեն մեղավոր չի համարում այդ մեղադրանքում:

 

«Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության, փող չեմ լվացել», — դատարանում հայտարարեց Բաբայանը:

 

Հիշեցնենք՝ Բաբայանին մեղադրանքն առաջադրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 2035-րդ հոդված՝ ապօրինի զենք պահելը և 190-րդ հոդված՝ «Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)»: Ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

 

Անդրադառնալով գումարին՝ նա հստակեցրեց, որ իրեն գումար պարտք են եղել՝ 35 հազար ԱՄՆ դոլարի չափով և Մոսկվայից են ուղարկել:

 

«Մի մասը դոլարով և մի մասը եվրոյով պետք ա բերեր: Ես զանգել եմ մի մարդու, խնդրել եմ, որ բերի, բայց ավտոբուսը փչացել է, չի ստացվել, ճամփուց հետ ա դառել և այլն: Դրանից հետո դիմել եմ Քոչարյան Կարենին, ասել եմ՝ կա՞ մարդ, որ կարա բերի գումարը, ճշտել ա, եկել, ասել ա՝ կա: Բերել ա հեռախոսի համար, ես էդ «սմս»-ով ուղարկել եմ Մոսկվա, իմ ընկերոջը, ասել՝ գնա, էդ գումարը վերցրու, բեր տուր ավտոբուսի վարորդին: Մարդն էդ ամեն ինչը արել ա, բերել տվել ա էդ մարդկանց: Խնդիրն էն ա, որ ես բացատրել եմ՝ տալուց ցույց տար, որ էդ գումարը այ էդ ձև կեղտոտ ա, լաքոտ ա: Մարդը բերել ա ու ստեղ ձերբակալվել ա: Էդքանը ես գիտեմ», -հայտարարեց Բաբայանը:

 

Նախկին պաշտոնյան ասաց, որ մինչ այդ «լաքա»-յով գումարներ իրեն նույնպես ուղարկել են, որն ինքը տվել է ինչ-որ անձանց, որ տանեն մաքրեն գումարի վրայից:

 

Նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հետաքրքրվեց, թե ովքեր են եղել նրանք, կտա՞ անուններ, ինչին Բաբայանը պատասխանեց, որ դատարանում նստած ամբաստնայլաներից ոչ մեկին ինքը չի ճանաչում, բացի Կարեն Քոչարյանից, որին էլ ինքը գումարը տվել է:

 

«Մի հատ 20-անոց եմ տվել «արանժըվի» գույնի: Ասել եմ՝ տար ստուգի, տես գումար ա՞, թե չէ: Տարել ա, ստուգել, եկել, ասել ա՝ գումար ա: Ասել եմ՝ մի հատ քիմիկ գտի, տես հնարավոր ա՞ մաքրել, տարել, փորձել ա, բայց լրիվ չի մաքրվել: Հետո ես տվել եմ կարմիր լաքայով փողը, տարել ա, որ մաքրի ու վերջ դրանից հետո էլ տեղյակ չեմ՝ ինչ ա կատարվում: Խնդիրը հետևյալն ա, որ ես ստեղ նստած որևիցե մեկին, Քոչարյան Կարենին չեմ դիմել, որ էդ գումարը փոխեն, փոխանակեն: «Վսեվո լիշ» ասել եմ, որ քիմիկ ճարեն, մաքրեն էդ կռասկան», — ասաց Բաբայանը:

 

Նրա խոսքով՝ փողերի լվացման գործը շոու է և ոչ մի ձև ապացուցված չէ, որ այդ գումարը լվացվել է: Բաբայանը պնդեց, որ այդ գումարն իրենն է ու իրեն փոխանցել են պարտքի դիմաց ու դրանից ինքը չի հրաժարվել. «Բանկերում պարտք ունեի 170 հազար դոլար մուծում արել եմ, չեկերը ձեզ ներկայացրել եմ, ու 190 հոդված իմ վրա դնել, ես պետք ա լինեի գողացող, փող լվացող: ես խնդրում եմ՝ ինձ մատնանշել, ցույց տալ, որ կետն եմ խախտել, ում փողն եմ լվացել»:

 

Այնուհետև դիմելով դատավորին՝ Բաբայանն ասաց. «Քո հեռախոսն էլ 3 ամիս լսեն, 100 հատ հոդված կդնեն վրեդ»:

 

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նպատակահարմար որպես պարտք ստանալ «լաքա»-ներով գումար, ինչին Բաբայանը պատասխանեց, որ ինքը պարտքերի մեջ է եղել ու երբ ստացել է ոչ կեղծ գումար, չի ենթադրել, թե կարող են նման կերպ զարգանալ իրադարձությունները:

 

Դատավորը իր հերթին հարցրեց, թե  չի՞ փորձել ճշտել՝ ինչ հանգամանքներում են այդ գումարի վրա նման «լաքա»-ներ առաջացել,  Բաբայանը պատասխանեց. 

 

«Անկեղծ՝ չէ: Ինքն ասում էր՝ էս հինգ հազարը էս ա, եթե չես ուզում, պետք ա սպասես, հետո կտամ պարտքը: Էդ տղան ինձ տալիք ա: Ես էլ ասում եմ՝ ժամանակ չկա, այ տղա, բանկերը ինձ խեղդում են»:

 

Aysor.am

30.10.17 | քաղաքականություն | մոդա