Եթե կաթողիկոսը կարդա սա, Աթեշյանից ուղղակի հրաժարական է պահանջելու

Իսկապես դժվար է հասկանալ կամ նույնիսկ պատկերացնել, թե հայ հոգևորականը, այն էլ՝ արքեպիսկոպոս, ավելին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի առաջնորդին փոխարինող անձ, ինչպե՞ս կարող էր իրեն թույլ տալ մասնավոր անձից պահանջել, որ վերջինս իրեն պատկանող, իրականում Հովհաննես Այվազովսկու վրձնած շա՜տ թանկարժեք նկարը, ավելորդ բարդություններից խուսափելու համար, իբրև նվիրատվություն հանձնի պատրիարքարանին: Պատրիարքարանի՞ն, թե իրականում իրեն՝ ես չգիտեմ, և Աստծուն ու, թերևս, միայն տվյալ հոգևորականին է հայտնի:

 

Խոսքը Կոնստանդնուպոլսի (Ստամբուլի) հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մասին է, որի անվան հետ կապված հերթական սկանդալը պայթեց վերջին օրերին՝ այն բանից հետո, երբ նրա անընդունելի գործունեության (անգործության) դեմ բազմաթիվ ու լուրջ մեղադրանքներ ներկայացնելով, բացահայտորեն ընդվզեց Կոնստանդնուպոլսի միաբանության անդամ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Իր համեստ, խաղաղ, համբերատար, խոնարհ, թերևս նաև հարմարվող բնավորությամբ հայտնի Սահակ սրբազանն այլևս չկարողացավ համբերել և հրապարակավ հրաժարական տվեց Պատրիարքարանի Հոգևոր խորհրդի (կրոնական ժողովի) նախագահի և «Հովակիմ 1461» հիմնադրամի փոխնախագահի պաշտոններից, հայտնեց նույնիսկ Ստամբուլից հեռանալու մտադրության մասին: Աթեշյանը նրան պարզապես արդեն հասցրել էր պոռթկման, ընդվզման կետին: Սակայն, բուն թեմայից չշեղվենք, մանավանդ, որ այս մասին մամուլում արդեն գրվել է, ամբողջությամբ հրապարակվել է նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի նամակը:

2014թ. նոյեմբերի 10-ին Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) «դիմում» է ստացել այն մասին, որ 2005թ. Ն. Ս. Տ. Մեսրոպ Բ. պատրիարքը (Մեսրոպ Մութաֆյանը) նույն ոճով այլ նկարի պատրաստման համար մի անծանոթ անձի հանձնել է պատրիարքարանի հավաքածոյին պատկանող, Կարօ Քիւրքմանի՝ Ստամբուլում 2004թ. հրատարակված «Օսմանյան կայսրության հայ նկարիչները» գրքի Ա. հատորի 448-րդ էջում լույս տեսած, Արամ Խաչատուրյանի կողմից 1903թ. հոկտեմբերի 20-ին նկարված եպիսկոպոսի մի յուղաներկ նկար (135X80սմ), որը նրա՝ ամենապատիվ սրբազան պատրիարքի հիվանդությունից հետո կորել է:

Իրականում եղե՞լ է նման բան, թե ոչ՝ խիստ դժվար է ասել, որովհետև Մեսրոպ Մութաֆյանը, ինչպես հայտնի է, հիվանդության պատճառով կորցրել է հիշողությունը, նույնիսկ իրեն չի ճանաչում, հետևաբար չի կարող վկայել՝ իրականում հիշյալ նպատակով տվե՞լ է որևէ մեկին այդպիսի նկար, թե ոչ, ո՞ւմ է տվել: Գուցե հենց այս հանգամանքից էլ օգտվո՞ւմ են Աթեշյանն ու նրա վկայակոչած մի քանի հոգին, որոնք նույնպես, ըստ հրապարակված տեղեկությունների, իբրև թե հայտնել են Մեսրոպ Մութաֆյանի կողմից նկարն իրենց անծանոթ ինչ-որ անձի հանձնելու մասին: Ինչո՞ւ է այս կասկածն առաջացել… Շատ պարզ պատճառով. 2005թ., երբ,  ըստ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված հիշյալ գրության, Ն. Ս. Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքը տվյալ նկարը հանձնել է «մեզի անծանոթ անձի մը» (այսինքն՝ Աթեշյանին և պատրիարքարանի որոշ աշխատակիցների), Մեսրոպ Մութաֆյանը դեռ հիվանդ և անգործունակ չի եղել, շատ լավ գիտակցել է իր գործողությունները: Հետևաբար չկա որևէ հիմք մտածելու, թե նա այդ պատճառով պատրիարքարանին պատկանող թանկարժեք նկարն ինչ-որ անձի հանձնել է հենց այնպես, առանց նրանից իրավական ուժ ունեցող ստացական ստանալու և համապատասխան գրանցամատյանում պատրիարքարանից նկարի ելքի պատշաճ ձևակերպման: Քանի որ ենթադրյալ նկարը ոչ թե պատրիարքի, այլ պատրիարքարանի սեփականությունն էր, Մեսրոպ Մութաֆյանի կողմից նկարն ինչ-որ մեկին առանց համապատասխան ստացականի և պատշաճ ձևակերպման հանձնելը կլիներ պատրիարքարանում ընդունված կարգի կոպիտ խախտում: Սակայն, ոչ ստացական կա, ոչ պատրիարքարանից նկարի ելքի փաստաթղթային ձևակերպում: Այս պարագայում որևէ մեկը, օգտվելով սրբազան հոր ներկայիս վիճակից, հիմք և իրավունք չունի՛ ենթադրելու կամ Մեսրոպ Մութաֆյանին մեղադրելու, որ նա նկարն ինչ-որ անձի տվել է պատրիարքարանում ընդունված կարգի կոպիտ խախտմամբ:

Պատրիարքարանի կնիքով հիշյալ գրությունը թե՛ վերնագրմամբ («ԱՌ ՈՐ ԱՆԿ Է»), թե՛ բովանդակությամբ բնավ էլ հանցագործության մասին հաղորդում չէ և նույնիսկ դժվար է այն դիմում համարելը, քանի որ դրանով ընդամենը տեղեկություն է հաղորդվում, ոստիկանությանը որևէ խնդիր չի առաջադրվում, նույնիսկ չի նշվում, թե «կորած» նկարն ում մոտ է, չկա որևէ անձի դեմ բողոք, պահանջ, ոստիկանությունից որևէ խնդրանք: Այդ գրությունը նույնիսկ բնօրինակ չէ, նույնիսկ ստորագրված չէ… Այո՜, Արամ Աթեշյանը բավական խելացի է գործել, եթե չասենք խորամանկորեն… Բայց, արի ու տես, որ մեր ժրաջան իրավապահներն «ԱՌ ՈՐ ԱՆԿ Է»-ի հիման վրա, անմիջապես սկսել են նյութեր նախապատրաստել՝ այն դեպքում, երբ նույնիսկ մամուլում «Հաղորդում հանցագործության մասին» վերտառության ներքո հրապարակված հաղորդումներն են համառորեն անտեսել՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտում: Բայց չէ՞ որ, ախր, Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքության անունից Արամ Աթեշյանն էր «ԱՌ ՈՐ ԱՆԿ Է»-ն ներկայացրած անձը, միամի՞տ եք՝ ի՜նչ օրենքի առջև բոլորի հավասարություն, ի՜նչ օրենքի միատեսակ կիրառություն: Մնում էր միայն Աթեշյանին պատիվ տալ ու կպնել գործի…

Ընդամենը 10 օր հետո՝ 2014թ. նոյեմբերի 20-ին, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Մինասյանը քննարկելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ից ստացված Պոլսո հայոց պատրիարքության դիմումի հիման վրա նկարի իրական սեփականատիրոջ վերաբերյալ նախապատրաստված նյութերը, գրել է «ՊԱՐԶԵՑԻ», հետո շարադրել մի 3 պարբերություն, և ապա որոշել է քրեական գործ հարուցել: Իսկ առանց նույնիսկ պարզելու, թե պատրիարքարանն ունի՞ որևէ ստացական այն անձից, որին Մեսրոպ Մութաֆյանն իբրև թե տվել է հիշյալ նկարը, պատրիարքարանից նկարի ելքի վերաբերյալ, եթե, իրոք, այդպիսի բան եղել է, պատրիարքարանում կա՞ փաստաթղթային ձևակերպում, առանց մաքսայինին հարցում կատարելու, թե նման նկար խնդրո առարկա ժամանակահատվածում (2003-2015թթ.) արտերկրից առհասարակ մտե՞լ է Հայաստան, ի՞նչ է պարզել ՀԿԳ ավագ քննիչը՝ արդարադատության մայոր Ս. Մինասյանը: 

Ըստ քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին ՀԿԳ ավագ քննիչի որոշման, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տվյալ նկարին տիրապետող անձը նույն եպիսկոպոսի դիմանկարով 135X80սմ չափերի անստորագիր յուղաներկ նկարը ներկայացնելով որպես աշխարհահռչակ հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու կողմից նկարված նկար, փորձել է 517.760.000 դրամի համարժեք 1մլն Եվրո գումարով վաճառել Պոլսո հայոց պատրիարքությանը: Ոստիկանությունում ստացված «ԱՌ ՈՐ ԱՆԿ Է»-ի հիմնական բովանդակությունը վերաշարադրելուց հետո գրելով ընդամենը վերը նշվածը, ՀԿԳ ավագ քննիչը համարելով, որ «նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության բավարար տվյալներ», որոշել է «Առանձնապես խոշոր չափի խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ» հիշյալ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն: Լավ է, որ 37 թվականը չէր, թե չէ նկարի իրական սեփականատիրոջը՝ այդ պատվարժան մարդուն, տանելու էին, կորցնեին… Եթե ասենք, որ խոսքը ըմբշամարտիկի, սպորտի վաստակավոր վարպետի և վաստակավոր մարզչի, խորհրդային տարիներին օլիմպիական չեմպիոնին համարժեք հաջողություններ արձանագրած, Հայաստանում ու Հայաստանից դուրս ճանաչված ու շատ հարգված մի մարդու մասին է, ապա իմացեք, որ չափազանց քիչ բան ենք ասել նրա վերաբերյալ:

Հակիրճ. հիշյալ քրեական գործը հարուցվել է ապօրինի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխի կանոնների կամ պահանջների խախտմամբ, առանց իրավական պահանջներին բավարարող առիթի: Մասնավորապես՝ քր. գործ հարուցելու «առիթ» է հանդիսացել Թուրքիայից, Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից ստացված հիշյալ «դիմումը»՝ «ԱՌ ՈՐ ԱՆԿ Է»-ն: Միանգամայն իրավաչափ և օրինաչափ է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 2016թ. նոյեմբերի 14-ին նկարի իրական սեփականատիրոջ ներկայացրած բողոքից, ինչպես նաև իր փաստաբանի՝ արդարադատության գեներալ-մայոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Վարդանյանի օժանդակությամբ նախաձեռնած դատական գործընթացից հետո հիշյալ քրեական գործը կարճվել է, այլ կերպ ասած, ունեցել անփառունակ վախճան:   

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ , արդարադատության փոխգնդապետ Ա. Մկրտչյանի «Քրեական գործը կարճելու մասին» 19.12.2016թ. որոշման համաձայն, նախաքննության ընթացքում Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2005թ. Ն.Ս.Տ. Մեսրոպ Բ Պատրիարքը նույն ոճով այլ նկար պատրաստելու համար Հայաստանից ժամանած  մի անծանոթ անձի հանձնել է Պատրիարքարանի հավաքածոյում գտնվող Արամ Խաչատուրյանի հեղինակած նկարը՝ պատկերված հոգևորականին առանց գլխաշորով նկարելու համար: Դրանից հետո Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ծանր հիվանդացել է, կորցրել հիշողությունը, իսկ նրանից չի հաջողվել պարզել այն անձին, ում հանձնել է նկարը: 2014թ. ամռանն իր սանիկը հայտնել է, որ Հայաստանում ինչ-որ անձինք վաճառում են հոգևորականի պատկերով նկար: Մի քանի օր անց էլեկտրոնային փոստով ստացել է վաճառվող նկարի պատկերը և տեսել, որ այն պատրիարքարանից կորած նույն նկարն է: 2014թ. ամռանը եկել է Հայաստան, հանդիպել վաճառողների հետ (իրականում երկու անձանցից մեկը եղել է թանկարժեք նկարների առուվաճառքով զբաղվող միջնորդ), նրանցից մեկը (նկարի իրական սեփականատերը) հայտնել է, որ նկարի հեղինակը Հովհաննես Այվազովսկին է, այն պատկանում է իրեն, և նկարը վաճառվում է 1մլն եվրո արժեքով: Ինքը վերջինիս հայտնել է, որ այդ նկարը պատկանում է պատրիարքարանին և առաջարկել է վերադարձնել այն: Սակայն, նկարին տիրապետող անձը պնդել է, որ դրա հեղինակը Հովհաննես Այվազովսկին է, այն պատկանում է իրեն և պատրիարքարանից անհետացած նկար չէ: Պատրիարքի փոխանորդը վերջինիս ցույց է տվել Կ. Քիւրքմանի՝ 2004թ. Ստամբուլում հրատարակված «Օսմանյան կայսրության հայ նկարիչները» գրքի Ա. հատորը, որի 448-րդ էջում տպված է պատրիարքարանից կորած նկարի լուսանկարը: 

2014թ. կրկին այցելել է Հայաստան, հանդիպել է նույն մարդկանց, կրկին նրանց առաջարկել է վերադարձնել նկարը, սակայն նրանք մերժել են, ուստի դիմել է ոստիկանություն:

Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ներկայացրել է Կ. Քիւրքմանի՝ 2004 թվականին Ստամբուլում հրատարակված «Օսմանյան կայսրության հայ նկարիչները» գրքի Ա. Հատորը, որի 448-րդ էջում առկա է նկարի իրական սեփականատիրոջ ներկայացրած նկարի պատկերով լուսանկար, սակայն լուսանկարի ներքևի ձախ անկյունում առկա է «Արամ Խաչատուրյան Համիդեան դպրոցի ուսուցիչ» գրառումը: Նշված աշխատությունում որպես նկարի հեղինակ Կ. Քիւրքմանը ներկայացրել է Արամ Խաչատուրյանին և նշել տեղեկություններ, որ նկարում պատկերված է եպիսկոպոս Սարգիս Տեր-Սարգսյանը, այն ստեղծվել է 1903 թվականի հոկտեմբերի 20-ին, ունի 135X80սմ չափսերը:

Նշենք, որ Թուրքիայում անցյալ դարի սկզբներին Արամ Խաչատուրյան անուն ազգանունով նկարիչ գուցե չի էլ եղել, լուսանկարում պատկերված յուղաներկ կտավը վերագրվել է մի անձի, որն իրականում գոյություն չի ունեցել, կամ եղել է այդպիսի նկարիչ, բայց այդ նկարը նրա նկարածը չէ: Ինքը՝ Կ. Քիւրքմանը, պատասխանելով էլեկտրոնային փոստով իրեն ուղարկված հարցմանը, հայտնել է, որ որպես նկարի հեղինակ նշել է Արամ Խաչատուրյանին՝ հիմնվելով նկարի ներքևի ձախ անկյունում առկա գրառման վրա, Արամ Խաչատուրյան նկարչի մասին որևէ տեղեկություն չունի, նրա հեղինակած որևէ այլ նկար իրեն չի հանդիպել: Նշել է նաև, որ նկարում պատկերված է եպիսկոպոս Սարգիս Տեր-Սարգսյանը, քանի որ պատմաբան  Գևորգ Բամուկճյանը հայտնել է, թե հավանական է նա է պատկերված, մի քանի այլ անձինք հայտնել են, թե, հնարավոր է, պատկերված է պատրիարք Զավեն Եղիայանը, սակայն, հնարավոր է, երկուսն էլ չլինեն: Հարց է առաջանում՝ եթե պատմաբանը նկարում պատկերված անձին «հավանական է»-ով, այսինքն՝ ենթադրաբար է ներկայացրել եպիսկոպոս Սարգիս Տեր-Սարգսյան, մի քանի այլ անձինք հայտնել են, թե, հնարավոր է, պատկերված է պատրիարք Զավեն Եղիայանը, ինքն էլ այն կարծիքին է, որ, հնարավոր է, երկուսն էլ չլինեն, ապա ինչպե՞ս է նկարում պատկերված անձին իր գրքում ներկայացրել իբրև եպիսկոպոս Սարգիս Տեր-Սարգսյան, ո՞ւր մնաց տարրական բարեխղճությունը…

Անկախ նրանից, թե գրքում հրապարակված լուսանկարում ներկայացված յուղաներկ կտավն Արամ Խաչատուրյանի՞նն է, թե իրականում մեկ այլ անձի, եթե Այվազովսկու նկարածից բացի, իրոք եղել է դրանից գրեթե չտարբերվող մեկ այլ նկար (գրքում հրատարակված լուսանկարում պատկերվածը), ապա անվիճելի է, որ վերջինիս հեղինակը նմանակել է 1867թ. Հովհաննես Այվազովսկու վրձնած նկարը, այն վերագրել իրեն և այնպես ներկայացրել, թե նկարում պատկերված է եպիսկոպոս Սարգիս Տեր-Սարգսյանը՝ այն դեպքում, երբ Օսմանյան Թուրքիայում 1903 թվականին Սարգիս Տեր-Սարգսյան անունով եպիսկոպոս ընդհանրապես գոյություն չի ունեցել, իսկ նկարում պատկերվածն էլ իրականում Այվազովսկու եղբայրն է՝ Գաբրիել Այվազովսկին: Չգիտենք՝ այս հարցերը ՀԿԳ ավագ քննիչին հետաքրքրե՞լ են, թե ոչ…

Շատ հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ. գրքում հրատարակված լուսանկարում պատկերված է հենց նկարի իրական սեփականատիրոջ մոտ եղած Այվազովսկու կտավը (ցավոք, այս հարցը, ըստ փորձաքննության եզրակացության, փորձաքննությամբ հնարավոր չի եղել պարզել՝ լուսանկարի չափսային անհամաչափության, գունային տարբերությունների և ներկայացված նկարի վերականգնված հատվածների պատճառով), միայն թե մինչ գրքում հրատարակելը, լուսանկարի վրա ավելացվել է «Արամ Խաչատուրյան Համիդեան դպրոցի ուսուցիչ» գրառումը:

Որ նկարի իրական սեփականատիրոջ մոտ եղած նկարը Այվազովսկունն է, ապացուցված է փորձաքննությամբ և ոչ միայն… Ըստ «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշման, «Նկարն ունի գեղարվեստական արժեք, այն բնօրինակ է և ունի 134,5X80,5սմ չափսերը»: Նկարը դիմանկարային ժանրի, ռեալիստական ոճի աշխատանք է: Նշված է նաև, որ «Նկարի պահպանվածության աստիճանը բավարար է»: «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն, ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ այդ նկարին տիրապետող անձը 2005թ. Պոլսո Պատրիարքարանից անհետացած Արամ Խաչատուրյանի հեղինակած նկարը ներկայացնելով որպես Հովհաննես Այվազովսկու հեղինակային նկար, փորձել է վաճառել Արամ Աթեշյանին, այլ ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված նկարը չի հանդիսանում Պոլսո Պատրիարքարանից անհետացած նկարը, այն նկարը տիրապետող անձը ձեռք է բերել 1971թ. Թեոդոսիա քաղաքից և պատկանել է նրան, որպիսի պայմաններում բացակայում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու հանցագործության դեպքը:

Կարճման որոշման հենց 1-ին կետից պարզ է դառնում, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին 2005թ. պատրիարքարանից անհետացած Արամ Խաչատուրյանի հեղինակած նկարը որպես Հովհաննես Այվազովսկու հեղինակային նկար ներկայացնելու եղանակով վաճառելու և խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու չեղած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված սույն քրեական գործի վարույթը հենց նույն կոմիտեում կարճվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Մնում է ՀՀ քննչական կոմիտեից պատասխանեն՝ այդ չեղած դեպքը քր. գործի հարուցումից առաջ իրենց ՀԿԳ ավագ քննիչ Ս. Մինասյա՞նն է հորինել, ասպարեզ բերել, թե հենց նույն Արամ Աթեշյանը…

Եվս 1-2 հարց. եթե այդ նկարը, ըստ պատրիարքարանի անունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ուղարկված հիշյալ գրության, ինչպես նաև իր (Աթեշյանի) անունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչին տրված ցուցմունքի, պատրիարքի հիվանդանալուց (2008-2009թթ.) հետո կորել է, ապա Արամ Աթեշյանն այդ արժեքավոր նկարի կորելու մասին ինչո՞ւ ավելի վաղ, մինչև 2014 թվականը, այսինքն՝ շուրջ 6 տարվա ընթացքում չի բարձրաձայնել, և եթե բարձրաձայնել է, այդ ինչպե՞ս է, որ Աթեշյանի բարձրաձայնածը չի լսել աշխատանքային ողջ օրվա ընթացքում նրանից կամ պատրիարքարանից գրեթե անբաժան պատրիարքարանի Հոգևոր խորհրդի այժմ արդեն նախկին նախագահը՝  Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Հայտնաբերելով նկարի «անհետացման» փաստը, Աթեշյանը կամ պատրիարքարանն ինչո՞ւ չեն դիմել Թուրքիայի իրավապահ և մաքսային մարմիններին՝ գոնե պարզելու համար, թե այդ նկարը Թուրքիայից դուրս եկե՞լ է, թե ոչ:

Կամ՝ եթե Մեսրոպ Բ. պատրիարքը դեռ 2005թ. իսկապես հանձնել է այդ նկարը Հայաստանից եկած իրեն ծանոթ, մյուսներին անծանոթ մարդուն՝  նկարում պատկերված հոգևորականին առանց գլխաշորով նկարելու, ըստ էության, գրեթե նմանակում կատարելու համար (թող դրա համար պահանջվեր առավելագույնը 1 տարի), 2006 թվականից հետո, երբ իրեն պետք է արդեն պարզ լիներ, որ նկարը տարած անձն այն վերադարձնելու մտադրություն չունի, մինչև իր հիվանդանալը՝ 2008-2009թթ., այսինքն՝ մոտ 3 տարվա ընթացքում, ինչո՞ւ նրանից չի պահանջել պատրիարքարանին պատկանող նկարը, այդ մասին չի հայտնել իր շրջապատի մարդկանց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նկատի ունենալով նաև, որ տվյալ անձը Ստամբուլ էր եկել Հայաստանի Հանրապետությունից: Ի վերջո, այս բազմաթիվ անպատասխան ինչու-ներն արդյոք մեզ հիմք չե՞ն տալիս եզրակացնելու, որ իբրև Արամ Խաչատուրյանի նկարած, իբր եպիսկոպոս Սարգիս Տեր-Սարգսյանին պատկերող, իբր պատրիարքարանում եղած, իբրև Մեսրոպ Մութաֆյանի կողմից ինչ-որ մեկին տրված ու կորած նկարի վերաբերյալ այս ամբողջ պատմությունն ուղղակի հորինված է:

Քրեական գործի հարուցումից ավելի քան 2 տարի հետո տվյալ գործի վարույթը կարճվել է, այդ ընթացքում իրավապահները չեն վերադարձրել նկարի իրական սեփականատիրոջից վերցրած Այվազովսկու նկարը (իսկ իշխանություններն ասում են մարդու իրավունքներ, ֆլան-ֆստան…), որը նկարի սեփականատերը կարող էր 2 տարի առաջ վաճառել, ստացված հսկայական գումարը ծախսել ըստ նպատակի կամ բանկում ավանդադնելով, տոկոսադրույքների ձևով բավական մեծ գումարներ ստանալ: Նա զրկված է եղել այդ հնարավորությունից ու բավական մեծ օգուտներ բաց թողել:

 

Արթուր Հովհաննիսյան

 

 

24.02.17 | քաղաքականություն | մոդա քաղաքականություն