Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դերասանը ծափով ու ծաղիկով արդեն կուշտ է. Վրեժ Հակոբյան (ֆոտո)

Դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանն այս տարի հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ առաջիկայում հանդիսատեսին նորովի ներկայանալու առիթներ կունենա: ,Ժողովուրդե-ը նրա հետ զրուցել է թատերական աշխարհում եւ կինոոլորտում տիրող մթնոլորտից: Վ. Հակոբյանն անդրադարձել է նաեւ արեւմտահայերենը պահպանելու խնդրին, խոսել փողի եւ փառքի հետ դերասանի հարաբերությունների մասին:

-Պարո՛ն Հակոբյան, այժմ ի՞նչ նախագծերում եք ընդգրկված, Ձեզ նոր կերպարներում կտեսնե՞նք:

-Այո՛, վերջին շրջանում նկարահանվել եմ ռեժիսոր Լեւոն Մինասյանի հայ-ֆրանսիական ,Բրավո, վիրտուոզե ֆիլմում` դիրիժոր պապիկի դերում: Ֆիլմի հիմքում դասականի եւ ռաբիսի կոնֆլիկտն է. այն պատմում է փողային նվագախմբի մասին, որն անհրաժեշտ է պահպանել ռաբիսի ,գերակայությանե պայմաններում: Մինչ այդ հասցրել եմ նկարահանվել Հրաչ Քեշիշյանի` չորս մասից բաղկացած մարտաֆիլմում, որի պրեմիերան եղավ Մոսկվայում: Ընդգրկվել եմ նաեւ Վահե Սայանի ,Բախտաբերե գեղարվեստական ֆիլմում` խաղալով դատավորի դերը:

-Դուք նկարահանվել եք մի շարք հայկական ֆիլմերում («Մորգանի խնամիներ», «Խաթաբալա», «Կարինեե», «Երկունք», «Ժայռ», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլն), շփվել եք անվանի ռեժիսորների հետ, նստել-վեր կացել Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի պես արտիստների հետ: Հիմա, աշխատելով այսօրվա մթնոլորտում, հոգու սով չե՞ք զգում:

-Ձեր նշած արտիստներից առաջ էլ կային Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետյանը, Հրաչյա Ներսիսյանը. կինոյի աշխարհը նրանց ձեռքում էր: Հետո եկավ Սոսի, Խորենի, Ֆրունզիկի սերունդը: Այս համաստեղությունները, սակայն, միանգամից գնացին, եւ նրանցից հետո եկողները չկարողացան պահպանել այդ նշաձողը: Աղավնիներ կան, որ թռչում, գնում, լավ աղավնիներին համոզում են, բերում իրենց բները. այս երեւույթը, կարծես, տեղի չի ունենում: Այդ հոգու սովը, որ ասում եք, բնական է, որ կա, բայց միեւնույն ժամանակ նկատելի է, որ այսօրվա դերասանն էլ ունի իր ասելիքը: Այսօր շատ շնորհալի երիտասարդներ ունենք, որոնք ճիշտ են զգում իրենց անելիքը:

-Պարզապես եթե նախկինում դերասանները զբաղված էին միայն թատրոնում եւ կինոյում, այսօր կան ժամանակ ու էներգիա սպառող սերիալները…

-Դրանց որակը ժամանակի ընթացքում բարձրանում է: Ուղղակի սերիալների մեջ կրկնողություն կա. բոլոր սերիալներում պետք է լինեն զենքի, հիվանդանոցի եւ գերեզմանի տեսարաններ. այս երեք օբյեկտներն են գործում: Բայց դաշտն աստիճանաբար մաքրվում է, պրոֆեսիոնալներն այլեւս չեն խաղում ոչ պրոֆեսիոնալների հետ. սա եւս նկատելի է:

-Եղել եք Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, լավ տեղյակ եք թատրոնի առջեւ ծառացած խնդիրներից: Ի՞նչ եք կարծում` ի՞նչն է պատճառը, որ այսօր թատրոններում կատարվող բեմադրությունները հազվադեպ են մեծ մասսայականություն ունենում:

-Ժողովուրդը վճարունակ չէ, երեւի չի կարողանում դիտել, օրինակ, պրեմիերաները: Մենք ունենք հաջողված դերակատարներ, ինչու ոչ` նոր սոսեր ու խորեններ են առաջ գալու, պարզապես դեպի դրամարկղ գնացող թատրոնը երբեք զարգացում չի ապրի: Այդ ընթացքում ինչ-որ կարեւոր բան կորչում է: Այսօր դերասանն այստեղից այնտեղ է թռչում, որ մի քիչ գումար հայթայթի, իսկ այս երեւույթը կվերանա, եթե նրա վարձատրությունը բարձրանա:

-Նախկինում շատ էին բեմադրվում նեկայացումներ` արեւմտահայերենով, իհարկե, այսօր էլ են նման փորձեր արվում, սակայն միեւնույն է՝ կա մտավախություն, որ արեւմտահայերենը երբեւէ կարող է մղվել երկրորդ պլան… Ինքներդ հայրենադարձ լինելով` ի՞նչ կարծիք ունեք հայերենի այս ճյուղը պահպանելու վերաբերյալ:

-Մենք երբեք չպետք է մոռանանք արեւմտահայերենը. դա քաղցր ու բեմական լեզու է` դերասանին շատ օգնող շեշտադրությամբ, ասելիքով: Արեւմտահայերենը պետք է մատուցենք որպես դելիկատես: Ժամանակին մենք արեւմտահայերենով ռադիոբեմադրություններ էինք անում, որոնք ժողովուրդը շատ էր սիրում: Օրինակ՝ խաղում էինք Օտյանի ,Միջնորդ տեր պապաե-ն, որը զուգադիպում էր ,Արարատ-73ե-ի խաղերի հետ. հանդիսատեսը չէր կողմնորոշվում` ֆուտբոլն ընտրի, թե մեր ներկայացումը…

-Եվ վերջում` ի՞նչ եք կարծում` ի՞նչ ,հարաբերություններիե մեջ պետք է լինի դերասանը փողի եւ փառքի հետ:

-Ես երբեք ոչ մի հարուստ դերասան չեմ տեսել. տեսել եմ ապահովված արտիստ: Փողի հանդեպ մոլուցքն այնպիսի հիվանդություն է, որ երբեք չպետք է մտնի դերասանի հոգու մեջ: Դերասանը ծափով ու ծաղիկով արդեն կուշտ է… Իսկ փառքը գալիս է նրա վաստակի, կատարած աշատանքի հետ. փառքի համար չեն պայքարում: Բոլոր դերասանները չեն, որ պետք է կոչումներ ստանան, հասնեն փառքի… Կա հրաշալի դերասան, որ էպիզոդներում է խաղում, դրա համար ասում են` փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ…

Աննա Բաբաջանյան

15.11.15 | ժողովածու | աստղերը