Դեռ կա ժամանակ, և հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ. Քաղաքագետ

Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

 

Արդեն հրապարակվել են նախընտրական համամասնական ցուցակները: Ի՞նչ ցուցակների հետ գործ ունենք՝ ապագաղափարակա՞ն: Ի՞նչ պատկեր ունենք այս փուլում:

 

Ոչ միայն ցուցակները, այլև ընդհանրապես այս ընտրություններն ապագաղափարական են։ Եվ դա պատահական չէ։ Այսօր ինչպես ՀՀԿ, այնպես էլ ընտրություններին մասնակցող կուսակցությունների մեծ մասի գաղափարախոսության կամ առաջարկվող քաղաքականության մասին շատ դժվար է հստակ բան ասել։ Եվ սա մեզանում առկա քաղաքական համակարգի արդյունք է։ Այս համակարգում քաղաքական ուժերի մրցակցությունը խիստ սահմանափակ է։ Եթե մրցակցություն կա էլ, ապա այն սահմանափակվում է իշխող վերնախավի տարբեր հատվածներով, որոնց միջև էլ մրցակցությունը հիմնականում վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի ոլորտում է։

 

Բացի այդ, կա նաև ընդդիմադիր քվեն, բայց այս դեպքում էլ կարևորը ոչ այնքան կոնկրետ գաղափարներն են, այլ առկա իշխանությանը լուրջ մրցակից դառնալու հնարավորությունը։ Այսինքն՝ ընդդիմադիր ընտրողների մեծ մասը պատրաստ են քվեարկել այն ընդդիմադիր ուժին, որն ունի իշխանությանը հեռացնելու իրական հնարավորություն։ Նրանց համար այնքան էլ էական չէ, թե այդ ուժի գաղափարախոսությունն ասենք սոցիալ-դեմոկրատական է, ազատական թե պահպանողական, էականն այն է, որ այդ ուժը կարողանա հեռացնել առկա իշխանությանը։

 

Կարծիք կա, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակի օդիոզներն ավելի քաղաքական են, քան համամասնական ցուցակի թեկնածուները: Համամի՞տ եք: Եվ ինչո՞ւ ՀՀԿ-ն չազատվեց շատերի բնորոշմամբ օդիոզներից:

 

ՀՀԿ թեկնածուները բաժանվում են երեք խմբի։ Մի խումբն այն մարդիկ են, որոնք ձայներ են բերում ՀՀԿ-ին, այսինքն՝ այն մարդիկ, որոնք այսպես ասած շրջապատ ունեն, և այդ շրջապատն իրենց ձայներ է բերում, և այդ ձայները գնում են ՀՀԿ-ին։ Դա բիզնեսմեններն են, հիմնարկների տնօրեններն են, տեղական հեղինակությունները և այլն։ Նրանցից ոմանք հենց այն մարդիկ են, որոնց անվանում եք օդիոզ։ Բայց խնդիրն այն է, որ այն մարդը, ում Հայաստանի մաշտաբով համարում են օդիոզ, իր թաղում, գյուղում, հիմնարկում շատ էլ մեծ հարգանք և պատիվ է վայելում։ Հետևաբար նրանից հրաժարվել չի կարելի։ Եվ կան մարդիկ, ովքեր ձայներ չեն բերում, քանի որ չունեն ազդեցություն և հեղինակություն։ Նրանց արժեքը ՀՀԿ ղեկավարության համար հենց այդ է` նրանք առանց ՀՀԿ զրո են, և կարելի է հանգիստ լինել, որ նրանք երբևէ ղեկավարությանը դեմ չեն գնա։ 

 

Կա նաև թեկնածուների երրորդ կատեգորիան` մարդիկ, որոնք կիրթ են, մասնագիտական ունակություններ ունեն, և նրանց ընդգրկում են այդ ցուցակում, որովհետև ի վերջո երկրի կառավարման համար պետք են որոշակի քանակությամբ իրապես աշխատող և բանիմաց մարդիկ։ Ենթադրում եմ, որ ղեկավարությունն այդ տիպի մարդկանց կասկածանքով է վերաբերվում և այնքան էլ նրանց չի վստահում, բայց ստիպված է նրանց ընդգրկել, քանի որ առանց նրանց համակարգը չի աշխատի։ Այս երեք խմբերից է կազմվում ՀՀԿ ցուցակը, իսկ թե կոնկրետ ով որտեղ է հայտնվում, սա արդեն ՀՀԿ ներքին խոհանոցն է։

 

Արդեն հռչակվել են կուսակցությունների կարգախոսները, որքանո՞վ են դրանք համարժեք այսօրվա պահանջներին, որքանո՞վ են, ըստ Ձեզ, հետաքրքրում հանրությանն առհասարակ:

 

Հարցին պատասխանելու փոխարեն, պատմեմ մի հին սովետական անեկդոտ։ Ինչ-որ մեկը մարդկանց թռուցիկներ է բաժանում, պետանվտանգության աշխատողները նրան բռնում են և տեսնում են, որ թռուցիկների փոխարեն դատարկ թղթեր է բաժանում։ Հարցնում են՝ ինչո՞ւ ես դատարկ թղթեր բաժանում։ Պատասխանում է՝ էլ ինչի համար ինչ-որ բան գրեմ վրան, բոլորը ամեն ինչ շատ լավ գիտեն։ Հիմա էլ մոտավորապես նույնպիսի իրավիճակ է մեզ մոտ։ Բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ով ով է, և կարծում եմ այս կամ այն կարգախոսը դժվար թե ազդի ընտրողների մեծ մասի որոշման վրա։

 

Նշվում է՝ հիմա ոչ թե իշխանության դեմ, այլ միմյանց դեմ են պայքարում ընդդիմադիրները: Ընդդիմադիր դաշտի խաղացողներն, ըստ Ձեզ, ինչո՞ւ չկարողացան միավորվել, մի բևեռ ստեղծել, որն իսկապես մրցունակ կլիներ։ Ի՞նչն էր խանգարողը:

 

Եթե մի քիչ պարզեցված ձևով ասենք, ընտրողները Հայաստանում բաժանվում են մոտավորապես երեք խմբի։ Դրանցից մեկը մարդիկ են, որոնք միշտ քվեարկում են իշխող քաղաքական ուժին, մյուսը՝ մարդիկ, որոնք միշտ քվեարկում են ընդդիմությանը, կամ էլ ընդհանրապես չեն քվեարկում։ Ամենահետաքրքիրը երրորդ խումբն է։ Այդ խմբի մեջ մտնում են մարդիկ, որոնք պատրաստ են քվեարկել որևէ ուժի, եթե հավատան, որ այդ ուժը կարող է դրական փոփոխություններ բերել, բայց եթե նման ուժ չեն տեսնում, պատրաստ են քվեարկել գործող իշխանությանը, սովորաբար ընտրակաշառքի կամ մեկ այլ «լավության» դիմաց։ Կարծում եմ՝ պայքարը հենց այս երրորդ խմբի համար է ընթանալու։ Այնպես որ, ես չէի ասի, որ մրցակցությունը միայն ընդդմադիր դաշտում է։ Իրականում, քաղաքական վերնախավից պոկված քաղաքական ուժերը կարող են նաև այս երրորդ խմբից բավական մեծ քանակով ձայներ ստանալ։ Իհարկե, դա կախված է նրանից, թե ինչպես կընթանա քարոզարշավը և որքանով իշխանությանը կհաջողվի իր գծած սցենարն իրականացնել։

 

Արդյոք այս ամենը Հայաստանում իշխանության փոփոխության կհանգեցնի, թե ոչ:

 

Իշխանության փոփոխություն վաղ թե ուշ լինելու է։ Խնդիրն այն է՝ արդյոք այն տեղի կունենա ընտրությունների միջոցով, և արդյոք դա տեղի կունենա այս տարի։ Եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, կարծում եմ, դա հնարավոր կլիներ բացառել։ Բայց դեռ կա որոշակի ժամանակ, և հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ։  Այնպես որ, եկեք սպասենք և կտեսնենք։

 

23.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն