Դավիթ Լոքյան.

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի  ունեցավ Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Հանձնաժողովը համանախագահում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը: 

 






Եգիպտական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել  ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ներկայացուցիչները,  ներդրումների և ազատ գոտիների գլխավոր տեսչության, առևտրի եւ արդյունաբերության,  մշակույթի, առողջապահության,  արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ: Հայկական պատվիրակության կազմում են 8 գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում էին երկու երկրների դեսպանները:

ՀՀ ՏԿԶ նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը  ողջունելով նախարար Նասրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, ասել է, որ բավականին արդյունավետ աշխատանք են իրականացրել հանձնաժողովի անդամները: << Այսօր արդեն  կարող ենք ամփոփել և մեր երկու երկրների համագործակցության համար գծենք այն ճանապարհային քարտեզը,որով առաջիկա տարիների ընթացքում փոխադարձաբար առաջ կշարժվենք: Բոլորիս հայտնի է, որ մեր վերջին միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել 2005  թ-ին  և այդ պատճառով մեր հարաբերություններում տնտեսական և  քաղաքական տեսանկյունից  մեծ դադար է արձանագրվել և դա առաջին հերթին աշխարհաքաղաքական իրավիճակով է պայմանավորված: Այսօր երկու երկրները պատրաստակամութուն են հայտնել վերսկսել միջկառավարման հանձնաժողովի նիստերը և գտնել համագործակցության ճանապարհները: Վերջին 12 տարվա ընթացքում երկու երկրների միջև  ապրանքաշրջանառության մակարդակը  բավականին կրճատվել է, չի եղել  հիմնական համագործակցության բազան և կոորդինացումը: Եվ այս միջկառավարական հանձնաժողովի նիստը  պետք է լինի այն հիմնական հարթակը, որով մենք պետք է առաջ  շարժվենք: Կան շատ ոլորտներ, որոնք փոխադարձաբար շահավետ են երկու երկրների համար, դա զբոսաշրջությունն է,  փոխադարձ ներդրումներով արտադրությունների հիմնումը, տնտեսական համագործակցությունը, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները: Շատ կարևոր է Եգիպտոս-Հայաստան համագործակցությունում առանձնացնել Եգիպտոս-Հայաստան ապակենտրոնացված համագործակցությունը  մեր մարզերի և Եգիպտոսի համապատասխան նահանգների միջև, որը հնարավորություն կտա ավելի կոնկրետ, տեղայնացված համագործակցության հասնել: Ներուժը հսկայական է, հնարավորությունները շատ մեծ են>>,-ասել է նախարար Լոքյանը: Նա ընդգծել է, որ Եգիպտոսն ունի  աշխարհի համար մի շատ կարևոր տնտեսական հարթակ՝ Սուեզի ազատ տնտեսական գոտին, որը ոչ միայն արտադրության, առևտրի, այլ մի շարք ուղղություններով աշխատող գոտիներից մեկն է: <<Նախարար Նասրից ստացել ենք առաջարկություններ, որպեսզի մեր գործարարներին տրամադրենք հնարավորություն այս ուղղությամբ աշխատելու, քանի որ մեծագույն շուկաներ դուրս գալու լավագույ ն օղակներից մեկն  է>>,-ասել է Դ. Լոքյանը: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Սահար Նասրի և ՀՀ Նախագահի, վարչապետի, գործարարների հետ հանդիպումները  նոր խթան են դառնալու գործընթացն  ակտիվացնելու համար: 

 

Նախարար Սահար Նասրը իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարար Լոքյանին համագործակցության և աջակցության համար, ասել, որ ուրախ է եղբայրական Հայաստանում գտնվելու և  միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: << Այստեղ  մենք  զգացինք մեզ ինչպես մեր երկրում: Մենք ունենք հայկական համայնք և դրանից օգտվելով պիտի զարգացնենք մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում` կրթական, մշակութային, տնտեսական և այլն: Մենք ձգտում ենք ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և  քննարկումների արդյունքում ունեցել ենք դրական արդյունքներ, շեշտում ենք, որ մեր երկու երկրներում ներդրումների և առևտրատնտեսական հարաբերություններ զարգացումը  ուշադրության կենտրոնում է: Շատ կարևոր է, որ համաձայնությունները չմնան թղթի վրա : Մենք պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, ժամանակացույց   և լուրջ կերպով հետևենք արդյունքներին:  Մեծ նշանակություն ունի նստաշրջանի գումարումը հատկապես այս ժամանակաշրջանում,  երբ երկու երկրներում էլ տեղի են ունենում տնտեսական բարեփոխումների մեծ  ծրագրեր>>,-ասել է նախարար Սահար Նասրը:  

 

Նիստի ավարտին նախարարներ Դավիթ Լոքյանը և Սահար Նասրը ստորագրել են 

հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրությունը: Նիստի շրջանակներում  ՀՀ կառավարության անդամները եգիպտական կողմի հետ ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության վերբերյալ   փաստաթղթեր: 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության և ներդրումների նախարարության միջև ներդրումների ոլորտում համագործակցության» մասին փոխըմբռնման հուշագիր 

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Եգիպտոսի երիտասարդության նախարարության միջև:

 

ՀՀ Ազգային Գրադարանի և Ալեքսանդրիայի գրադարանի միջև փոխըմբռնման հուշագիր

 

ՀՀ և ԵԱՀ մշակույթի նախարարությունների միջև համագործակցության մասին գործնական ծրագիր

 

Երևանի պետական համալսարանի և Կահիրեի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության համաձայնագիր

 

 ՀՀ Ազգային արխիվի  և ԵԱՀ ազգային գրադարանի և արխիվի միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր 

 

 

Հիշեցնենք, որ 1996 թ-ից գործել է Հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովը, որը ունեցել է 4 նիստ։ Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից հետո անցել է 12 տարի։ Վերջինը՝ 2005թ-ին,  տեղի է ունեցել  Կահիրեում։  Հերթական 5-րդ նիստը պետք է կայանար դեռևս 2011 թվականին՝ Երևանում,  սակայն հայտնի իրադարձությունների պատճառով այն հետաձգվել է եգիպտական կողմի խնդրանքով։ 

 

 

Հասարակայնության հետ կապերի բաժին

29.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն