Դավիթ Լոքյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին: 

Ողջունելով հյուրին` նախարար  Լոքյանն ասել է, որ Human Rights Watch-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է և կազմակերպության կողմից բարձրացված  հարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են:  Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ բնակչության առավել խոցելի խավերին հայտնաբերելու և հասցեականությունը մեծացնելուն ուղղված քայլերը: Մեր  հիմնական խնդիրը համայնքներում հետևյալն է. ունենալ այնպիսի գործառույթներ, այնպիսի թիմեր, որոնք կարողանան արդյունավետ աշխատել երեխաների հետ և նրանց պահել համայնքում: Այս հարցում կարող են շատ արդյունավետ աշխատել սոցիալական աշխատողը և մենք այդ նպատակով նախատեսում ենք 5000 և ավելի  բնակիչ ունեցող  համայնքներում առաջին փուլի համար ունենալ նման հաստիքներ:  Նա պետք է լինի այն առաջին օղակը համայնքում, որը հայտնաբերելու և լուծումներ է տալու մեծահասակների,  հաշմանդամների, երեխաների խնդիրներին՝ դրանք  մշտապես ուշադրության կենտրոնում  պահելով: Իսկ այդ հարցերով զբաղվող  մարմինը գործի վարման նյութերը ստանալու է սոցիալական համայնքային ծառայողից, ինչը ավելի հասցեական և ճշգրիտ է դարձնում  այն մարդկանց խմբերին, որոնք առաջնահերթ աջակցության կարիք ունեն: 

 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր ոլորտային նախարարությունների հետ համատեղ  ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող  հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ, որով էլ ներառական կրթության ներդրման համար  շատ խոչընդոտներ կվերացվեն: 

Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Դավիթ Լոքյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում ընտանիքահեն խնամքի խթանմանը, խնամքի հաստատություններում երեխաների թվի կրճատմանը՝ հարգելով վերջիններիս իրավունքները և ներառական կրթության խթանմանը՝ հատուկ դպրոցների փոխարեն։ Նա կարևորել է մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, հետաքրքրվել, թե քանի սոցաշխատող կա այսօր: Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ 34 սոցաշխատող արդեն կան և առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է  բոլոր 52 խոշորացված համայնքներում  և մեծ քաղաքներում ունենալ  մոտավորապես 100 աշխատող:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր, իսկ  ավարտին Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ  բաց են է Human Rights Watch-ի հետ համագործակցության համար, ասել, որ կազմակերպությանը հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն կարող են  նախարարության պատասխանատուներից ստանալ:   

 

 

06.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն