Դավիթ Լոքյանը ներկա է գտնվել Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) անդամների ընդհանուր ժողովին, որի նպատակն էր ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել Միության ձեռքբերումները և 2016-2020թթ․ ռազմավարությունը։ Բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար   Դավիթ Լոքյանը, ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը, ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչը, ով ընթերցեց Կոնգրեսի Տարածաշրջանների պալատի նախագահ Գուն Մարիտ Հելգեսենի ուղերձը: 

 







Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Դավիթ Լոքյանը նախ շնորհավորել է Միության նախագահին և անդամներին` կազմակերպության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի համայնքների միության դերը ՀՀ ՏԻ համակարգի զարգացման և մեր երկրում տեղական ժողովրդավարության սկզբունքների խթանման մեջ: Դավիթ Լոքյանի խոսքով, շահագրգիռ կողմերի հետ համագործակցաբար՝ Միությունը կարողացել է իր ներդրումն ունենալ տեղական ժողովրդավարության զարգացման ու տեղական ինքնակառավարման ամրապնդման գործում: 

«Ձեզ արդեն հայտնի է, թե ինչ քաղաքականություն ենք մենք որդեգրել կառավարությունում: Մենք այսուհետ համայնքին սուբվենցիա, օժանդակություն և այլ միջոցներ ենք տրամադրելու, ելնելով տվյալ համայնքի նախաձեռնողականությունից: Եթե համայնքը չունի նախաձեռնություն, չունի տեսլական, չի ուզում քաղաքացիներին ծառայություններ մատուցել, բնականաբար, մենք էլ ֆինանսավորում չենք ապահովի: Մենք սկսել ենք այդ պրոցեսը,  ունենք միջոցներ, որոնք ուղղելու ենք այն համայնքներ, որոնք նախաձեռնող են»,- դիմելով համայնքապետերին ընդգծել է նախարար Լոքյանը: Նախարարի խոսքով, Հայաստանի համայնքների միությունը, լինելով բազմանդամ կազմակերպություն, կարող է լավ հարթակ ծառայել համայնքների  կողմից ինքնակամ լուծումներ պահանջող խնդիրների քննարկման համար:  

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել §Հայաստանի համայնքների միության¦ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութան կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ավանդական մրցանակաբաշխության արարողությունը։ Ամենամյա այս միջոցառման նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունն ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է։

Մրցանակների են արժանացել` Լոռու մարզի Տաշիր համայնքը «Լավագույն քաղաքային համայնք 2016» անվանակարգում, Արագածոտնի մարզի Օշական գյուղական համայնքը «Լավագույն գյուղական համայնք 2016» անվանակարգում, Կոտայքի մարզի Բյուրեղավան Գեղարքունիքի մարզի Գավառ և Լոռու մարզի Ախթալա  համայնքները  «Մաքուր համայնք 2016» անվանակարգում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Արարատի մարզի Արարատ համայնքները «Լավագույն կանաչապատ համայնք 2016» անվանակարգում, Սյունիքի մարզի Կապան համայնքը «Մշակութային լավագույն քաղաքային համայնք 2016»  և Արմավիրի մարզի Փարաքար  համայնքը «Մշակութային լավագույն գյուղական համայնք 2016» անվանակարգերում:

 

 

 

 

 

 

 

24.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն